armenpress.am։ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով հետաքրքրվածների թիվը կազմում է մոտ 300 մարդ, որից դիմում-հայտ ներկայացրել է 108 քաղաքացի:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
«Մեր մասնագետների կողմից արդեն այցելություններ են իրականացվել տվյալ տնտեսություններ և դրանցից մոտ 10-ը չի բավարարել պահանջներին»,- նշեց Գաբրիելյանը:
«Ծրագրի միջոցով կենդանիների համար կապահովվի մաքսիմալ հարմարավետություն, որպեսզի կենդանիներն էլ փոխհատուցեն կաթով, մսով և այլն: Այդ անասնաշենքերում կենդանիներն իրենց ցանկությամբ կարող են շրջել տվյալ տարածքում, ջուր խմել և կերն ուտել իրենց ցանկացած ժամին: Ավանդական անասնագոմերում անասունները հիմնականում շղթայված են և այդպիսով սահմանափակվում է նրանց շարժը, ինչի արդյունքում մաքսիմալ մթերատվություն չի լինում»,- շեշտեց Գաբրիելյանը:
Անասնաշենքերում լինելու է մշտական ջուր, օդափոխանակությունն է ապահովվելու, ինչպես նաև կթելու սարքավորումները:
Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն ընդգծեց, որ մշակված ծրագիրը նպատակ ունի արտադրանքի արդյունավետությունը, որակը բարձրացնելու, ինչպես նաև ինքնարժեքը նվազեցնելու:
«Վերջին տարիներին խոշոր եղջերավոր կենդանիների նվազում է նկատվում, սակայն 2019 թվականի դրությամբ անկման ինտենսիվությունը նվազել է: Մեծ հետաքրքրություն է առաջացել տնտեսավարողների կողմից՝ զբաղվել անասնաբուծությամբ՝ հատկապես տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ: Ծրագիրն ուղղված է ավելացնելու տոհմային կորիզը նախիրներում, ինչպես նաև կիրառել առանց կապերի բոքսային պահվածքի տեխնոլոգիան, որն այսօր համաշխարհային ճանաչում և օգտագործում ունի:
Դրանով է պայմանավորված արտադրված մթերքի՝ մասնավորապես կաթի որակի բարձրացումը»,- նշեց Լևոն Տեր-Իսահակյանը:
Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետն ընդգծեց, որ սահմանված չափանիշներին համապատասխան անասնաշենքերի կառուցումը գրավականն է արդյունավետության ապահովման:
comment.count (0)