Հայաստանում կբացվի էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում հայտնի «IEEE» ինստիտուտի մասնաճյուղը
06:24 - 10 հոկտեմբերի, 2019

Հայաստանում կբացվի էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում հայտնի «IEEE» ինստիտուտի մասնաճյուղը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրայի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել է էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։

Երվանդ Զորյանը նշել է, որ որպես պրոֆեսիոնալ կազմակերպություն` «IEEE»-ն առաջինն է էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի բնագավառում և մինչ այժմ միջազգային այդ մեծ կազմակերպության ներկայացուցիչ Հայաստանում չի եղել։ Համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրան։ Նա նշել է, որ «IEEE»-ն ունի ավելի քան 405 հազար անդամ աշխարհի տարբեր երկրներում։

Բաղկացած է 39 միություններից, որոնցից ամենախոշորը համակարգչային միությունն է՝ 245 մասնաճյուղերով և 13 հազար անդամներով։ «IEEE»-ն ամենահեղինակավոր կազմակերպությունն է աշխարհում էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների և գիտական սեմինարների կազմակերպման, գիտության զարգացման տեսանկյունից։ 400 հազարից ավելի անդամները հիմնականում գիտահետազոտողներ, գիտնականներ ու ինժեներներ են։ Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Երվանդ Զորյանին Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործունեության և ներդրած ջանքերի համար։

Կարևորելով «IEEE Computer society» մասնաճյուղի բացումը Հայաստանում` նախարարը նշել է, որ սա մեծագույն իրադարձություն է մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար։ Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև դեկտեմբերին տեղի ունենալիք բարձր տեխնոլոգիական ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության մասին։ Նա նշել է, որ այս տարի նախատեսվում է մրցանակը հանձնել միջազգային հարթակում, և այն այսուհետ կլինի համատեղ՝ ՀՀ կառավարության և «IEEE»-ի կողմից։ Սա նշանակում է, որ հայկական մրցանակը դառնում է ՀՀ վարչապետի կողմից տրվող բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային մրցանակ։

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ նպատակ կա հաջորդ տարի մրցանակի հանձնման արարողությունը տեղափոխել Սիլիկոնյան հովիտ, ինչը հնարավորություն կտա մեծ ընկերությունների ղեկավարներին, տեղի հայերին, բարձր տեխնոլոգիական համայնքին հավաքելու հայկական օրակարգի շուրջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել