«Իմ քայլ»-ը առաջարկում է դադարեցնել Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների պաշտոնավարումը |hetq.am|
12:36 - 05 փետրվարի, 2020

«Իմ քայլ»-ը առաջարկում է դադարեցնել Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների պաշտոնավարումը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել Սահմանադրությունում, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման դրույթին:

Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել հետեւյալը՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Հիշեցնենք, որ միայն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն են ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո: Սա նշանակում է, որ այս փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում կավարտվի ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, այլև ՍԴ մյուս դատավորների պաշտոնավարման ժամկետը:

Նշվում է նաև, որ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար:

«ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների եւ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում: ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաեւ ՍԴ-ն՝ ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները՝ մինչև 65 տարեկանը լրանալը»,-նշվում է նախագծում:

Ըստ նախագծի հեղինակների՝ ստացվել է մի իրավիճակ, երբ ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996թ.-ից մինչև 2029թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով:

Տեղեկացնենք, որ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 88 պատգամավորի կողմ քվեարկություն: Հենց այդքան պատգամավոր ունի իշխող քաղաքական թիմը:

Նախորդ նստաշրջանում խորհրդարանն ընդունել էր ՍԴ անդամների՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու դեպքում վերջիններիս կենսաթոշակի իրավունք ստանալու նախագիծը: Չնայած նախագահը ստորագրել էր այս օրենքում փոփոխություններ կատարելու ԱԺ-ի որոշումը, և այն ուժի մեջ էր մտել, սակայն ՍԴ որևէ անդամ իր լիազորությունները վաղաժամ չէր դադարեցրել և այս օրենքից չէր օգտվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել