RElection [#7] Համայնքի բնակիչները կարող էին ոչ թե հանրագիր ներկայացնել, այլ նախաձեռնել տեղական հանրաքվե․ Արտյոմ Մեսրոպյան
16:00 - 24 սեպտեմբերի, 2019

RElection [#7] Համայնքի բնակիչները կարող էին ոչ թե հանրագիր ներկայացնել, այլ նախաձեռնել տեղական հանրաքվե․ Արտյոմ Մեսրոպյան

Ընտրական իրավունքի թեմայով RElection հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել ենք «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի իրավաբան, փորձագետ Արտյոմ Մեսրոպյանի հետ՝ տեղական հանրաքվեների թեմայի շուրջ։

-Ինչու՞ է անհրաժեշտ զարգացնել տեղական հանրաքվեների ինստիտուտը Հայաստանում, ո՞րն է դրա նպատակը, այն ի՞նչ է տալիս համայնքի բնակիչներին։

-Տեղական հանրաքվեի ինստիտուտը, առհասարակ հանրաքվեի ինստիտուտը հանդիսանում է ժողովրդաիշխանության իրականացման ձևերից մեկը։Այսինքն՝ ընտրությունների ու հանրաքվեների միջոցով է ժողովուրդը անմիջականորեն կարողանում մասնակցել իշխանության ձևավորմանը։ Երկրում ընդհանուր կառավարման իրականացման հիմնական ձևերից մեկն է հանրաքվեն։ Տեղական հանրաքվեի ինստիտուտը կարևորվում է նրանով, որ համայնքի բնակիչները հնարավորություն են ունենում անմիջականորեն մասնակցելու համայնքային նշանակության հարցերի լուծմանը և իրենց քվեարկության միջոցով որոշելու, թե այս կամ այն հարցը ինչ լուծում պետք է ստանա։ Տեղական հանրաքվեի ինստիտուտը Հայաստանում այնքան էլ տարածում չունի, մինչդեռ կան երկրներ, որտեղ այս ինստիտուտն իսկապես գործում է, և շատ լավ արդյունքներ են գրանցվում։ Օրինակ, Շվեյցարիայում է լավ զարգացած տեղական հանրաքվեի ինստիտուտը, տարվա կտրվածքով հնարավոր է նույն համայնքում 10-15 տեղական հանրաքվեներ նախաձեռնվեն ու իրականացվեն։

Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորումներին, նշեմ, որ ունենք «Տեղական հանրաքվեի մասին» օրենք, որն ընդունվել է 2018 թվականին, նոր օրենքի ընդունումը պայմանավորված է եղել սահմանադրական բարեփոխումներով, որտեղ և՛ «Հանրաքվեի մասին» օրենքով, և՛ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով կարգավորված է, թե ինչ ձևով պետք է նախաձեռնվի, իրականացվի հանրաքվեն, ինչ հարցեր կարող են դրվել հանրաքվեի, ինչպես է իրականացվում ստորագրությունների հավաքագրումը, կազմակերպչական աշխատանքները և ինչպես են ամփոփվում հանրաքվեի արդյունքները։

Օրինակ, կան որոշ հարցեր, որոնք օրենքով սահմանափակված են և չեն կարող դրվել տեղական հանրաքվեի։ Դրանք մարդու և քաղաքացու իրավուքներին, ազատություններին, պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահամանափակմանը վերաբերող հարցերն են, պետության կողմից ՏԻՄ-երին պատվիրակած լիազորություններին վերաբերող, համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորմանը, համայնքային բյուջեի ընդունման կամ բյուջեում փոփոխություններ կատարելու, համայնքի սեփականության օտարման վերաբերյալ հարցերը, նաև բնակչության պաշտպանությանը, առողջությանն ու անվտանգությանը, տեղական հարկերին, տուրքերին վերաբերող հարցերը և այն հարցերը, որոնք արդեն դրվել են տեղական հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում։ 

Հայաստանում տեղական հանրաքվեի անցկացման դեպք ունեցել ենք 2015 թվականին, երբ կառավարությունը նախաձեռնեց համայնքների խոշորացման գործընթացը, իսկ նախորդ Սահմանադրությամբ ամրագրված էր, որ համայնքների խոշորացման ժամանակ տեղական հանրաքվեի միջոցով պետք է հասկանային տվյալ համայնքների բնակիչների կարծիքը։ Եվ երբ տեղի ունեցավ խոշորացման առաջին փուլը, ընդգրկված էին Թումանյան, Դիլիջան և Տաթև համայնքները, այդ ժամանակ՝ 2015 թվականի մայիսին տեղի ունեցավ այդ համայնքների փնջերում ընդգրկված բնակավայրերում տեղի ունեցավ տեղական հանրաքվե, և բնակչությունը հիմնականում դրական արտահայտվեց խոշորացմանը։ Այնուհետև սահմանադրական բարեփոխումներից հետո խոշորացման ժամանակ համայնքի բնակիչների կարծիքը վեր հանելու միջոց հանդիսացող տեղական հանրաքվեն հանվեց։ Եվ հիմա գործող կարգավորումներով համայնքների խոշորացման կամ միավորման ժամանակ հանրաքվեի իրականացումը պարտադիր պայման չէ։ Կարելի է ասել՝ այս նորմը հետընթաց էր։ Սահմանադրությամբ կա մեխանիզմ, որ Ազգային ժողովը նախքան վարչատարածքային բարեփոխումների մասին այդ օրենքը պետք է լսի համայնքի բնակիչների կարծիքը, սակայն դա հայեցողական է։ 

-Նշեցիք, որ Հայաստանում տեղական հանրաքվեների անցկացման մեծ փորձ չունենք։ Ո՞րն է հիմնական պատճառը, որ մեզ մոտ տեղական հանրաքվեի ինստիտուտը ռեալ չի գործում։ Արդյոք խոչընդոտներն օրենսդրակա՞ն են, թե՞ օրենքի՝ պրակտիկայում կիրառմանն են վերաբերում։

-Տեղական ինքնակառավարման համակարգը ՀՀ-ում ներդրվել է 1996 թվականից, եթե վերցնենք այս ընթացքում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների ներգրավվածության ընդհանուր պատկերը, այն գոհացուցիչ չէ, նույնիսկ շատ վատ կարող ենք որակել։ Պատճառները շատ են, իրավագիտակցության խնդիր կա, նաև համայնքի բնակիչների զբաղվածության խնդիր կա․ մարդիկ իրենց հոգսերով տարված լրացուցիչ ժամանակ չունեն կամ չեն ուզում տրամադրել նման ձևով մասնակցելու համայնքի կառավարման գործին կամ ինչ-որ նախաձեռնողականությամբ հանդես գալուն։

Օրենսդրական մակարդակում պատճառներն ավելի քիչ են։ Իհարկե, օրենքը հնարավորություն տալիս է համայնքի բնակչությանը հանդես գալու նախաձեռնողականությամբ, սակայն այս պարագայում համայնքի բնակիչը պետք է նախաձեռնող լինի ու բարձրացված հարցի շուրջ կարողանա համախոհներ գտնել, համապատասխան ստորագրություններ հավաքել՝ դիմելու տեղական ինքնակառավարման մարմիններին, ԿԸՀ-ին կամ տարածքային ընտրական հանձնաժողովին։ Որպես հիմնական խնդիր ես կշեշտադրեմ այն, որ այսօր համայնքի բնակիչն անտարբեր է իր համայնքի կառավարմանը մասնակցելու իրավունքից օգտվելու հարցում։

-Այդ դեպքում Ջերմուկի բնակիչներն ինչու՞ չեն կարողանում հանրաքվե անցկացնել, իրենք ի՞նչ խնդիր ունեն, չէ՞ որ նրանց դեպքում չի կարելի ասել, թե անտարբեր են համայնքի կառավարման, մասնավորապես Ամուլսարի շահագործման հարցում։ 

-Սա ակտուալ ու շատ քննարկվող հարցերից մեկն է այսօր։ Տեսեք՝ համայանքային կյանքին կամ համայնքի կառավարմանը մասնակցելու մեխանիզմներից մեկը նաև հանրագրերի ինստիտուտն է։ Եվ նախորդ տարի մենք ունեցանք պրակտիկա, երբ հինգ համայնքներում՝ Ջերմուկում, Գնդեվազում, Նոյեմբերյանում, Արենիում ու Եղեգնաձորում, հանրագրերի միջոցով, «Հանրագրերի մասին» օրենքի պահանջնների պահպանմամբ բնակիչները նախաձեռնողականությամբ հանդես եկան, կոլեկտիվ հանգրագիր ներկայացրին տվյալ համայքնի ավագանուն, որ վերջինս համապատասխան որոշում ընդունի, որպեսզի իրենց համայնքում արգելվի հանքարդյունաբերական գործունեության իրականացումը։

Հինգ համայնքների ավագանիներն էլ բավարարեցին կոլեկտիվ հանրագրերի պահանջը։ Եթե չեմ սխալվում, վերջերս Գլաձոր համայնքի ավագանին ևս նման որոշում ընդունեց, և Վայոց Ձորի մարզպետարանը դիմեց վարչական դատարան, որպեսզի ավագանու ընդունած այդ որոշումը անվավեր ճանաչի։ Երբ մարզպետի ներկայացրած հիմնավորումներն ենք կարդում, դրանք որոշ առումով ճիշտ են, որոշ առումով՝ ոչ։

Դատարանը հայցը հետ ուղարկեց, քանի որ ձևական սխալներ կային, բայց երբ խոսում ենք օրենսդրական կարգավորումների մասին, պետք է նշեմ, որ ավագանին համայնքում հանքարդյունաբերական գործունեությունն արգելող որոշում ընդունելու լիազորություն ուղղակիորեն չուներ։ Համայնքի ավագանին կարող էր առաջնորդվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի13-րդ հոդվածով և համապատասխան ուղերձով հանդես գար՝ ուղղված պետական մարմիններին՝ խնդրելով, որ իր համայնքում հանքարդյունաբերական գործունեություն չծավալվի։

Այստեղ մի կարևոր հանգամանք կա․ այդ նույն համայնքի բնակիչները հանգիստ կարող էին ոչ թե հանրագիր ներկայացնելու միջոցով փորձել ավագանուն պահանջ ներկայացնել՝ այդ որոշումը կայացնելու, որի իրավաչափությունը մի քիչ կասկածելի է, այլ եթե ավագանին նախաձեռներ տեղական հանրաքվե, ինչն օրենքով արգելված չէ, ու դրա արդյունքներով ամրագրվեր, որ տվյալ համայքնի բնակչությունն արգելում է իր համայնքում հանքարդյունաբերական գործունեության իրականացումը, դա կլիներ ավելի իրավաչափ, և ընդունված որոշումը՝ ավելի հիմնավոր։

-Օրենքը նախատեսու՞մ է հանրաքվեների արդյունքների իրավական բնույթի մասին հստակ պահանջներ: Դրանք պարտադի՞ր են, հայեցողակա՞ն, թե՞ զուտ խորհրդատվական։

-Նախ տեղական հանրաքվեի անցկացման ընթացակարգից խոսեմ։ Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն համայնքում տեղական հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող անձինք, այսինքն՝ այն անձինք, որոնք ընտրելու իրավունք ունեն, նաև համայնքի ավագանու ընդհանուր թվի առնվազն 1/3-ը և համայնքի ղեկավարը։

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի բնակչները «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում իրավունք ունեն համայնքի ավագանու նիստում հարց ներկայացնելու, և եթե ավագանին այդ հարցին լուծում չի տալիս, ապա համայնքի բնակիչներն իրավունք ունեն այդ հարցը դնելու տեղական հանրաքվեի։ Պահանջվող ստորագրությունների քանակը կախված է համայնքի բնակչության թվից ու նորից կարգավորվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի14-րդ հոդվածով, որտեղ նշվում է՝ մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքներում ավագանու նիստում հարց ներկայացնելու իրավունք ունի համայնքի բնակչության 4%-ը, 1000-ից մինչև 10 000-ի դեպքում 2%-ը, իսկ 10 000-ից ավելի դեպքում՝ 1%-ը։ Այսինքն՝ օրինակ հազար բնակիչ ունեցող համայքնում քառասուն հոգով կարող են հարց ներկայացնել համայնքի ավագանու նիստում։ Ավագանու կողմից՝ հարցին լուծում չտալու դեպքում, եթե այդ քառասուն հոգուն միանա ևս 10%, այդ դեպքում կարող են հարցը ներկայացնել տեղական հանրաքվեի։

Դրանից հետո ձևավորվում է նախաձեռնող խումբ, որն իր հայտը ներկայացնում է ԿԸՀ կամ տարածքային ընտրական հանձնաժողով, ստորագրությունները հաստատվելուց հետո տեղեկացնում են նաև համայնքի ղեկավարին, որը եռօրյա ժամկետում նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է նշանակումը, եթե բարձրացված հարցը օրենքով սահմանված այն բացառություններից է, որոնք չեն կարող դրվել տեղական հանրաքվեի։

Իսկ եթե նախաձեռնողը համայնքի ավագանու 1/3-ն է կամ համայնքի ղեկավարը, ապա դա դրվում է համայնքի ավագանու հաստատմանը, որից հետո տեղեկացվում է ԿԸՀ-ին կամ տարածքային ընտրական հանձնաժողովին, որն էլ նշանակում է հանրաքվեի անցկացման օրը, և գործընթացը սկսվում է՝ քարոզչության փուլ, քվեարկության փուլ և արդյունքերի ամփոփման փուլ։

Տեղական հանրաքվեի արդյունքում ընդունված որոշումներն ունեն պարտադիր ուժ, և արդյունքներն ամփոփելուց հետո ԿԸՀ-ն հանրաքվեի արդյունքում ընդունված որոշումը հրապարակում է «Նորմատիվ իրավական ակտերի» օրենքին համապատասխան։ Նշեմ նաև, որ տեղական հանրաքվեի դրված հարցում փոփոխություններ կարող են կատարվել նորից տեղական հանրաքվեով։ Այլ իրավական ակտով հնարավոր չէ։

Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ փորձագետին։
Արտյոմ Մեսրոպյանի հարցը․

-Նախքան 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն տեղական հանրաքվեի իրականացումը պարտադիր պայման էր համայնքների խոշորացման գործընթացի ժամանակ, արդյոք անհրաժեշտություն կա՞ վերականգնելու սահամանադրական այդ նորմը, և արդյոք համայնքի բնակիչների ձայնը վճռորոշ պետք է լինի երկրում վարչատարածքային բարեփոխումների իրականացման ժամանակ։

Աստղիկ Քեշիշյան 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել