Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) վարչական վարույթ է հարուցել Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք բժշկական ամբուլատորիաների նկատմամբ, հայտնում է մարմնի լրատվական ծառայությունը:
Վարչական վարույթների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ տնային մահերի դեպքում մահվան բժշկական վկայականների տրամադրման գործընթացներում։ Արձանագրվել են դեպքեր, երբ հարազատները հրաժարվել են դիակի հերձումն իրականացնել համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում՝ հստակ ախտորոշելու մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունները, բայց միաժամանակ բացակայում են այդ մասին համապատասխան գրավոր հիմքերը։ Բուժամբուլատորիաներում, որոնց հանդեպ հարուցվել են վարչական վարույթներ, ըստ հաղորդագրության, խախտումներով են վարվել կամ առհասարակ չեն վարվել մահվան դեպքերի գրանցամատյանները, օբյեկտիվ զննման որոշ տվյալներ չեն գրառվել ամբուլատոր քարտերում։
ԱԱՏՄ լսումների ընթացքում ի հայտ են եկել տեղեկություններ, որ Տավուշի մարզային որոշ համայնքներում դիահերձումը կամ այսպես ասած «մաքրումն» իրականացվում է առանձին ֆիզիկական անձի կամ անձանց կողմից՝ չպահպանելով ախտաբանաանատատոմիական թափոնների, առանձին օրգանների մեկուսացման, թաղման սանիտարական կանոնները և նորմերը, հիգիենիկ և հակահամաճարակային պահանջները։
Հաղորդվում է, որ նյութեր են նախապատրաստվում ոստիկանությանը տրամադրելու համար, որպեսզի հանգամանքները ճշտելու։
comment.count (0)