Այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ եւ հավաստիացել, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որեւէ խնդիր չունենք։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նա նշեց որ, ըստ էության, այն խոցելի տեխնիակական օղակները, որտեղ հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարված, որպեսզի մասնագետների փոխարինելիությունն ապահովվի։ Նախարարը վստահեցրեց, որ մենք արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա։
Արշակյանը հայտնեց, որ հեռահաղորդակցության ոլորտում սպասարկման կենտրոնների աշխատանքի որոշակի սահմանափակումներ կան։ Հաշվի առնելով հանգամանքը, որ սպասարկման կենտրոններում բնակիչները հիմնականում ստացված փաթեթների փոփոխության կամ նոր բաժանորդագրության ծառայություններ են ստանում, որոշ կենտրոնական հատվածներում գործում են սպասարկող գրասենյակներ, բայց դրանց թիվը սահմանափակված է՝ կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու համար։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն եւս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ է, եւ այստեղ նույնպես այն օղակներում, որտեղ հնարավոր են ռիսկեր, լուծված է մասնագետների փոխարինելիության հարցը․ «ՀՀ ողջ տարածքում ռադիո եւ հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից որեւէ խնդիր չենք ունենա։ Այս պահին բոլոր ռիսկերը կառավարվում են եւ կառավարելի են»,- վստահեցրեց նախարարը։
Անդրադառնալով փոստային ծառայությունների համակարգին՝ Արշակյանը նախ ընդգծեց, որ փոստը կենսաթոշակների եւ սոցիալական վճարների հիմնական օղակն է եւ Սոցապ նախարարության հիմնական գործընկերը, ապա հավաստիացրեց, որ մենք ընդհատումներ եւ խափանումներ չենք ունենա․
«Փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի, եւ այս պահին ամբողջ ծավալով գործում են։ Այնուամենայնիվ, որոշակի գործիքակազմ է կիրառված՝ անվտանգության եւ վիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված։ Խնդրել ենք, որ փոստի գրասենյակում կուտակումներ չլինեն։ Բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, օրվա ընթացքում ախտահանում է կատարվելու։ Հույս ունեմ՝ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան։ Այն տեղերում, որտեղ հնարավոր կլինի թե՛ կենսաթոշակները, թե՛ սոցվճարները տանել-հասցնել քաղաքացիներին, հիմնականում գյուղական համայնքներում, դա կիրականացվի մաքսիմալ հնարավորության սահմաններում»։
Արշակյանը հայտնեց, որ Ժամանակակից տեխնոլոգիական կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարածման գոտիների եւ այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված գիտնականներից, ՏՏ մասնագետներից, տվյալների վերլուծաբաններից, արհեստական բանականության մասնագետներից։ Առողջապահության նախարարությունում նույնպես տվյալների հավաքագրման եւ մշակման համար խումբ է ստեղծվել։ Խումբն ակտիվ մասնակցում է եւ մասնակցելու է համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրման, մշակման, հետագայում որոշակի կանխատեսումների եւ գնահատականների ուղղությամբ աշխատանքներին։ Առաջիկա օրերին որոշակի արդյունքներ լինելու դեպքում կհայտնեն դրանց մասին։
Հակոբ Արակյանը քաղքացիներին կոչ արեց հնարավորության դեպքում օգտվել առցանց վճարային ծառայություններից՝ նշելով, որ բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ։ Նա ասաց, որ մինչ այժմ ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները թույլ են տալիս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվել առցանց եղանակով․ օրինակ՝ E-request.am կայքի միջոցով առանց տանից դուրս գալու՝ կարող եք դիմումներ, բողոքներ, հարցումներ ուղարկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Վճարումներ կարող եք իրականացնել E-payments.am համակարգի միջոցով, վճարահաշվարկային՝ Mobidram, Telcell, Easypay, Idram տերմինալների միջոցով, Arca.am, Arca, Upay եւ այլ վճարային համակարգերի միջոցով։
comment.count (0)