Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության 14 երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ այցելել են Լոռու մարզ։
Այս մասին նշված է Վանաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ։
«Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։ Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել»,- նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներում», - նշված է գրառման մեջ։
Լոռու մարզ կատարած այցի վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ նշելով․ «Այսօր ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ միասին ուղևորվում ենք Լոռու մարզ։ Տրանսպորտ, տեղական զարգացում, աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին»։
comment.count (0)