Ինչպես է պետությունը լուծելու չմշակվող հողերի հարցը․ |lragir.am|
09:40 - 11 մայիսի, 2019

Ինչպես է պետությունը լուծելու չմշակվող հողերի հարցը․ |lragir.am|

lragir.am: Գյուղատնտեսության փոխնարար Արտակ Քամալյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» տնտեսական համաժողովի ժամանակ անդրադարձավ Հայաստանում չմշակվող հողերի խնդրին: Գործարարները հետաքրքրվեցին հարցով, թե ինչպե՞ս են լուծելու չմշակվող հողերի սեփականատերերի հարցը, եթե փորձեն այդ ոլորտում ներդրումներ անել ու խնդիրների հանդիպեն, հայտնվեն սեփականատերերը, ի՞նչ է լինելու:

«Մեր փորձագիտական գնահատականով՝ Գեղարքունիքի մարզում մոտավորապես 15-20 տոկոսով մենք հողերի սեփականատեր չենք գտնելու: Էդ մարդիկ չկան, ընդհանրապես չկան, էս 30 տարվա ընթացքում էդ մարդկանց հետ ինչ-որ բան կատարվել է: Ժառանգություն չեն ունեցել, ժառանգներն ու իրենք այստեղ չեն, երբեք էլ չեն լինի: Այդ հողերը մենք պետք է առաջարկենք կամ պետական սեփականության վերցնել կամ տանք համայնքներին: Եվ հետո համայնքները կամ պետությունը աճուրդի միջոցով այդ հողը պետք է կամ վաճառեն, կամ վարձակալության տան գործարարներին: Դա անելու համար միայն կամք է պետք ու կազմակերպչական գործողություններ»,- ասաց նա:

Ըստ Քամալյանի՝ իրենք ցանկանում են առաջարկել ընդունել օրենք, ըստ որի՝ այն մարդիկ, ովքեր երկու տարի անընդմեջ չեն օգտագործում իրենց հողակտորները, օրենքի ուժով դրանք կտրվեն վարձակալության պետությանը: Պետությունը պետք է ստեղծի հարթակ, կարող է խոշորացնել այդ հողակտորները և տալ վարձակալության այն մարդկանց, ովքեր ուզում են այդ հողը մշակել:

«Կա նաև երրորդ ուղղությունը, որը մենք քննարկում ենք, այն է, որ ամեն մարզում կորոշենք հողի գինը, և մարդկանց կառաջարկենք՝ ժողովուրդ, պետությունը որոշել է հողի գին, ով ուզում է մեզ վաճառել այդ հողը, եկեք վաճառեք, մենք գնում ենք: Այդ հողերը կմիավորենք և դարձյալ կամ կվաճառենք, կամ վարձակալության կտանք աճուրդով: Մեր ֆերմերներն այսօր ունեն գրավի խնդիր: Եթե մենք այս մեխանիզմը կիրառենք, բանկերը մեծ հաճույքով այս հողակտորները վերցնելու են որպես գրավ: Հետագայում, եթե այս մեխանիզմն աշխատի, բանկերը վերցնեն գրավ ու վարկեր տան, հողը տնտեսական առումով վատ օգտագործողներից գնալու է դեպի լավ ու արդյունավետ օգտագործող»,- նշեց Քամալյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել