ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին աշխատակիցների կատարած չարաշահումների դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետը, 2015-2017 թթ. ընթացքում զբաղեցնելով նշված պաշտոնը, նույն վարչության փորձագետի՝ երբևէ փաստացի աշխատավայր չհաճախելու և դրա դիմաց յուրաքանչյուր ամիս վարձատրվելու պայմաններում, վերջինիս օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի՝ 3 միլիոն 937 հազար 170 ՀՀ դրամ գումարը։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, իսկ փորձագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։
Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և վերականգնել են պետությանը պատճառած՝ 3 միլիոն 937 հազար 170 ՀՀ դրամ գումար վնասը։
Իրականացված համակողմանի քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՏՄՊՊ վերահսկողության վարչության ստուգումների բաժնի նախկին պետը և նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետը, ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի՝ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու հանձնարարությամբ, ուսումնասիրել են ՍՊ ընկերությունից ստացված և կեղծված փորձարկման արձանագրությունները, որի արդյունքում, փորձարկման ենթարկված նմուշների մեջ «բուսական յուղեր»-ի առկայությունը թաքցնելու նպատակով, աղավաղել են փաստաթղթի բովանդակությունը և ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահին հասցեագրված զեկուցագրում «ճարպաթթվային կազմի պարզաբանում, բետաստերինների և տրանսիզոմերների որոշում» ցուցանիշի արժեքի անհամապատասխանության մասին դիտավորյալ որևէ տեղեկատվություն չեն ներառել, ինչպես նաև զեկուցագրում դիտավորյալ չեն ներառել եզրակացության եզրափակիչ մասում որոշ նմուշների վերաբերյալ տեղեկատվության բացակայության հանգամանքը: Արդյունքում վարչական վարույթ չի հարուցվել և չի քննարկվել տնտեսվարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի պետին և գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու միջնորդությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
comment.count (0)