Կարո՞ղ եք ասել մի ռեֆորմ, որն այս իշխանությունն ուզել է անել, ՍԴ-ն չի թողել։ Հեքիա՛թ․ Էդմոն Մարուքյան
07:56 - 06 փետրվարի, 2020

Կարո՞ղ եք ասել մի ռեֆորմ, որն այս իշխանությունն ուզել է անել, ՍԴ-ն չի թողել։ Հեքիա՛թ․ Էդմոն Մարուքյան

Իմ բնորոշմամբ՝ իրենք էլ են հասկանում, որ շատ խնդրահարույց փաթեթ են բերել և փորձում են ինչ-որ խնդիրներ շտկել, թե ինչ խնդիր, չգիտեմ, երբ նախագիծը կթարմանա, կտեսնենք: Ամեն դեպքում, նախագիծը միանշանակ լի է բազմաթիվ խնդիրներով։ Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի հետաձգմանը։

«Երբ մտածում էի՝ ինչ հարցեր տամ հեղինակին, այնքան հարց ունեմ, որ անհնար է էս փաթեթի 3-ժամանոց քննարկման ժամանակ և մեծ փաթեթի 5 ժամանոց քննարկման ժամանակ այդ հարցերը տալ»,- նշեց Մարուքյանը։

Նրա խոսքերով՝ Սահմանադրության այն հոդվածը, որը քաղաքական մեծամասնությունն ուզում է փոխել, կարող է փոխել խորհրդարանով, բայց իրենք երկրորդ ընթերցմամբ փաստաթղթեր չեն ներկայացրել։ «Ինչու՞։ Որ առաջին ընթերցումից հետո տապալեն այդ նախագիծը, որ գնա հանրաքվեի։ Եթե խորհրդարանը կարող է այդ փոփոխությունն անել այստեղ, ինչու՞ եք ժողովրդին տանում ընտրական տեղամասեր։ Մեկը կարո՞ղ է սա բացատրել։ Ինչու՞ է պետք ունենալ քարոզարշավ մինչև մայիս, և մի հոդված փոխելու համար ՀՀ միլիոնավոր քաղաքացիների տանել ընտրական տեղամաս»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ Սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է երկու պարագայում էլ․ «Եթե իրենք չեն ուղարկում ՍԴ, ուզում են հանրաքվե անել, կարող են էլի չուղարկել ՍԴ, նույն բանն է, երկուսն էլ ապօրինի է, բայց թող էստեղ ընդունեն, ինչի՞ են տանում տեղամասեր»։

Մարուքյանը հարց է ուղղում՝ ինչու՞ եք Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, իրենց ներկայացուցիչներին քարոզարշավին մասնակցելու հնարավորություն տալիս, մեկը կարո՞ղ է բացատրի, մեկը մտածե՞լ է սրա մասին։

«Էս իշխանությունն ինքն իրա ոտի վրա կրակելով ա զբաղված։ Երբ մենք ասում ենք՝ ա՛յ ախպեր ջան, ոտքիդ մի կրակի, իրենք չեն հասկանում։ Հերիք չի՝ չեն հասկանում, ի պատասխան ստանում ենք ամենավատ վիրավորանքներն ու վերաբերմունքը»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ ՍԴ ճգնաժամը սուտ պատմություն է, բայց անգամ, եթե ընդունենք, որ մի մարդ ասել է, թե կա ճգնաժամ, ու մյուսները համաձայնել են, էդ ճգնաժամի համար չի կարելի մատաղ անել իրավունքի գերակայությունը, մեր միջազգային վարկը, չի կարելի հնարավորություն տալ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին վերակենդանանալու էս քարոզարշավի միջոցով։

«Կարո՞ղ եք ասել մի ռեֆորմ, որ այս իշխանություններն ուզել են անել, ՍԴ-ն չի թողել։ Հեքիաթ»,- ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Մարուքյանի խոսքերով՝ ինքն անձերով չի զբաղվել ու չի զբաղվելու, Հրայր Թովմասյանը նախկին իշխանության ներկայացուցիչ է, Սահմանադրության հեղինակներից մեկը, և նրա ամբողջ թիմը հեռացել է իշխանությունից, պետք է ինքն էլ ժամանակին պատշաճ կարգով թողներ, գնար։

«Բայց որ ինքը չի հեռացել, չի նշանակում, որ էդ մի մարդու հեռանալու համար կարելի ա զոհաբերել էսքան արժեք։ Ինքը չարժե էդքան։ Ո՞նց բացատրեմ։ Հրայրին ա օգուտ, որ հանրաքվե լինի, Սերժ Սարգսյանին ա օգուտ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել