12-ամյա Մարալը Շուշիի շրջանի Մեծ շենից է։ Դեկտեմբերի 1-ին Մալարն ու մայրը եկել էին Երևան ու դեկտեմբերի 14-ին պիտի արդեն երկուսով տանը լինեին, բայց վերջին իրադարձությունների պատճառով այնպես ստացվեց, որ Մարալի մայրը վերադարձավ Մեծ շեն, իսկ նա մնացել է Երևանում ու չի կարող գնալ տուն՝ ծնողների մոտ։
Ամեն ինչ սկսվեց այս տարվա ամռանը։ «Շրջիկ բժիշկներ» առողջապահական կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմինե Բարխուդարյանը պատմում է, որ իրենց կազմակերպությունն ամիսը մեկ այցելում է Արցախ։ Ամռանը` այցերից մեկի ընթացքում, նրանք ծանոթացել են Մարալի հետ, որը տեսողական լուրջ խնդիր ուներ։
Մեծ շեն այցելած ակնաբույժն էլ ասել է՝ աղջկան պետք է Երևանում վիրահատեն։ Այդպես դեկտեմբերին Մարալն ու մայրը եկել են Երևան։ դեկտեմբերի 6-ին Մարալին վիրահատել են, ամեն բան հաջող է անցել։ Նրանք Արմինե Բարխուդարյանի տանը սպասել են ևս մի քանի օր, որ բժիշկը զննի Մարալին, հետո վերադառնան տուն։
Սակայն նրանց՝ Արցախ մեկնելը համընկել է վերջին իրադարձությունների հետ։ Երբ ցանկացել են տուն գնալ, հայկական անցակետից նրանց թողել են, սակայն ռուս խաղաղապահների անցակետում ստիպված են եղել երկար սպասել։
«Հայերը սահմանին թողեցին, բայց ռուս պոստը չթողեց, ասում են՝ դուք իրավունք չունեք անցնեք, մենք էլ ասում ենք՝ բայց մեզ սահմանը թողեցին, ասում են՝ դուք չեք կարա անցնեք։ Ու ժամերով մենք կանգնեցինք, մինչև մեզ թողեցին՝ անցնենք»,- պատմում է Մարալը։
Մարալը
Արմինե Բարխուդարյանն էլ նշում է՝ քանի որ Մարալի մայրը գյուղի միակ բուժքույրն է և դեղորայք էր հասցնում հիվանդներին, խաղաղապահների անցակետից նրան ու դստերը երկար համոզելուց հետո թողել են անցնել։ Սակայն այդ իրավիճակից Մարալը վախեցել է, և մայրը որոշել է նրան հետ ուղարկել Երևան։
«Ինձ զանգեց [Մարալի մայրը], ասեց՝ ուզում եմ ուղարկեմ, որովհետև զգում եմ, որ երեխան վատ է զգում, ու մենք էլ չգիտենք՝ ինչ կլինի»,- պատմում է Արմինե Բարխուդարյանը։
Այդպես Մարալը նույն մեքենայով, որով հասել էին Մեծ շեն, վերադարձել է Երևան ու այժմ ապրում է Արմինեի տանը, մինչև կարողանա տուն հասնել։
Երեկ Մարալը եկել էր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որտեղ արդեն մի քանի օր է՝ նստացույց է անցկացնում Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Մարալը պատմեց, որ այստեղ արդեն հասցրել է ծանոթանալ ու զրուցել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ։
Հարցին՝ ծնողների հետ հաճախ է խոսում, Մարալը պատասխանում է՝ ամեն օր։ Այդ ընթացքում նրան է զանգում հայրը, նրանք զրուցում են։ Հոր հետ Մարալն արևելահայերեն չի խոսում։ Պարզվում է՝ մինչև 2019-ը նրանց ընտանիքն ապրել է Սիրիայում։ 2019-ին նրանք եկել են Երևան, իսկ 2021-ին տեղափոխվել Մեծ շեն։
Այժմ Մարալն, ինչպես արցախցի բազմաթիվ երեխաներ, սպասում է ճանապարհի բացվելուն, որ հասնի իր ընտանիքներին։
Հիշեցնենք, որ արդեն յոթերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, սակայն երկու օր առաջ գազամատակարարումը վերականգնվեց։
Գլխավոր լուսանկարում Արմինե Բարխուդարյանն ու Մարալը
Աննա Սահակյան
comment.count (0)