Երկրի գործադիր իշխանության կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ փաստաբանի հայտարարությունը ուսումնասիրության առարկա չի դառնա |pastinfo.am|
14:17 - 30 հունվարի, 2020

Երկրի գործադիր իշխանության կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ փաստաբանի հայտարարությունը ուսումնասիրության առարկա չի դառնա |pastinfo.am|

pastinfo.am:  Դատախազությունն ընթացք չի տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությանն այն մասին, որ ՀՀ վարչապետի գործողություններում առկա է սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմ։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ միայն նախաքննական նյութերի վրա հիմնված, միակողմանի ռեպորտաժը և գրել՝ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ։

Ի պատասխան Հ.Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ առկա է ծանր հանցագործության հանցակազմ։ «Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»,- գրել էր Մակինյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ արտահայտված է վարչապետի կարծիքը. «Ինչ վերաբերում է Ամրամ Մակինյանի հայտարարությանը, ապա դրանում ներկայացված չեն իր կողմից նշված առերևույթ հանցավոր արարքների կատարման կամ դրա նախապատրաստման հատկանիշներ պարունակող տեղեկություններ կամ տվյալներ, հետևաբար քրեաիրավական տեսանկյունից դրանք չեն կարող ուսումնասիրության առարկա դառնալ»,-ասաց Գոռ Աբրահամյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել