Արցախի ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված լուրերի հրապարակումից
05:17 - 04 փետրվարի, 2020

Արցախի ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված լուրերի հրապարակումից

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարախել, որը ներկայացնում ենք ստորև։

«Ի պատասխան auroranews.am-ի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ ս. թ. փետրվարի 3-ի հրապարակման՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և վերջինիս զինադադար պարտադրելու գործում: Ընդգծում ենք նաև, որ տվյալ զորամասը մարտական պատրաստությամբ ու պատրաստականությամբ զբաղվելով հանդերձ կրում է նաև մարտական հերթապահություն:

Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով, և որը պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից:

Զորամասում տեղ գտած արտակարգ դեպքերի մասով տեղեկացնում ենք, որ դրանց հետ կապված գործընթացները իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի կողմից ստեղծված հանձնաժողովների, այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլորին ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից և հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել