Սահմանադրական դատարանը չի դատում անձերի. Վլադիմիր Վարդանյան |news.am|

11:11 - 20 սեպտեմբերի, 2019

news.am: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը նախաձեռնվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, որն ամրագրված է ԱԺ լիազորությունների շրջանակներում եւ այն ընթացակարգով, որը նախատեսում է ԱԺ կանոնակարգ-օրենքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով, թեեւ գործընթացը նախաձեռնվում է ԱԺ-ում, բայց ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի ուսումնասիրությունը ՍԴ-ի տիրույթում է:
«Փորձ է արվում այս ամենի մեջ տեսնել քաղաքական գործընթաց, քաղաքական մանիպուլյացիաներ:

Առաջ ասում էին՝ իրավական գործընթացների չեք դիմում, քաղաքական մանիպուլյացիաներ եք անում, փորձում եք ճնշում գործադրել դատարանների վրա: Հիմա մենք ընտրել ենք իրավական ուղին: Եթե կասեք, որ ԱԺ խմբակցությունը շեղվել է իր սահմանադրական լիազորություններից, դա այլ բան է, բայց այն, ինչ կատարվում է, հավուր պատշաճի է իրականացվում, Սահմամանադրության նորմերին համապատասխան»,-ընդգծեց Վարդանյանը:

Նա նաեւ հավելեց, որ ՍԴ-ում որեւէ անձի նկատմամբ որեւէ գործընթաց սկսելն ինքնանպատակ չէ. «Դա հակասում է իրավական պետության սկզբունքներին: Դա համար մեկ պոստուլատն է, որ պետք է դնենք այս գործընթացի հիմքում: Սա այն ընթացակարգն է, որ նախատեսված է ԱԺ կանոնակարգով:

Այս գործընթացը նախատեսվել է, որովհետեւ «Իմ քայլը» խմբակցության մոտ հիմնավոր կասկած էր առաջացել ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի մասով: Խմբակցության դիրքորոշումը պայմանավորված է ՍԴ-ում առկա այն հիմքերի հետ, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում կայացված որոշումներից:

ՍԴ-ն չի դատում անձերի եւ այնտեղ քննում է ոչ թե անձերի գործը, այլ որքան էլ որոշ շրջանակներ եւ լրատվամիջոցներ փորձում են այդպես ներկայացնել, այնտեղ քննարկվում է օրենսդրական նորմի սահմանադրականության հարցը:

Այդ նորմը տարածվելու է եւ իմ վրա, եւ բոլոր այն սուբյեկտների վրա, որոնք օգտվում են նման գործառութային անձեռնմխելիությունից: Ճիշտ է, գործը նախաձեռնելու վրա անհրաժեշտ է կոնկրետ անձի դիմում, բայց դրա հետեւանքները չեն կարող տարածվել միայն այդ անձի վրա: Խոսքը նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթի սահմանադրականության ստուգման մասին է»,-ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել