Եթե գազի գնի բարձրացում լինի, պետությունը կմեղմի դրա հետեւանքները․Գևորգ Պապոյան |lragir.am|
16:33 - 21 հունվարի, 2020

Եթե գազի գնի բարձրացում լինի, պետությունը կմեղմի դրա հետեւանքները․Գևորգ Պապոյան |lragir.am|

lragir.am:  Պարոն Պապոյան, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը և չի բացառվում, որ ընկերությունը դիմի ՀԾԿ հանձնաժողովին համապատասխան հայտով։ Եթե նման հայտ ներկայացվի, ի՞նչ խնդիրների առաջ ենք կանգնում։

Փոխվարչապետը նշել էր, որ մինչև ապրիլ բանակցություններ են ընթանալու, հետևաբար, մինչև ապրիլ որևէ թանկացում չի լինի։ Ինչ վերաբերում է ապրիլից հետոյին, ապա, ինչպես գիտեք, գազի գինը բազմագործոնային է և կախված է նրանից, թե արդյոք օրինակ «Գազպրոմն» իր դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» համար գազը կթանկացնի, թե չի թանկացնի։ Գիտենք, որ 2019-ի հունվարի 1-ից մեկ անգամ արդեն թանկացրել է` 150 դոլարից դարձնելով 165 դոլար, որը սակայն չի ունեցել սպառողների համար նշանակություն, որովհետև ՀՀ կառավարության սկզբունքային որոշման արդյունքում, որոշում է կայացվել, որ դա չպետք է լինի։ Դա, ըստ էության, «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվին է տեղի ունեցել։ Այստեղ կա հարցերի շարք. այդ թանկացման հետևանքով «Գազպրոմ Արմենիայի» կողմից ներդրումներ այլևս չեն արվում, տեղի է ունենում որոշակի ծախսերի կրճատում։ Հիմա իրենք այս հարցերի ամբողջ փաթեթը հնարավոր է ներկայացնեն ՀԾԿ հանձնաժողով, և հանձնաժողովը պետք է գնահատի ներկայացված փաստարկներն ու հիմնավորումները։ Եթե հիմնավորումները չլինեն բավարար և համոզիչ, ես կարծում եմ, որ սակագնի փոփոխություն չպետք է լինի։ Այսինքն՝ սա զուտ տնտեսագիտական հաշվարկի դաշտ է, բայց ես կարծում եմ, որ մեր տնտեսությունը ցանկացած սցենարի պատրաստ է, և էական գնաճային ճնշումներ, կարծում եմ, չեն լինի։ Ցանկացած պարագայում մենք ունենք պլան Բ, որը կիրականացնենք։

Այդուհանդերձ, եթե Ռուսաստանը գնա գազի գնի բարձրացման, դա լինելու է տնտեսակա՞ն, թե քաղաքական հաշվարկի արդյունք։

Եթե անգամ հիպոթետիկ ընդունենք, որ կլինի թանկացում, ապա Հայաստանը աշխարհում ամենացածր գազի գին ունեցող երկրներից մեկն է լինելու։ Եթե քաղաքական լիներ, մենք շուկայական գներով կստանայինք գազը։ Սա քաղաքատնտեսական որոշում է։ Քաղաքական է, որովհետև էժան ենք ստանում գազը, միաժամանակ տնտեսական է, քանի որ չի կարող գազը լինել անվճար։ Այսինքն՝ ինչ-որ գին, այնուամենայնիվ, պետք է գազի համար վճարել։ Ինչ վերաբերում է նրան, թե որքանով կբարձրանա կամ չի բարձրանա գազի գինը, դա բանակցությունների ընթացքում է որոշվելու։ Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում, օրինակ, ես կցանկանայի, որ հայտարարվեր, որ գազը չի թանկանում, «Գազպրոմ Արմենիան» էլ չի դիմում հանձնաժողովին այդ հարցով։ Բայց եթե անգամ որոշակի բարձրացում լինի, մեր բնակչությունը մտահոգվելու կարիք բացարձակապես չունի, որովհետև բոլոր գործիքները կկիրառվեն դրա հնարավոր ազդեցությունը մեղմելու համար։

Գազի թանկացումը բերելու է նաև շղթայական թանկացման։

Ես հենց դրա մասին էի ասում, որ անպայման կզսպվի գնաճը և շուկայական գործիքներով, և ոչ շուկայական, վարչարարական գործիքներով, նաև պետական գործիքների ներդրմամբ։ Այս պահին ես ուզում եմ մեր քաղաքացիներին վստահեցնել, որ շղթայական ռեակցիայի մասին բացարձակապես խոսք լինել չի կարող։ Մենք հիմա խոսում ենք ինչ-որ մի հիպոթետիկ զարգացման մասին, որ կարող է նման բան տեղի ունենալ։ Ընդհանրապես, կանխատեսում անելը շատ անշնորհակալ գործ է։ Եւ ասել, որ կարող է նաև չբարձրանալ գազի գինը, որովհետև հիմա ընդամենը ընթանում են բանակցություններ, ծախսերի հաշվարկ, նաև այն, թե ապագայում ինչպիսի ներդրումներ ենք ուզում ունենալ։ Կարող է, օրինակ, գազի գինը չբարձրանալ, և «Գազպրոմ Արմենիայի» կողմից ներդրումներ չլինեն։ Մենք պետք է քննարկենք, թե որն է ավելի կարևոր։ Հայաստանում գազաֆիկացման որոշակի մակարդակը պայմանավորված է բարձր գնով։ Այսինքն՝ «Գազպրոմը» որոշ տարածքներ գազաֆիկացնում է, հետո դա ներառում է գազի սակագնի մեջ։ Ստացվում է, որ մարդիկ սկսում են ավելի բարձր գին վճարել նաև այն մարդկանց համար, որոնք գազ չունեին և ունեցան։ Եթե գազը միայն Երևանում և քաղաքներում լիներ, գազի գինը շատ ավելի ցածր կլիներ, բայց քանի որ գյուղական բնակավայրերում հիմնականում գազը հասանելի է, դրա հաշվին բոլորս որոշակիորեն վճարում ենք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել