«Սպառողների պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Մրցակցության և սպառողների պաշտպանության գրասենյակի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված փորձագետները սեպտեմբերի 29-ին դասընթաց անցկացրեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցների համար: Այս մասին տեղեկացնում են Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ եռօրյա դասընթացն ուղղված է սպառողների պաշտպանության համակարգի և հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների, ռեսուրսների և գիտելիքների կատարելագործմանը: Դասընթացին ներկա են գտնվել նաև Հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը:
Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում:
Լեհ փորձագետների հաջորդ այցը նախատեսվում է նոյեմբերին և նպատակաուղղված է ՀԿ-ների և համապատասխան կառույցների կազմակերպչական կարողությունների ուժեղացմանը: Փորձի փոխանակման նպատակով նախատեսվում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների այց Լեհաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող ուսումնասիրություններին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել կարգեր և ուղեցույցներ հասարակության մոլորեցման և դրա գնահատման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացման և դրա գնահատման վերաբերյալ:
comment.count (0)