azatutyun.am։ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը «Բրեքզիթ»-ի նոր առաջարկներ է ներկայացնում՝ հաղթահարելու համար ստեղծված փակուղային իրավիճակը:
Երեք տարի է անցել, ինչ բրիտանացիները հանրաքվեով որոշեցին դուրս գալ Եվրամիությունից: Բրյուսելի հետ վարած բանակցություններով նախատեսված էր, որ դա պետք է իրագործվեր անցած մարտի վերջին, բայց ժամկետը հետաձգվել է մինչև աշուն, քանի որ Բրիտանիայի խորհրդարանը չի հաստատել Թերեզա Մեյի ներկայացրած պլանը:
Մեյը չնայած երեկ ասել է, թե նշանակալից նոր փոփոխություններ է առաջարկում, օրենսդիրների մի մասն արդեն հայտնել է, որ չեն պատրաստվում կողմ քվեարկել:
Ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինն ասել է, թե չեն պաշտպանի Մեյի նոր առաջարկները: «Մենք չենք կարող աջակցել, քանի որ այնտեղ հիմնականում վերաձևակերպված են նախկինում արդեն քննարկված դրույթները:
Որևէ արմատական փոփոխություն չկա հավասար շուկաների, մաքսային միության, իրավունքների պաշտպանության, մասնավորապես սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,- ասել է ընդդիմության առաջնորդը:
Նոր առաջարկների փաթեթը նախատեսվում է խորհրդարանում քվեարկության դնել գալիք ամսին:
comment.count (0)