Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան |aysor.am|
08:16 - 27 սեպտեմբերի, 2019

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան |aysor.am|

aysor.am։ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ հետևելով արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։

«Ես կարող եմ խոսել իմ անունից և հայտարարում եմ, որ ես չեմ պատրաստվում հրաժարական տալ», - հայտարարեց Գյուլումյանը։

Նշենք, որ հանրության քննարկմանը ներկայացված «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծով հստակեցվում է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը։

Մասնավորապես, առաջարկվում է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, արդյոք այն ճնշում է Սահմանադրական դատարանի վրա, Գյուլումյանը պատասխանեց.

«Թույլ տվեք ես քաղաքական գնահատականներ չտամ։ Սահմանադրական դատարանը այն կառույցն է, որի գործունեության հետ կապված միշտ կարող են լինել տարբեր կարծիքներ։ Եթե մենք զբաղվենք այդ կարծիքների վերլուծությամբ, ապա կարող ենք խախտել մեր քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերելու մասին օրենսդրական պահանջը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել