Հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի ինքնազգացողությունը նկատելիորեն վատթարացել է
10:11 - 28 հունվարի, 2020

Հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի ինքնազգացողությունը նկատելիորեն վատթարացել է

Արդեն ութ օր ընդդեմ Քարվաճառում փոքր հէկաշինության հացադուլ իրականացնող Ալեքսանդր Քանանյանի ինքնազգացողությունը նկատելիորեն վատացել է։ Այս մասին հայտնել է նրա ընկերներից մեկը։

Վերջինս մասնավորապես գրել է․ «Ահազանգ բոլոր ոչ անտարբեր մարդկանց. առավոտյան այցելեցի Ալեքսին, ով արդեն 8-րդ օրն է` հացադուլ է անում` ընդդեմ Քարվաճառում փոքր հէկաշինության: Նախորդ օրերի ընթացքում Ալեքսին այցելել են տասնյակներով մարդիկ, ինքն այցելել է Ստեփանակերտ, Քաշաթաղի շրջան, տարբեր հանդիպումներ ունեցել մտահոգ քաղաքացիների հետ, նրանց մանրամասնորեն բացատրել խնդրի էությունն ու շրջանում փոքր հէկաշինության վտանգները: Հանդիպել է նաև Արցախի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների:

Ութնօրյա հացադուլն ու երկար զրույցներն ակնհայտ ազդել են Ալեքսի առողջական վիճակի վրա. չեմ ուզում խուճապ տարածել, բայց Ալեքսի ինքնազգացողությունն այսօր նկատելի վատթարացել է»:

Հիշեցնենք, որ Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հունվարի 21-ին հացադուլ էր հայտարարել իր տան բակին կից փոքր հէկ-երի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով:

Դրանից երեք օր անց՝ հունվարի 24-ին, նա հանդիպել էր Արցախի պետնախարար Գեորգի Մարտիրոսյանի հետ։ Հանդիպումից հետո Քանանյանը նշել էր, որ այն անցել է կառուցողական ձգտման միջավայրում՝ միաժամանակ արձանագրելով, որ Արցախի «քաղաքական ղեկավարությունը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջությունը։ Արդյունքում որոշել էր շարունակել հացադուլը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել