Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են․ ԿԲ նախագահ |armtimes.com|
17:49 - 15 դեկտեմբերի, 2020

Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են․ ԿԲ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են, որ ձեւավորվել է տնտեսվարողների շրջանում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա ընդգծեց՝ տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան, եւ դրամի փոխարժեքի տատանումները պայմանավորված չեն տնտեսության մեջ կատարվող գործընթացներով:

«Որեւէ արտառոց բան չի դիտարկվում տնտեսության իրական հատվածում՝ ներկրում, արտահանում, միջազգային ուղղակի ներդրումներ եւ տրանսֆերտներ: Արտահանումը, իհարկե, այս տարի նվազել է, սակայն ներմուծման ծավալներն էլ ավելի են նվազել։ Երբ այն համադրում ենք տրանսֆերտների հետ, որոնց ծավալն անցյալ տարվա համեմատ չի նվազել, ապա լուրջ խնդիրներ չենք տեսնում: Այս առումով դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված որեւէ խնդիր չենք տեսնում»,- նշեց ԿԲ նախագահը։  

Իրավիճակը կայունացել է նաեւ միջազգային ֆինանսական շուկաներում Հայաստանի ռիսկի հավելավճարի տեսանկյունից. «Եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա այն կրկին նվազել է: Չի վերադարձել նախապատերազմական շրջանի մակարդակին, բայց բավականին նվազել է: Սրա մասին դատում ենք միջազգային գործընկերների արձագանքներից»։  

Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումը պայմանավորված չէ տնտեսության իրական հոսքերով եւ միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարով:

Սրանք դրական երեւույթներ են եւ պիտի որեւէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան դրամի փոխարժեքի վրա։  

Գալստյանի կարծիքով՝ փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագայի հեռանկարների վերաբերյալ ձեւավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ եւ ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները. «Այսինքն՝ այստեղ մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում՝ հօգուտ արտարժույթի, որի արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ, բնականաբար, արտարժույթի գինը տարել է վերեւ»։

ԿԲ նախագահը նաեւ հայտնեց, որ դրամային դեպոզիտների խզման արդյունքում ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը շուրջ 5-7 մլրդ դրամի վնաս են կրել չստացված տոկոսի մասով. «Այդ 5-7 մլրդ դրամի չստացված շահույթը կարող էր տնային տնտեսությունների համար հավելյալ եկամտի աղբյուր ստեղծել: Կարծում եմ՝ շատ ցավալի է, որ չի ստեղծվել»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել