ՍԴ-ն վիժեցնելու է անցումային արդարադատությունը, վեթինգի գործընթացը, խափանելու է պետական ինստիտուտների ժողովրդավարացման բոլոր ծրագրերը․ Գայանե Աբրահամյան
11:57 - 06 փետրվարի, 2020

ՍԴ-ն վիժեցնելու է անցումային արդարադատությունը, վեթինգի գործընթացը, խափանելու է պետական ինստիտուտների ժողովրդավարացման բոլոր ծրագրերը․ Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը։ Մեկնարկել է պատգամավորների ելույթների փուլը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ելույթը ներկայացնում ենք ստորև․ 

«Ինչո՞ւ են նախկին ռեժիմին ծառայած ու մարդու իրավունքների զանգվածային խախտումներն արդարացրած կամ իրավական փաթեթավորում տված կեղծ իրավապաշտպաններն այսօր այսքան մտահոգված Սահմանադրական դատարանի ու, մասնավորապես, Հրայր Թովմասյանի ճակատագրով։ Ինչո՞ւ է իշխանազերծ եղած օլիգարխիան կռիվ տալիս այս մարմնի լեգիտիմության բարձրացման ուղղված ցանկացած քայլի դեմ։

Ասեմ։ Քանի որ հենց բարձրագույն դատական ատյանն է մնացել այն փրկօղակը, որը կարող է հետաձգել նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու պահը, քանի որ հենց Սահմանադրական դատարանը հնարավորություն կստեղծի նախկինների ռևանշիստական մղումների ու վրեժխնդրության իրականացման համար։ 

Պետք է հիասթափեցնեմ նախկինի կարգավիճակին համակերպվել չցանկացող գործընկերներիս։ Այո՛, ժողովրդի կամքով ձևավորվելու է նաև այս մարմինը և այլևս չեք կարող տարիներով կեղեքված քաղաքացու վրա  ոտքերը մաքրել։ Սա մեր երկրում բացառվելու է և բացառվելու է ընդմիշտ։

Վերջերս ընդդիմադիրներից մեկը հայտարարում էր, թե Սահմանադրական դատարանի խնդիրն օրհասական չէ մեր երկրի մեջ։ Մենք ասում ենք, որ այն օրհասական է ոչ միայն երկրի, այլ հենց նաև Ձեզ համար, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականից, Ազգային ժողովի ամբիոնն ու լծակները կորցնելուց հետո առավելապես վախենում եք ոչ թե Ձեր նախկին կոռուպցիոն ու քրեական անցյալի բացառման գործընթացից(գիտեք, որ վաղ թե ուշ այն լինելու է), այլ հենց Սահմանադրական դատարանն ու Ձեր հիմնական հենարան Հրայր Թովմասյանին կորցնելուց։ Լավ գիտեք և հույս ունեք, որ ՍԴ-ն է թերևս այն միակ գործիքը, որ անցումային արդարադատությունը վիժեցնելու է, դատական համակարգի առողջացման համար արվող վեթինգի գործընթացն է վիժեցնելու նաև, կամ պետական ինստիտուտների ժողովրդավարացման բոլոր ծրագրերը խափանելու է։

Պետք է հիասթափեցնեմ․ սա ձեզ չի հաջողվելու և արդարության վերականգնման անկասելի գործընթացը հաղթական է լինելու։

ՍԴ անդամ, ՀՀԿ-ի կողմից ընտրված կամ ավելի ազնիվ կլինի ասել՝ նշանակված Հրայր Թովմասյանն ասում է, թե ինքը ՀՀ-ի ներսում թշնամիներ չունի։ Մինչդեռ սրանից առաջ ասում էր, թե ինքը սահման է պահում, խրամատում կանգնած զինվորի հետ էր համեմատում իրեն։ Պնդում էր, թե Արցախը տալու-չտալու սահմանն իր համար անցնում է Սահմանադրական դատարանով, հայոց ինքնությունը փրկելու խնդիրն անցնում է Սահմանադրական դատարանով։

Հարց է առաջանում, թե ովքե՞ր են սահմանի մյուս կողմում։

Պարո՛ն Թովմասյան, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները, արդյո՞ք ՀՀ քաղաքացիների կողմից ազատ և արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանությունը, Ազգային ժողովը։ Ովքե՞ր են սահմանի մյուս կողմում, որոնցից պաշտպանում եք ՍԴ-ն։ Դուք եք դրել այս սահմանը։ Մենք թշնամիներ չենք ընտրում։ Մեր միակ նպատակը սահմանադրի կամքի և հենց նույն Հրայր Թովմասյանի հեղինակած Սահմանադրության կարևորագույն դրույթների իրագործումն ու վերականգումն է։ Իսկ Ձեր՝ այդ պաշտոնին կառչած մնալը ոչ այլ ինչ է, քան մերժվածների փրկության վերջին բաստիոնի պաշտպանությունը։

Այս գործընթացը ՍԴ-ն պետությանն ու ժողովրդին վերացնելու միակ ճանապարհն է։ Այս գործընթացը Հրայր Թովմասյան անձի դեմ պայքարը չէ։ Սա կռիվ է և պայքար՝ հանուն Սահմանադրության, հանուն իրավունքի և օրենքի գերակայության և հանուն Սահմանադրության 2-րդ հոդվածի վերականգնման, իրագործման և վերջնական հաստատման»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել