RElection [#32] Նախընտրական դաշինքները պետք է արգելվեն․ Սուրեն Սահակյան
17:38 - 25 նոյեմբերի, 2019

RElection [#32] Նախընտրական դաշինքները պետք է արգելվեն․ Սուրեն Սահակյան

Ընտրական բարեփոխումների թեմայով RElection նախագծի շրջանակում զրուցել ենք «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ:

- Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումների թեմայով լսումների ժամանակ Դուք նշել էիք, որ բարեփոխումները պետք է ընթանան փաթեթային ճանապարհով և ոչ փուլային: Արդյո՞ք սա վերաբերում էր նախ Սահմանադրությունում, ապա՝ դրանից ածանցյալ օրենքներում բարեփոխումներ կատարելուն, և, առասարաակ, ի՞նչ հերթականությամբ եք պատերացնում բարեփոխումները:

-Ելույթի տրամաբանությունն այն էր, որ պետք է գծագրենք, թե ինչ ենք ուզում վերջում ստանալ, հետո նոր անցնենք օրենքների վերափոխմանը (բարեխումներին չասեմ, որովհետև, ի վերջո, ցանկացած հռչակված բարեփոխում կարող է վերջում չարափոխում դառնալ) մեր պատկերացրած ձևով: Այդ ճանապարհը անցնելու, գնահատելու համար՝  ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե՞ ոչ, պետք է ունենանք այն կետը, որտեղ ուզում ենք հասնել։ Դա պետք է հստակ նկարագրված լինի:

Առանց այդ նկարագրված կետի չենք կարող գնահատել՝ տվյալ փոփոխությունը լա՞վ կազդի, թե՞ վատ: Եթե այս օերնքն առանձին ընդունում ենք, հետո անցնում մյուսին՝ առանց ունենալու այդ պատկերը, ապա դրանց մեջ հակասություններ են լինելու, և անպայման անհրաժեշտություն է լինելու հետ գալու, հարց տալու՝ այս խառը «աջաբ-սանդալը», որ ստացանք, արդյո՞ք այն է, ինչ մենք ուզում ենք:

- Այս համատեքստում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտություն տեսնու՞մ եք:

- Անցյալին իրավաքաղաքական գնահատական տալը, իմ կարծիքով, էական նշանակություն չունի: Դա պետք է լինի, բայց առանձին տեքստի ձևով կունենանք, թե ոչ,  էական չէ, կարևոր է, թե ինչ ենք ուզում ապագայում։ Եթե դա նախանշենք, կտեսնենք արդեն, թե ինչն ենք մերժել: Այդ թղթի կտորը, հայտարարությունը կարևոր է հանրային հարաբերությունների, ապագայում նման բան թույլ չտալու համար, բայց կարելի է նաև առանց դրա: Ես դրանով չեմ պայմանավորում ապագայի մեր անելիքները:

- Անդրադառնանք Ընտրական օրենսգրքի առանձին դրույթների։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք պետք է վերականգնվի արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը:

- Ինչ ես հիմա կասեմ, վիճելի է: Կարող է քննարկման և քննադատության ենթարկվել, բայց ես համոզված եմ, որ այս տարիների թե՛ միգրացիոն, թե՛ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը ստիպել է մարդկանց հրաժարվել այստեղի կյանքից, այստեղի մասնակցությունից, գնալ և իրենց ասոցացնել ուրիշ երկրի հետ, որն ավելի լավն է, ավելի օրինական և իրավական է: Այդ հոգեվիճակով մարդիկ փոխվել են նաև: Շատ ակնառու է դա Ռուսաստանի մեր համայնքի օրինակով՝ նաև հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսաքաղաքական վիճակը և պարտադրանքները, հնարավոր ճնշումներն այնտեղ ապրողների վրա: Ես կարծում եմ, որ դրանք կարող են մեր ազգային անվտանգության համար սպառնալիք լինել: Ռուսաստանում ունենք նույնքան համայնք  (ուշադրություն մի՛ դարձրեք, որ ես հենց Ռուսաստանի վրա եմ կենկտրոնացել. դա ցանկացած երկրի կարող է վերաբերել, բայց Ռուսաստանում ամենամեծ համայնքն ունենք, և մեզ ամենամոտն է), ինչքան բնակչություն ունենք ՀՀ-ում։ Եվ այնտեղի ցանկացած ճնշման դեպքում հնարավոր է՝ այստեղ այնպիսի փոփոխություններ կատարվեն, որոնք ձեռք են տալիս ոչ թե մեզ, այլ, ասենք, Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականությանը:

Ես չեմ ասում, թե չպետք է վերականգնվի. դա սահմանադրական նորմ է, պետք է ձևեր գտնվեն, որ ՀՀ քաղաքացին կարողանա ազդեցություն ունենալ իր երկրում վարվող քաղաքականության վրաշ սակայն այս պահին ես այդպիսի մեխանիզմ չգիտեմ, որ և՛ ազգային անվտանգության շահը լավագույնս սպասարկված լինի, և՛ այդ սահմանադրական նորմը՝ կիրառված:

- Ձեր կարծիքով՝ ընտրական հանձնաժողովներն ինչպե՞ս պետք է կազմավորվեն. արդյո՞ք պետությունը պետք է կազմավորի դա ու պետությունը կրի լիարժեք պատասխանատվություն, թե՞ պետք է շարունակվի կուսակցություններից ձևավորվել:

- Կուսակցությունում չենք քննարկել դեռ առանձին այս հարցը, ես իմ կարծիքը պետք է ասեմ։ Ընտրությունների պատասխանատուն պետք է լինի պետական մարմինը. դա կլինի ոստիկանությունը, կլինի առանձին որևէ մեխանիզմով ձևավորված մի այլ մարմին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մի մարմին, որը ամբողջությամբ կվերահսկի և՛ ցուցակները, և՛ քվեարկության պրոցեսը, և՛ նախընտրական արշավը, և՛ հաշվարկը, և՛ հետընտրական պրոցեսները:  Թե չէ, հիմա կոլեկտիվ անպատասխանատվություն է ստացվում. ԿԸՀ-ն ցուցակների հետ կապ չունի, Ոստիկանությունը ընտրական պրոցեսի հետ կապ չունի։

- Ըստ Ձեզ՝ խորհրդարանում պետք է ունենանք կայուն մեծամասնություն, թե՞ պետք է ձգտենք կոալիցիոն կառավարման:

- Մենք խոսում ենք հիմա առանձին կետեր փոփոխելու մասին: Նույնը «Կուսակցությունների մասին» օրենքում էր. խոսում էին, ասում՝ եկեք այս մի հոդվածը փոխենք այն մի հոդվածով, այս մի հոդվածը վերացնենք, այն մեկը՝ մի քիչ փոփոխենք: Ինձ համար բացարձակ էական չէ՝ ինչ հոդված կփոխվի, ինչպիսին կլինի այդ հոդվածների շարադրանքը: Մեզ ասում են՝ գրե՛ք, թե ինչ եք ուզում փոխել, որ այդ աշխատանքային հանձնաժողովը (վստահ եմ` Ընտրական օրենսգրքի ժամանակ էլ է այդպես լինելու) հաշվի առնի: Ինձ բացարձակ չի հետաքրքրում հոդվածների բովանդակության փոփոխությունը, ինձ հետաքրքիր է, թե մենք ինչ ենք ուզում հետագայում ստանալ:

Այդ կոնկեքտում չի կարող այնպես լինել, որ 29% վստահության քվե ստացած կուսակցությունն ունենա կայուն մեծամասնություն: Դա անտրամաբանական է: Հետևաբար, այդ կետը պետք է փոխվի, և դրա մասին էի ես ասում, որ երբ նկարագրենք, թե ինչ ենք ուզում ապագայում տեսնել, պարզվելու է, որ Սահմանադրությունն էլ պետք է փոխենք՝ ըստ այդմ, թե՛ «Կուսակցությունների մասին» օրենքը, թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ հարակից շատ օրենքներ, օրինակ, «ԶԼՄ մասին» օրենքը: Ես կարծում եմ, որ կուսակցությունները չպետք է սեփական ԶԼՄ-ներ ունենան: Ինձ հակադարձում են, որ այդ դեպքում ծածուկ կֆինանսավորեն, դրա համար էլ պետք է նորմ ընդունել, որ դա հնարավոր չլինի իրականացնել: Ասենք, կուսակցությունների հետ աֆիլացված ձեռնարկությունները պետք է ԶԼՄ-ներին տրվող ընդհանուր գումարների մեջ չունենան 20%-ից ավել։

Իմաստն այն է, որ մինչև ապագան չնկարենք, այդ օրենքները չենք կարող գրագետ, ճիշտ ստանալ: Եվ դրա մեջ է մտնում նաև այն, թե  կլինի արդյոք կայուն մեծամասնություն կամ չի լինի: Անտրամաբանական է, բայց երբ տեսնենք, թե ինչ ենք ուզում ստանալ, կայուն մեծամասնությունը կարող է մտնել այդ տրամաբանության մեջ քաղաքական ստաբիլություն ապահովելու համար:

- Ամեն դեպքում, ինչպե՞ս եք վերաբերվում անցողիկ շեմերին: Դրանք արդյո՞ք պետք է իջեցվեն, կամ գուցե մտածում եք, որ պետք է ընդհանրապես վերացնե՞լ անցողիկ շեմերը:

- Կա հեշտ պատասխան, և կա բարդ պատասխան այս հարցին։ Դա էլի քաղաքագետների հարց չէ, սոցիոլոգիական և ազգագրական հարց է: Մի կողմից գրավիչ է (դա հեշտ պատասխանն է), որ 12 հազար ձայն ստացած կուսակցությունը մի ներկայացուցիչ ունենա, որովհետև 1 միլիոն 200 հազար մարդ է մասնակցել անցած ընտրություններին, 12 հազարը 1% է կազմում, այսինքն՝ հարյուրից մեկը լինի պատգամավոր, որը ստացել է այդքան ձայն: Բայց մենք արդյո՞ք դրանով չենք բուծի պորտաբույծ կուսակցություններ, որոնք ստեղծվում են ոչ թե հանրային կյանք թելադրելու, այլ ուղղակի իրենց մարգինալ տեսակետները հնչեցնելու համար: Հենց այդ 12 հազարն է իրենցը, և իրենք ձգտում էլ չունեն ավելիին հասնելու:

Խոսում են կուսակցությունների ֆինանսավորման մասին. արդյո՞ք չեն ստեղծվելու կուսակցություններ, որոնք զուտ պետական ֆինանսավորում ստանալու համար են աշխատելու, և այդ տասը հազար ձայնը մի օր էլ գուցե ստանան: Դա կոմպլեքս լուծում է, որ, այո՛, պետք է բազմազան լինի ԱԺ-ն, բայց, միաժամանակ, կա հակառակ կողմը, որ չստեղծվեն պորտաբույծ կուսակցություններ, հակառակը՝ գաղափարական հենքի վրա ստեղծվեն։ Եվ ձեռնտու չլինի, ասենք, տասնհինգ սոցիալ-դեմոկրատական, լիբերալ-դեմոկրատական կուսակցություններ ունենալ։ Հնարավորւթյուն ստեղծվի, որ եթե գաղափարախոսությունները նույնն են, դրանք միանան, պայքարեն իրենց գաղափարների համար:

- Խորհրդարանում կուսակցությունների՝ կոալիցիա կազմելու թվի սահմանափակումը և՞ս պետք է վերացնել, Ձեր կարծիքով: Գործող օրենքով երեք կուսակցությունից ավել չեն կարող կոալիցիա կազմել:

- Չգիտեմ՝ ինչու է այդ սահմանափակումը, դրա հիմնավորումը, բայց ես կուզեի մի այլ բան ասել դաշինքների մասին: Իմ կարծիքով (կուսակցության դիրքորոշումը չէ դա), պետք է նախընտրական դաշինքներն արգլվեն: Գուցե շատ վիճելի բան եմ ասում, բայց իմ փորձը և ՀՀ-ի պրակտիկան ցույց են տալիս, որ մարդիկ ոչ գաղափարական հենքով ասում են՝ եկեք միավորվենք, որպեսզի անցնենք խորհրդարան, մեր ձայնը լսելի լինի: Այդպիսով ստեղծվում են կեղծ դաշինքներ, մտնում են խորհրդարան, այնտեղ սկսվում է կրկեսը,  կրկեսի վերածելու հայրենիքի թեզը իրականություն է դառնում:

Այս խորհրդարանում էլ ենք տեսնում իրար հետ գաղափարական բացարձակ ոչ մի նմանություն չունեցող, իհարկե, այս դեպքում ոչ թե դաշինք, այլ խմբակցություն։ Գաղափարապես իրար հետ կապ չունեն մարդիկ, խորհրդարան մտնելու համար միավորվել են ու այնտեղ փորձում են բաժանվել:

Եթե այդպիսի արգելք չենք ունենում Ընտրական օրենսգրքում, նույնը կլինի կուսակցությունների տեսքով: Ասեմ, որ այս ընտրություններին մի քանի կուսակցություն հավաքվել, մեզ հրավիրել են, մասնակցել ենք, առաջարկել են, որ եկեք դաշինք կազմենք, որպեսզի մեր շանսերն ավելանան: Ասում ես՝ բայց քո գաղափարներն իմի հետ 180 աստիճանով տարբեր են, մենք ո՞նց կարող ենք միավորվել, գնալ խորհրդարան, հետո այնտեղ մեր խմբակցությունն ի՞նչ է անելու: Ասում են․ «Դե դա երկրորդական, երրորդական հարցն է, կարևորը՝ մեր ձայնը լսելի լինի»:

Եթե ուզում ենք գաղափարականացնել, քաղաքականացնել քաղաքականությունը, ապա պետք է այդ արգելքները գոնե ժամանակավորապես հանվեն, և եթե արդեն անցել ես խորհրդարան,  թույլ տան հետընտրական դաշինքներ կազմել: Իսկ դրա սահմանափակման իմաստ ես չեմ տեսնում: Գուցե այսպիսի բան կա, որ փորձեն ընդդիմության ձայները ջլատելու համար մտնել խորհրդարան, հետո այնտեղ արդեն իրականությունն արտացոլեն, դառնան մի կուսակցություն, ասենք՝ տասը կուսակցություն մտնի, մի խմբակցություն դառնա:

- Իսկ եթե կուսակցությունները գաղափարներով մոտ են իրար, ոչ այնքան, որ միավորվեն մեկ կուսակցության մեջ, բայց ամեն դեպքում, մոտ գաղափարներ ունենալով, ցանկանում են դաշինք կազմել ու մտնել խորհրդարան:

- Այդ դեպքում կարելի է գրել, թե ինչի շուրջ են իրենք համաձայնում, և ինչի շուրջ են տարբերությունները: Հետաքրքիր տենդենց է, հիմա «Իմ քայլը» դաշինքի ձևավորած կառավարությունը այնպիսի քայլեր է անում, որոնք ավելի շատ սոցիալ-դեմոկրատական են, քան լիբերալ: Օրինակ, անօթևաններին տներ է տալիս, առողջապահությունը որոշակի խավերի համար անվճար է սարքում: Այն, ինչը մեր ծրագրում քննադատվում էր շատերի կողմից, հիմա այս կառավարությունն իրականացնում է: Օրինակ, մենք կարո՞ղ ենք այդ քայլերի շուրջ համաձայնության գալ և այդ քայլերի շուրջ համատեղ գործել։ Ես կարծում եմ, որ հնարավոր է: Բայց դա պետք է արտացոլվի, որպեսզի ընտրողն իմանա, թե ինչ հարցերի շուրջ է այդ դաշինքը, որ հետո չստացվի այնպես, որ մենք խաբեցինք, ասացինք՝ միասին ենք կամ տարբեր ենք, հետո գնացինք, միավորվեցինք, և դա քաղաքական շոու չդառնա:

- Սեռերի համասնություն ապահովելու համար խորհրդարանում սահմանվում են քվոտաներ: Սա արհեստական կարգավորում է համարվում։ Այնուամենայնիվ, մարդկանց մի մասը գտնում է, որ սկզբնական շրջանում պետք են այս կարգավորումները կանանց ներկայացվածությունը մեծացնելու համար, մյուս մասը համարում է, որ դա անընդունելի է, որովհետև ոչ քաղաքականացված, ոչ պրոֆեսոնալ կանայք են անցնում խորհրդարան: Ձեր կարծիքն ինչպիսի՞նն է այս հարցի վերաբերյալ։

- Ես կոպիտ եմ համարում ձևակերպումը, որ քվոտան ձևական է: Խնդիրը կա, բայց ես կարծում եմ, որ կուսակցությունների ցուցակները այդ քվոտային հարմարեցնելու գործընթացը չի նպաստում կին քաղաքական գործիչների առաջացմանը: Նպաստում է կանանց՝ խորհրդարան մտնելուն, որոնք մնում են այդպես էլ ապաքաղաքական, իրենց չի հետաքրքրում, իրենք նույն որոշում կայացնելը դելեգացնում են տղամարդկանց, որոնք մեծամասնություն են:

Ի՞նչ եմ առաջարկում դրա համար։ Առաջարկում եմ պայմաններ ստեղծել, որ կանայք  ուզեն զբաղվել քաղաքականությամբ, ստանան այդ գիտելիքները և ցանկություն ունենան կիրառելու պրակտիկայում: Լավ կլինի (պայմանական եմ ասում, հենց նոր մտքիս եկավ, չէի մտածել դրա մասին), քաղաքագիտության ամբիոնում կանանց անվճար ուսուցանել, սեմինարներ անել իրենց համար, հազար ու մի բան, որ կարելի է անել, որ մարդուն մոտիվացնես՝ գնա, մասնակցի և ավելի մրցակցային լինի, քան տղամարդը։ Իր գիտելիքների բազան ավելի մեծ լինի, քան այն տղամարդունը, որ պոտենցիալ այդտեղ պետք է ներգրավվեր։ Ու երբ քվոտան հանես, ինքն արդեն մրցակցային առավելություններ ունենա:

Կեսից ավելին թող կանայք լինեն, որովհետև, օրինակ, ինձ համոզում է Լենա Նազարյանի՝ այդ լսումների ժամանակ ասած փաստարկը, որ կանայք Հայաստանում բնակչության կեսից ավելին են, և անարդար է, որ իրենք ներկայացված չեն համամասնությամբ կամ գոնե 25%-ով, կամ դա ձևական բնույթ է կրում: Ես կարծում եմ, որ մենք, այդ քվոտան դնելով, հետևանքի դեմ ենք պայքարում, ոչ թե պատճառի:

Մեր օրինակով կարող եմ ասել, որ ուղղակի կանայք չեն ուզում: Իրենց համոզում ես, բերում ես, խնդրում ես ներգրավվել, իրենք ուզում են, բայց հենց ֆորմալ քաղաքականության մեջ, ասենք՝ Ազգային ժողով մտնել, ելույթ ունենալ շատ քչերն են, որ համաձայնում են:

- Ի՞նչ նոր մեխանիզմներ պետք է ներդնել նոր Ընտրական օրենգրքում, որոնք կսահմանափակեն խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքականության վրա:

- Ընդհանրապես, այդ հարցը հետաքրքիր է ոչ միայն այդ կոնտեքստում, այլ թե արդյո՞ք սահմանափակումներ դնելով կհասնես քո ուզածին, թե՞ ոչ: Որովհետև օրենդրական արգելքները որևէ բանով զբաղվելու, միշտ սողանցքներ են ունենում, և դրանից օգտվում են: Կարծում եմ՝ այդ հարցը պետք է լուծվի մոտիվացիայից զրկելով. իմաստ չունենա, որ կապիտալը մտնի քաղաքականություն, այն էլ՝ անձամբ: Ասենք, Գագիկ Ծառուկյանն անձամբ, հենց ինքն է ուզում պատգամավոր դառնալ, ոչ մի բան նրան չի համոզում, որ այդպես պետք չէ: Նախկինում, օրինակ, ինչո՞ւ էր այդ մուտքը, որովհետև սեփականությունը միայն այդ կերպ կարելի էր պաշտպանել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե սեփականությունն ամեն դեպքում պաշտպանված լինի, խաղի կանոնները այնպես լինեն, որ հանրությունը ճանաչի նախ այդ կուտակված սեփականությունը, երկրորդ՝ ինքը պաշտպանի դա այնպես, ինչպես պաշտպանեց իր ընտրելու իրավունքը 2018 թվականին:

Ես կարծում եմ՝ մոտիվացիան մտնելու քաղաքական դաշտ, որտեղ ամեն ինչ մանրադիտակի, խոշորացույցի տակ է, իրական բիզնեսմենի մոտ կվերանա: Չի լինի այնպես, որ բիզնեսմեն է, ձեռքի հետ էլ քաղաքականությամբ է զբաղվում ձախ ձեռքով և ապաքաղաքականացնում դաշտը, կոռուպցիոն գործարքների մեջ մտնում, սեփական շահերը առաջ մղելու ինչ-որ պրոցեսներ անում, ինչպես տեսնում ենք՝ Գագիկ Ծառուկյանը՝ ցեմենտի դեպքում: Ինչո՞ւ եմ իր անունն անընդհատ հոլովում, որովհետև խոշոր սեփականատերերից ինքն է մնացել ԱԺ-ում:

Պետք է մոտիվացիայից զրկված լինի մարդը, հանրային հարաբերություններն այնպիսին լինեն, որ անհրաժեշտություն չլինի խորհրդարան մտնել սեփական շահերը լոբբինգ անելու համար: Պետք է կառավարությունը լսելու ունակություն ունենա, եթե ինքն ուզում է մի բան անել, ոչ թե ԱԺ իր խմբակցության միջոցով անի, այլ կարողանա ուղիղ կապ ունենալ, կամ գաղափարական թիմեր լինեն, գաղափարական կուսակցություններ լինեն, որոնցից մեկն անպայման իր շահը հաշվի առած կլինի, իրեն կներկայացնի, և ինքը, դրան որոշակի սահմանաչափերով ֆինանսավորելով, կկարողանա դրանով իր քաղաքականությունն իրականացնել:

- Հնարավո՞ր չէր սա ապահովել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որ այսօր արդեն Ազգային ժողովում չունենայինք խոշոր կապիտալի տիրապետող պատգամավորների։

- Ես ավելին ասեմ. ոչ թե հնարավոր էր, այլ հենց դրանով էլ պետք է զբաղվեր անցումային կառավարությունը: Այն կառավարությունը, որ ընտրվեց, իմ և հրապարակում այդ պահին կանգնած և սատարող հիմնական մարդկանց մոտ այդ տպավորությունն էր, որ գնում են, որոշակի բաներ անեն, մինչև նոր ընտրությունները: Եվ մեր կուսակցությունից Միքայել Նահապետյանը հենց դրա համար կառավարության կազմից դուրս եկավ, որովհետև այն, ինչ հայտարարվում էր, իրականություն չէր դարձել:

Գուցե պետք էր երկարացնել այդ ժամկետը, չնայած, իմ կարծիքով, կես տարին էլ էր բավարար այդպիսի փոփոխությունների շուրջ համաձայնության գալու համար, նամանավանդ հեղափոխությունից հետո ընկած կես տարվա ընթացքում, երբ կառավարությունը շատ ավելի մեծ լեգիտիմություն ուներ, և ավելի հլու-հնազանդ էին բիզնեսի ներկայացուցիչները, քան հիմա:

- Ըստ RElection նախագծի ձևաչափի՝ մեր բոլոր զրուցակիցնեը հաջորդ փորձագետին հարց ուղղելու հնարավորություն ունեն: Ձեզ հարց է ուղղել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը.

«Ինչպե՞ս եք գնահատում կրիպտոարժույթների դերը կուսակցությունների ֆինանսավորման հարցում. ինչպիսի՞ առավելություններ և խնդիրներ կարող են դրանք ստեղծել»:

- Իմ կարծիքով, հարցը բացարձակապես ֆինանսավորման բնույթի մեջ չէ, հարցը թափանցիկության մեջ է: Կրիպտոարժույթները, կարծես, հնարավորութուն են ստեղծում ոչ թափանցիկ ֆինանսավորել, ոչ թափանցիկ փոխանցումներ անել, այսինքն՝ դու չիմանաս, թե ով է այդ փոխանցումն արել, ինչը ուղիղ հակադրության մեջ է օրենքի ճիշտ նորմի հետ, որը ասում է, որ բացառապես ՀՀ քաղաքացիները կարող են ֆինանսավորել կուսակցություններին:

Սուրեն Սահակյանի հարցը՝ հաջորդ բանախոսին.

-Կո՞ղմ եք, որ մարդը մտնի մի կուսակցության ցուցակի մեջ, անցնի խորհրդարան, հետո դուրս գա խմբակցությունից, բայց շարունակի մնալ ԱԺ պատգամավոր: Ըստ էության, դա ճանապարհ է ապագաղափարական միավորումների և քաղաքական մանիպուլյացիաների համար:

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել