«Սանիթեքի» և Երևանի քաղաքապետարանի առճակատումը. ո՞ւմ պնդումներն են համապատասխանում իրականությանը |fip.am|
12:17 - 05 հոկտեմբերի, 2019

«Սանիթեքի» և Երևանի քաղաքապետարանի առճակատումը. ո՞ւմ պնդումներն են համապատասխանում իրականությանը |fip.am|

fip.am։ Հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Քաղաքապետարանը միակողմանիորեն խզում է «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Հայկ Մարությանը նշեց պայմանագրային մի քանի կետերի խախտումների մասին, որոնք էլ հանգեցրել էին պայմանագրի խզմանը:

Այդ խախտումների թվում էին աղբի սիստեմատիկ չհավաքման փաստը, շահագործվող աղբատար մեքենաների և աղբամանների անբավարար քանակն ու տեխնիկական վիճակը, 2019 թ. օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցումը և այն: «Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, սույնով ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը»,- հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Պայմանագրի հնարավոր լուծարման մասին ակնարկ արվել էր դեռ սեպտեմբերի 1-ին, երբ Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր հրապարակել, համաձայն որի՝ «Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է, ինչ չէր կատարում աղբահանության իր պարտականությունները Երևանի ամբողջ տարածքում։ Հայտարարության մեջ արձանագրված էր, որ «Սանիթեքի» նման քայլն իր իրավական հետևանքները կունենա։

«Գործող օրենսդրությամբ և «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է՝ «Սանիթեքի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, և քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագրված դեպքերի վրա»,- նշված էր հայտարարության մեջ:

Երևանի քաղաքապետարանի հայտարարությունից առաջ էլ «Սանիթեքն» էր հայտարարությամբ հանդես եկել՝ ահազանգելով ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների և «Սանիթեքի» կողմից ծառայությունների մատուցման դադարեցման մասին:

Երկուստեք մեղադրանքների և հայտարարությունների տարափը շարունակվում էր արդեն մի քանի ամիս, և, ի վերջո, այս ամենն ավարտվեց պայմանագրի միակողմանի լուծարմամբ: Մենք էլ, մեր հերթին, որոշեցինք անդրադառնալ այս թեմային և պարզել վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու կողմերի հնչեցրած հայտարարությունների և պնդումների իսկությունը:

Հարկ է նշել, որ Fip.am-ն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էր աղբամանների թվին, պայմանագրի հնարավոր լուծարման և մի շարք այլ հարցերին, ուստի այս հրապարակմամբ կանդրադառնանք պայմանագրային մյուս պարտավորություններին:

330 միլիոն դրամ տուգանքի մասին

«Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլաս Թավիլը սեպտեմբերի 2-ին նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նամակում ասվում էր, որ «ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանն ընդհանուր առմամբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330,000,000 դրամ՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները»: Համաձայն այդ նամակի, նշված գումարի մի մասն են միայն պայմանագրով սահմանված տուգանքները, որոնք էլ, իրենց հերթին, «Սանիթեքը» համարում է վիճահարույց և վիճարկում դատական կարգով, իսկ գումարի մյուս մասը, ըստ «Սանիթեքի», չի վճարվել պայմանագրի խախտումներով՝ առանց որևէ պատճառաբանության։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը օգոստոսի 30-ին CIVILNET-ի եթերում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ պնդել էր, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառում է բացառապես պայմանագրով նախատեսված ձախողման դեպքերում։ Մասնավորապես, յուրաքանչյուր կոնտեյների՝ աղբամանի 80%-ից ավելի լցված լինելը համարվում է ձախողում։

Յուրաքանչյուր նման դեպքի համար քաղաքապետարանը կարող է պահում կատարել «Սանիթեքից» ընդհանուր պայմանագրային տարեկան վճարի 0.5%-ի չափով։ Ընդհանուր պայմանագրային վճարը 5 միլիարդ 200 միլիոն դրամ է, որի 0.5%-ը շուրջ 25-26 մլն դրամ է ստացվում։ Այսինքն՝ յուրաքանչյուր լցված, գերբեռնված կոնտեյների համար քաղաքապետարանը կարող է 25 միլիոն դրամի չափով տուգանք կիրառել «Սանիթեքի» նկատմամբ»։

Հիմա Նիկոլաս Թավիլի և Հակոբ Կարապետյանի ներկայացրած տվյալները և պնդումները համեմատենք պայմանագրում ամրագրված կետերի հետ։

Համաձայն պայմանագրի հիմնական պայմանների 33․1 կետի, «եթե Կապալառուն ձախողում է պայմանագրով սահմանված պարտականությունների համաձայն ծառայությունների տրամադրումը, լիազորված պաշտոնատար անձն իրավունք ունի ողջամիտ և պայմանագրի համաձայն գործելով ՝

  • կասեցնել վճարումները այն ծառայությունների համար, որոնք, համաձայն պայմանագրի, անբավարար կերպով են կատարվել կամ

  • կասեցնել վճարումներն ու միջոցառումներ ձեռնարկել քաղաքապետարանի համար սեփական ուժերով կամ այլ կապալառուի միջոցով ծառայությունների տրամադրման և կատարման համար ու քաղաքապետարանի կողմից այս գործողությունների համար կատարած ծախսերի չափով նվազեցնել կապալառուին վճարման ենթակա գումարը՝ միաժամանակ կիրառելով պայմանագրով նախատեսված պատժամիջոցները»։

Պայմանագրի 33․3, 33․4 և 33․5 կետերում էլ սահմանված է, որ քաղաքապետարանը ձախողումների համար պետք է համապատասխանության ծանուցում ուղարկի «Սանիթեքին», և եթե «Սանիթեքը» չարձագանքի կամ չլուծի համապատասխանության ծանուցման մեջ ներկայացված խնդիրը, ապա քաղաքապետարանն այս դեպքում արդեն պետք է ձախողման ծանուցում ուղարկի «Սանիթեքին»։ Համաձայն 33․6 կետի, պահումներն արդեն իրականացվում են ձախողման ծանուցման մասով, հետևյալ աղյուսակի համաձայն՝

Փաստացի ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պահումներ իրականացնելու ձևը սխալ է ներկայացնում՝ ասելով, որ ամեն ձախողման դեպքի համար պետք է պահում կատարեն յուրաքանչյուր տարվա համար կիրառվող ընդհանուր գնի 0,5%-ի չափով, մինչդեռ պայմանագրում ոչ միայն նման բան չկա, այլև պայմանագրում ամրագրված է, որ քաղաքապետարանն առնվազն 5 համապատասխանության ծանուցում, հետո էլ 5 ձախողման ծանուցում պետք է ուղարկի, նոր միայն պահումներ կատարի։

Հիմա վերադառնանք «Սանիթեք» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլաս Թավիլի նամակին և փորձենք հասկանալ, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը պահումները կատարում է օրենքին և պայմանագրին համապատասխան:

Հաշվարկելու համար, թե որքա՞ն պետք է կազմեր պահումների իրական գումարը վերջին վեց ամիսների ընթացքում, մենք պետք է ճշտեինք, թե ձախողման քանի ծանուցում է այդ ժամանակահատվածում քաղաքապետարանն ուղարկել «Սանիթեք» ՍՊԸ-ին, ուստի մենք հարցումներ էինք ուղարկել և՛ քաղաքապետարան, և «Սանիթեք» ընկերություն:

Հատկանշական է, որ «Սանիթեքը» մեր հարցմանը չէր արձագանքել 5-օրյա ժամկետում, իսկ երբ փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ` զանգահարելով մամլո խոսնակին, ընկերության գրասենյակ և թեժ գիծ, մեզ չհաջողվեց կապ հաստատել ոչ մի հեռախոսահամարով, քանի որ դրանք ժամանակավորապես կամ այլևս չեն սպասարկվում:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանը հայտնել է, որ վերջին 6 ամսվա ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ-ին է ուղարկվել ընդհանուր 640 ձախողման ծանուցում, և բոլոր ուղարկված ձախողման ծանուցումները եղել են գրավոր տարբերակով:

Ծանուցումների թիվն ըստ ամիսների ՝

Ստացվում է, որ քաղաքապետարանը, ըստ ամսվա ձախողման ծանուցումների թվի, մարտ ամսվա ընթացքում «Սանիթեքից» կարող էր պահում կատարել ընդհանուր պայմանագրային տարեկան վճարի 2%-ի չափով, իսկ ապրիլ, մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին` ընդհանուր պայմանագրային տարեկան վճարի 10%-ի չափով։

Ըստ 2013-ին և 2015-ին կնքված պայմանագրերի, քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի «Սանիթեքին» պետք է վճարի տարեկան 5,039,138,120 դրամ։

Այսպիսով, հաշվի առնելով պայմանագրի ընդհանուր գումարը, պահումների տոկոսը և ձախողման ծանուցումների թիվը՝ ստացվում է․

Եթե Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքի» նկատմամբ իրականացներ պայմանագրով սահմանված բոլոր տույժերը և պահումները, ապա տուգանքի չափը կկազմեր ոչ թե 330 միլիոն դրամ, այլ՝ 2.6 մլրդ-ից ավելի։

Արձանագրենք ևս մի հետաքրքրական փաստ. այդ պահումները պետք է կատարվեն ամսական վճարից, իսկ քաղաքապետարանը «Սանիթեքին» ամեն ամիս վճարում է մոտ 420 մլն դրամ։ Փաստացի ստացվում է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում ամսական պահումները պետք է գերազանցեին պայմանագրով սահմանված ամսական վճարը:

Աղբավայրի մասին

«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հորդորեց մարդկանց առանց պայմանագիրն ընթերցելու եզրակացություններ չանել։ Դժգոհելով աղբավայրի բեռնաթափման կետի վիճակից՝ Նիկոլաս Թավիլն ասաց, որ «պայմանագրում նշված է, որ քաղաքապետարանի պարտականությունն է համապատասխան աղբավայրով ապահովել ընկերությանը»:

Հակոբ Կարապետյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ «քաղաքապետարանը, համենայնդեպս պայմանագրով, որևէ իրավական պարտավորություն չունի աղբավայրը սպասարկելու»։ Նա մանրամասնեց, որ քաղաքապետարանը սուբյեկտ չէ իրավահարաբերության, որովհետև աղբավայրը պատկանում է մի ընկերության, որը պետական չէ և որի հետ պայմանագիր է կնքում «Սանիթեք» ընկերությունը՝ ծառայությունների համար տարեկան վճարելով մոտ 26 միլիոն դրամ։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանը նշել է, որ «Նուբարաշենի աղբավայրի տարածքը (հողամասը) վարձակալության է տրված «Էրեբունի — մաքրություն» ՍՊԸ-ին»: Քաղաքապետարանի և «Էրեբունի մաքրություն» ընկերության միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ է մինչև այսօր։

Բացի այդ, համաձայն Երևանի զարգացման 2012 թ. ծրագրի, Նուբարաշենի աղբավայրի տարածքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, իսկ աղբի ընդունումը, տեղադրումը և վնասազերծումը, Երևանի քաղաքապետի 2004 թ. հուլիսի 9-ի որոշման համաձայն, իրականացնում է «Էրեբունի մաքրություն» ՍՊ ընկերությունը։ Ուստի՝ քաղաքապետարանն ուղղակի կերպով Նուբարաշենի աղբավայրը սպասարկելու պարտականություններ չունի։

Պայմանագրում նույնպես այդ մասին որևէ հիշատակում չկա: Համաձայն պայմանագրի 2․1․29 կետի, «Կապալառուից պահանջվում է համագործակցել Բեռնաթափման կետի կապալառուի հետ աղբի բեռնաթափման հարցում…»։

Աղբամաններն ապօրինի հեռացնելու մասին

Օգոստոսի 9-ին «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնում էր, որ քաղաքապետարանը չի ցանկանում համագործակցել և «գործում է միակողմանի»։ Բացի այդ, հայտարարության մեջ նշված էր, որ «քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը»:

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ենթակետի, քաղաքապետարանի լիազորությունների մեջ է մտնում կազմակերպել աղբահանությունը, քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների, այգիների և ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի մաքրումը, բարեկարգումը և կանաչապատումը։ Ուստի՝ աղբահանության կազմակերպումը Երևանի քաղաքապետի պարտադիր լիազորությունն է՝ անկախ աղբահանության մասնավոր օպերատոր լինել-չլինելուց կամ նրա հետ կնքված պայմանագրերի բովանդակությունից: Հետևաբար՝ հին աղբամանների հեռացումը և նորով փոխարինումն իրականացվել է օրենքի հիշատակված իմպերատիվ պահանջի տրամաբանությամբ։

Բացի այդ, արդեն նշել էինք, որ համաձայն պայմանագրի հիմնական պայմանների 33․1 կետի, եթե Կապալառուն ձախողում է պայմանագրով սահմանված պարտականությունների համաձայն ծառայությունների տրամադրումը, լիազորված պաշտոնատար անձն իրավունք ունի միջոցառումներ ձեռնարկելու քաղաքապետարանի սեփական ուժերով կամ այլ կապալառուի միջոցով ծառայությունների տրամադրման և կատարման համար։

Մենք նաև հարցում էինք ուղարկել քաղաքապետարան՝ ճշտելու «Սանիթեք» ընկերության և «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» աղբամանների թիվը: Համաձայն հարցման պատասխանի, «ի սկզբանե «Սանիթեքն» ուներ շուրջ 5100 աղբաման, մոտավոր հաշվարկով դրանց կեսից ավելին տարբեր պատճառներով դարձել է անօգտագործելի, և «Սանիթեք» ընկերության դեռևս առկա աղբամանների հստակ քանակը պարզ կլինի դրանց վերջնական գույքագրումից հետո, որը տեղի կունենա «Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի կողմից ամբողջ մայրաքաղաքը նոր աղբամաններով համալրելուց հետո»: Ինչ վերաբերում է «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկին», ապա համայնքային հիմնարկի մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայած նոր աղբամանների թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ գերազանցում է 4000-ը:

Գայանե Գասոյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել