Անհրաժեշտ է կանխել ԱՄՆ-ի և Իրանի ռազմական առճակատումը. Ճապոնիայի վարչապետ |azatutyun.am|
09:43 - 13 հունիսի, 2019

Անհրաժեշտ է կանխել ԱՄՆ-ի և Իրանի ռազմական առճակատումը. Ճապոնիայի վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի փոխանցմամբ, հարկ է ամեն ինչ անել, որ Միացյալ Նահանգների և Իրանի հակամարտությունը չվերածվի ռազմական առճակատման:

Այդ մասին Աբեն երեկ ասել է Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպելուց հետո:

Ռոհանին գովեստով է խոսել Աբեի հետ բանակցությունների մասին, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերը և 2015 թվականին կնքված միջուկային համաձայնությունը:

«Իրանը հավատարիմ է այդ համաձայնությանը, որը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի և աշխարհի կայունության համար», - ասել է Ռոհանին և ավելացրել.- «Ե՛վ Թեհրանը, և՛ Տոկիոն դեմ են միջուկային զենքին»:

«Կա ռազմական կոնֆլիկտի պատահական բռնկման հնարավորություն, և անհրաժեշտ է ցանկացած գնով դա կանխել», - ասել է Սինձո Աբեն:

«Աշխարհում հետզհետե աճող լարվածության պայմաններում չափազանց կարևոր է, որ Թեհրանը կառուցողական դեր կատարի Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում», - ասել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:

Նախագահ Ռոհանին, իր հերթին, ասել , որ «Իրանը չի սկսի պատերազմ Միացյալ Նահանգների հետ, սակայն եթե Ամերիկան այն նախաձեռնի, Իրանը վճռական պատասխան կտա»:

Ճապոնիան լավ հարաբերություններ ունի և՛ Իրանի, և՛ Միացյալ Նահանգների հետ: Շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատել է տվել, որ կողջունի Տոկիոյի միջնորդությունը Միացյալ Նահանգների և Իրանի ճգնաժամը մեղմելու հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել