Այն լուծումը, որը կարող եք տալ դուք՝  88 հոգով, ինչո՞ւ եք բարդում ժողովրդի վրա․ Էդմոն Մարուքյան
10:27 - 06 փետրվարի, 2020

Այն լուծումը, որը կարող եք տալ դուք՝ 88 հոգով, ինչո՞ւ եք բարդում ժողովրդի վրա․ Էդմոն Մարուքյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը։ Քննարկման հիմնական զեկուցողն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը։ Զեկուցողին առաջին հարցն ուղղեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը ներկայացնում ենք ստորև․

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան - Դուք ներկայացնում եք իրավիճակ, որը մինչև հեղափոխությունն է եղել։ Ես ուզում եմ ասեք, թե այս 2 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ի՞նչ ռեֆորմներ է տապալել Սահմանադրական դատարանը։

Երկրորդ հարցը՝ վերջին 2 տարիների ընթացքում քանի՞ ՀՀ քաղաքացի է դիմել այս գործող ՍԴ և բախվել անարդարության պատին։

Երրորդ՝ ինչու՞ այս փոփոխությունը չեք անում Ազգային ժողովում և  ուղարկում եք հանրաքվեի, ՀՀ միլիոնավոր քաղաքացիների ուղարկում եք տեղամասեր, դրանով նաև երկիրը 3-4 ամիս մտցնում եք ընտրական պրոցեսների մեջ, այսինքն՝ տուրբուլենցիաների մեջ,  նախկին իշխանությաններին սրանով հնարավորությունն եք տալիս լինել հանրաքվեի մաս, մասնակցել քարոզչությանը, քաղաքական գործընթացներին, վերաիմաստավորվել և վերակենդանանալ։ Ինչու՞ եք սա անում։

Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյան - Ինձ մոտ այն տպավորությունն է, թե Դուք չէիք լսում ես ինչ էի խոսում։ Ես չէի ասում, որ ՍԴ-ն քաղաքացիների դիմումները, քննարկումները տապալել է։ Ես խոսում էի Սահմանադրության երկրորդ հոդվածի՝ իրենց կողմից անտեսված լինելու մասին՝ տարիներ, տասնամյակներ շարունակ։ Այս երևույթը այնպես չի, որ հենց այսօր պետք է դրսևորվի։ Այս երևույթը տասնամյակներով դրսևորվել է։

Այն ժամանակ, երբ Դուք իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվել, այս նույն երևույթի դեմ եք պայքարել։ Խնդիրը կայանում է նրանում, որ հանրությունը այդ Սահմանադրական դատարանին չի վստահում։ Չի վստահում այն ՍԴ-ին, որը 2 տասնամյակից ավել ոտնատակ է տվել ժողովրդի իշխանությունը։

Ըստ էության ես նաև Ձեր երկրորդ հարցին էլ պատասխանեցի, թե քանի դիմում է այս ընթացքում մերժվել ՍԴ-ի կողմից։

Գամ 3-րդ հարցին, թե ինչու խորհրդարանն ուղղակի չի անում։ Տեսեք։ 

Սահմանադրական փոփոխությունների ընդունման գործընթացը Սահմանադրությունում հիշատակվում է 3 դրույթներում՝ 168-րդ հոդված, որը սահմանում է Սահմանադրական դատարանի լիազորությունները, 169-րդ հոդված, որը սահմանում է փոփոխությունների հարցով Սահմանադրական դատարան դիմողին, 202-րդ հոդված, որը սահմանում է, թե ինչպես է Սահմանադրությունում փոփոխություններ իրականացվում։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ 202-րդ հոդվածում ՍԴ եզրակացության մասին ոչինչ չկա նշված։ Բայց ամեն դեպքում, երբ այս 3 հոդվածները համեմատության մեջ ենք դնում, իրավաբանները պնդում են, որ ՍԴ եզրակացությունն ինչ որ տեղ կարող է բխել Սահմանադրության 2-րդ հոդվածից, որտեղ ասվում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով։ Այս դեպքում ժողովրդի իշխանության իրացման մարմինը պետք է լիներ ՍԴ-ն։ Բայց քանի որ խնդիրը վերաբերում է հենց ՍԴ-ին, չի կարող հենց Սահմանադրական դատարանը լինել ժողովրդի իշխանության իրացման մարմինը։ 

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան - պարո՛ն Հովակիմյան, ես Ձեզ քաղաքական հարց եմ տալիս։ Ասում եմ՝ այն լուծումը, որը կարող եք տալ դուք՝  88 հոգով, ինչո՞ւ եք բարդում ժողովրդի վրա, ուղարկում տեղամասեր՝ դրանից բխող հետևանքներով։ Բան եք որոշել, փոխեք այստեղ։ Այս հարցին պատասխանեք։ Երկրորդը՝ Դուք փաստորեն ասում եք, որ ՍԴ-ն վերջին 2 տարիներին չի խանգարել գործող իշխանություններին, չի միջամտել որևէ ռեֆորմի և քաղաքացիներին էլ չի նվաստացրել իր դռների մոտ։ Մինչդեռ Ձեր նշած այն տարիներին, երբ ես իրավապաշտպան էի, ըհդհանուր իրավասության դատարաններում մարդկանց քաղաքական հետապնդման էին ենթարկում,կալանավորում, բանտարկում, նվաստացնում, նսեմացնում, և այդ դատարանների հետ կապված դուք ոչինչ չեք անում։ Երբ ասում եք, որ ժողովուրդը չի վստահում դատական իշխանությանը, առաջին ատյանի վերաքննիչ և վճռաբեկ դատարանների մասին է խոսքը, ՍԴ-ի մասին խոսք չի գնում։ Խնդրում եմ՝ անդրադառնալ այս հարցերին։

Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյան -  Ես իմ խոսքում այդպիսի բառ չեմ օգտագործել, որ չի խանգարել։ Ընդհակառակը։ Իմ ելույթը այն մասին էր, որ ՍԴ-ն իր էությամբ, որոշ անդամների քաղաքական գործունեությամբ զբաղված է խանգարելով և բարեփոխումները կանգնեցնելով։ Եթե ուշադիր հետևեք ՍԴ վերջերս կայացված որոշումներին, կտեսնեք, որ այնտեղ կան կոնկրետ որոշումներ, որոնք իրենց թիրախում կան ԲԴԽ լիազորությունների կրճատում և բարեփոխումների չեզոքացում։ Այսինքն՝ զրկում են ԲԴԽ-ին լիազրություններից, որպեսզի ԲԴԽ-ն լիազորություններ չունենա բարեփոխումներ անելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել