armenpress.am։ Ապահովագրական ընկերությունները շուտով կսկսեն գյուղատնտեսության ոլորտում ևս երեք մշակաբույսի ապահովագրական փաթեթի վաճառքի գործընթացը: Դրանք են հացահատիկային մշակաբույս՝ ցորեն և գարի, ինչպես նաև խնձոր ու դեղձ: Այս մասին ասաց Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանը:
«Այս երեք մշակաբույսերի ապահովագրության վաճառքը հասանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերում: Ապահովագրական այս փաթեթի վաճառքն ունի ժամկետներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք: Կներկայացնենք նաև պայմանները, այն է՝ ապահովագրական վճարը, ապահովագրական ծածկույթը և այլն»,-ասաց Նարեկ Հովակիմյանը:
Նրա խոսքով, ամեն դեպքում այս մշակաբույսերի ապահովագրությունն ունենալու է այն նույն տրամաբանությունը, ինչն առկա է ներկայում խաղողի և ծիրանի համար վաճառվող ապահովագրական փաթեթներում: Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրով վաճառքի հանված առաջին փաթեթները վերաբերում են հենց խաղողին ու ծիրանին: Այս ուղղություններով գործընթացն ակտիվ փուլում է: Նշված մշակաբույսերի ցրտահարության ռիսկի համար ապահովագրության վաճառքի վերջնաժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա փետրվարի 15-ը: Կարկուտի և հրդեհի ռիսկի համար վաճառքի վերջնաժամկետ է սահմանվել մինչև մարտի 25-ը:
«Մենք այս ընթացքում գյուղացիական տնտեսությունների շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ ենք կատարել: Ներկայացրել եք ապահովագրական գործընթացի հնարավորությունները: Ասեմ, որ հետաքրքրությունը մեծ է, շարժ նկատվում է, վաճառքի տվյալներն ամեն օր փոխվում են, թեպետ, մենք սպասում ենք, որ ավելի ակտիվ պետք է լինեին»,-ասաց Նարեկ Հովակիմյանն՝ ընդգծելով, որ ծրագրի հաջողությունը կախված է հենց գյուղացիական տնտեսությունների ակտիվ մասնակցությունից: Մարզային այցերի ընթացքում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները հետաքրքրվել են ինչպես ծրագրի պայմաններով, մշակաբույսերի տեսակների ավելացմամբ, այնպես էլ վնասի փոխհատուցմամբ: Նարեկ Հովակիմյանն ընդգծեց՝ պետությունն ամեն ինչ անում է, որ պայմանագրերը լինեն մաքսիմալ հասանելի, իսկ փոխհատուցումը՝ մաքսիմալ շոշափելի:
Նշված մշակաբույսերի ապահովագրական փաթեթը մի շարք հնարավորություններ է տալիս: Մասնավորապես, ապահովագրության փաստացի գումարի 50 տոկոսի չափով տալիս է պետությունը: Վնասի դեպքում ապահովագրական ընկերությունը, օրինակ, ցրտահարման պարագայում փոխհատուցում է 60 տոկոսի չափով:
Շարունակությունը՝ armenpress.am-ում
comment.count (0)