Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20 (թարմացվող)
23:37 - 18 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20 (թարմացվող)

23։11- Ամենաճշգրիտ թեստերի բավարար քանակ ունենք, այս պահին՝ 3000, եւս 1000-ը վաղը կամ մյուս օրը կստանանք, եւս 1000-ը՝ մյուս շաբաթ։ Բայց հաճախ խոսվում է արագ թեստերի մասին՝ թքային եւ արյունային։ Դրանցից էլ ենք ձեռք բերում, մատակարարողների մասով հստակ ժամկետ չեմ կարող ասել, մենք փորձում ենք ճիշտ լոգիստիկ եղանակով բերել Հայաստան։ Երբ եղան, մի քիչ ավելի շատ տեղերում կարող են արվել, իսկ հիմա թեստավորումը կարող է արվել միայն մեր լաբորատորիայում, որտեղ կա կենսաանվտանգության բարձր մակարդակ։ [Արսեն Թորոսյան]

 

22։56- Որոշակի լրատվամիջոցներ և անհատ օգտատերեր եղել են, որոնք հատուկ ռեժիմի սահմանված կանոններից չբխող և ապատեղեկատվություն պարունակող հրապարումներ են արել։ Մեր համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են նրանց, բացատրել են գործող կարգը և հորդորել են, որպեսզի անհապաղ հեռացնեն։ Տեղեկացվել են՝ կրկնվելու դեպքում ինչ տույժի կարող են ենթարկվել։ 
[Փոխոստիկանապետ Հայկ Մհերյան]

 

22։30- Մենք հայտնում ենք անխտիր բոլոր վարակվածների մասին։ Թվերը աճում են, սակայն նշում ենք, թե համաճարակաբանորեն ինչ դեպքերի հետ են կապված դրանք։ Վարակվածների 80-90 տոկոսը կապված է երկու օջախի հետ․ մեկը Էջմիածնում գոյություն ունեցող օջախն է, մյուսը՝ արտադրամասը։ Համաճարակաբանական տեսանկյունից կարեւր է հասկանալ՝ մենք նոր, դրսից բերովի, այս օջախների հետ չկապված դեպք ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ․ բարեբախտաբար պրակտիկորեն չենք ունենում, բայց դա չի նշանակում, որ վաղը չենք ունենա։ [Արսեն Թորոսյան]

 

22։17- Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, պարետ Տիգրան Ավինյանը խնդրում է բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո:
Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝ աջակցությունն առավել հասցեական և թիրախային դարձնելու մղումը:
Պարետատան հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 10 515 994 Զարուհի Մաթևոսյանին կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին:
Յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է՝ անհատ կամավորներից մինչև բարեգործական նախաձեռնություններ։

 

22:10-  Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք:
Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: [Առողջապահության նախարարություն]


21:35- Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս պահի դրությամբ քննարկումներ չեն իրականացվում, հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցման պատճառով ամառային զորակոչի հնարավոր հետաձգման վերաբերյալ հարցին։ 


21:20- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցվել համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան]


21:00- ԵՊՀ-ն կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված ԱՆ միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 մլն ՀՀ դրամ:


20:47- Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը եւս ներգրավված է պարետատան անդամների կազմում,  եւ՛ երեկ, եւ՛ այսօր ներկայացվել են առաջարկներ, որպեսզի եւս 2 որոշում սահմանվի, որոնք վերաբերում են ընդհանրապես աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանմանը։ Գործատուների կողմից աշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործիքակազմի համար Աշխատանքի եւ առողջության պահպանման վարչության կողմից մշակվել էր պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան աշխատանքների ժամանակ։ Կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ վերջնական տեսքն արդեն պարետի կողմից հաստատված կունենանք։ [Հակոբ Ավագյան]


20:43- Հունվարի 24-ից սկսած ՀՀ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընհանրապես ՀՀ ժամանող բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19900 է։ Այս քաղաքացիները չեն եկել անապահով երկրներից, բայց բացահայտվում են ինչ-որ դեպքեր, եւ պետք է լինում այդ ուղեւորների շարքում գտնել կոնտակտավորների։
Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որտեղ ներառված են նաեւ վերջին՝ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները։ [Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյան]


20:35- Այսօր պարետատան նիստին.
✅մանրամասն քննարկել ենք հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը,
✅անդրադարձ ենք կատարել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Ընդգծել եմ, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները,
✅ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա,
✅կոչ եմ արել հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը: [Տիգրան Ավինյան]


20:33- «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն։


20:32- Բանկային համակարգի հետ պայմանավորվել ենք, որ հաճախորդներին անհատական վերաբերմունք կցուցաբերեն, եւ այն հաճախորդները որոնք օբյեկտիվ կհիմանվորեն, որ իրենք կորոնավիրուսի պատճառով չեն կատարում պարտավորությունները, բանկերը ընդառաջ կգնան։ [Նիկոլ Փաշինյան]


20:30- Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։
✅Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է` համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։
✅ Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակների, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։ [ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց]


20:10- 30 մլրդ դրամի փաթեթ ենք պատրաստել՝ զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի բացառենք այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում տեղի կունենա։ [Նիկոլ Փաշինյան]


20:05- Սպառողական վարքագծի տեսակետից անորոշություններ կան։ Բայց մի բանում 100 տոկոսով կարող ենք վստահ լինել․ ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ հետո, մարդիկ շարունակելու են սնվել։ Եւ հետեւաբար սա շատ լավ ժամանակ է, որպեսզի լուրջ աջակցությունն ցույց տանք մեր գյուղատնտեսությանը։ Հիմա խնդիր ենք դրել՝ այնպես անել, որ շատ արագ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորենք այնքան, մինչեւ դառնան 0 տոկոս։ Եւ պետք է քաջալերենք հնարավորինս շատ մարդկանց՝ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Իհարկե, սա իր հետ շղթայական պիտի բերի ներդրումներ ոռոգման, ջրամբարաշինության ոլորտում։ [Նիկոլ Փաշինյան]


20:00- Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։ Բայց հարցն այն է՝ ո՞ր ճյուղերին։ Այս հարցին ի պատասխան՝ պիտի միտվենք ոչ թե անցյալին, այլ ապագային։ Ոչ միայն ո՞ր ճյուղերին, այլեւս ինչպե՞ս։ Ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցնեք, այլև կոնկրետ մարդկանց։ Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնենք հետեւյալ ծրագրին․ այն ընկերությունները, որոնք վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու եւ այլնի համար, այդ վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի 0 տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով։ [Նիկոլ Փաշինյան]


19:40- Վստա՞հ ենք, որ արտահանման կարիք ունենալու ենք։ Կարող է պարզվել, որ մթերքը, որն արտադրում ենք, ներքին պահանջարկը հազիվ է բավարարում։ Եւ ո՞վ ասաց, որ չպիտի օգտվենք առիթից եւ դիվերսիֆիկացնենք արտահանման մեր ուղիները։ Կարող է պարզվել՝ բազմաթիվ տեղեր խնդրանքներ ունենք, որ իրենց մոտ արտահանենք։ Նկատի ունեմ՝ հին կլիշեներից պետք է դուրս գանք եւ մտածենք նորովի։ Իհարկե, ԵԱՏՄ-ն, ՌԴ-ն, մեր հարեւան երկրները կարեւոր են մեզ համար, բայց կարող է պարզվի պահանջարկը ՌԴ-ում ավելի է շատանում։ Այսօր անորոշություն է․ ոչ մեկը չգիտի՝ վաղն ինչ կլինի։ Բայց այդ անորոշությունը սովորաբար խուճապ է առաջացնում մարդկանց մոտ։ Մենք ասում ենք՝ մեր քաղաքականությունը կառուցում ենք այնպես, որ այդ անորոշությունների մեջ ամենօրյա ռեժիմով փնտրենք եւ գտնենք հնարավորություններ։ [Նիկոլ Փաշինյան]


19:20- Առաջին դեպքը, որ մարտի 1-ին ունեցանք, Իրանի ճյուղն էր, այդտեղ զարգացում ունեցանք ընդամենը երեք դեպք, և սա ոչ այնքան մեր գործողությունների շնորհիվ, որքան այդ քաղաքացու պատասխանատու մոտեցման, որ ինքը հստակ հետևել էր ԱՆ հրահանգին և արագ ահազանգել էր։ Մեզ էլ հաջողվեց արագ մեկուսացնել։ Մյուս դեպքերում, ցավոք, մի փոքր այլ իրավիճակ ունեցանք, և վարակն ավելի ընդլայնված տարածվեց։ Այնուամենայնիվ, մեր մարտավարությունը, երբ որ Էջմիածնում կարողացանք որոշակիորեն կայունացնել, հիմա հույս ունենք, որ արտադրամասում ևս կկայունացնենք։ Այսինքն՝ նոր ճյուղերի զարգացում այս պահին չունենք, բայց համաճարակը նրանով է համաճարակ, որ անկանխատեսելիության և անորոշության մեծ դաշտ է պարունակում։ Եվ եթե տեսնենք, որ այս մեթոդն այլևս անիմաստ է, մենք ունենք պայքարի երկրորդ, երրորդ տարբերակները։ [Նիկոլ Փաշինյան]


19:15- 102-ից 75 տոկոսը երկու աղբյուրից են․ առաջինը՝ Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ, երկրորդը՝ արտադրամասի։ Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել։ [Նիկոլ Փաշինյան]


19:00- Հաստատված դեպքերի թիվը` 102։ [Նիկոլ Փաշինյան]


18:45- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 18-ի ժամը 18:00-ին մուտքերը կազմել են 45 մլն 763 հազար 615.10 դրամ։  [ՀՀ ֆիննախ]


18:35-
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:

Հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝

Էլ. Փոստ՝ [email protected]
թեժ գիծ՝ +201207050580
Viber՝ +201207050580
WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։




18:15-
Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել:

Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով։ [Տիգրան Ավինյան]




18:08- Ավագանու անդամ, հարգարժան Թեհմինա Վարդանյանը գրառում է արել, որտեղ նշել է, թե քաղաքապետարանից գրություն է ստացել, որով առաջարկվել է հետաձգել մարտի 19-ի նիստը մինչև մարտի 31-ը: Խոսքը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից երեք խմբակցությունների ղեկավարներին հասցեագրված գրության մասին է, որով քաղաքապետն առաջարկել է, մեջբերում եմ բառացի, «մինչև մարտի 18-ի ժամը 14.00-ը, խորհրդակցելով Ձեր խմբակցության անդամների հետ, ներկայացնել դիրքորոշում Երևանի ավագանու 19.03.2020թ. նիստը հետաձգելու հնարավորության վերաբերյալ: Եթե ունեք այլ առաջարկ՝ խնդրում եմ ներկայացնել դրանց հիմնավորումները…»: «Լույս» խմբակցությունից նշված ժամկետում քաղաքապետը պատասխան չի ստացել: Հաշվի առնելով մյուս խմբակցությունների դիրքորոշումները, կայացվել է այն որոշումը, որի մասին տեղեկացրել ենք նախօրեին՝ նիստը կանցկացվի ամսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում։ [Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյան]

 

18:06- Հայաստանի Ժուռնալիստների միությունը և  մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ պարզաբանումներ են խնդրել Տիգրան Ավինյանից արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ։

 

17։31- Կոչ ենք անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։ [ՃՈ]

 

17։30- Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Այս օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար կրթության համակարգի ներդրմանը: Նախագահ Սարգսյանը ողջունում է այս օրենքների ընդունումը և կարևորում հեռավար կրթության մոդելի ներդրումը: [Նախագահի  աշխատակազմ]

 

17։10- «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա․ «Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:
‼️Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․ կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։
‼️Հայաստանում գտնվելու փաստը հաստատելու նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա․ իրավական հիմքեր են ստեղծվում որպեսզի երկարաձգվի կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Խնդում եմ, ինքնամեկուսացեք տանը, դա որևէ կերպ չի խոչընդոտի վերը նշված ծառայույուններից և երաշխիքներից օգտվելու ձեր իրավունքի իրացմանը։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]

 

17։08- ՍԱՏՄ-ն հանրային սննդի օբեկտների, իրացման կետերի, արտադրությունների օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն  ուղղված անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ: Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների ,դռան բռնակների և ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր և օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթես րբիչներով, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, ինչպես նաև արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն և այլն) աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք: ՍԱՏՄ-ն կվերահսկի ցուցումների կատարումը: Խախտումներ նկատելիս զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին՝ 010-206040 շուրջօրյա հեռախոսահամարով: [ՍԱՏՄ]

 

16։59- Դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում ենք առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների։ Մենք պետք է կարողանանք իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16։45- Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16։48- Այս պահին Վերին Լարսի անցակետում ունենք մոտ 40 քաղաքացի, որոնց հետ անմիջական կապի մեջ է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։ Հյուպատոսը նույնպես մեկնում է անցակատետ։ Փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին տեղում օգնություն ցույց տալ եւ ուղորդել, որպեսզի ինքնաթիռներով ճանապարհվեն Հայաստան։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]

 

16։44- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2.000.000 ՀՀ դրամ կփոխանցի գանձապետական հաշվին ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]

 

16։43- Այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։  [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16։42- Տիգրան Ավինյանը արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է նշանակել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին:

 

16։30- Այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ ենք անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]

 

16։25- Բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում ենք որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]

 

16։21- Մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ Տվյալներ չունենք, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16։19- Երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագիրը, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, Շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն։ Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16։18- ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՔԾ-ում ժամանակավորապես  դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:  Խնդրում ենք այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 հեռախոսահամարով։ [ՀՔԾ]

 

16։16- Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16։13- Այսօրվանից ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ դրանք իրականացվում են անխափան։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16։12- Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16։11- Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ հանդես եկավ հորդորով՝ քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16։10- Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ.
 Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով:
 Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրություն:
 Բոլոր կայարաններում ուղևորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար տեղեկացվում են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների և ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ:
 Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են վատ ինքնազգացողության նախանշաններ դրսևորող ուղևորներին կամ աշխատակիցներին:
 Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:
 Ամեն աշխատանքային օր սկսվում է տեղերում նպատակային հրահանգավորմամբ:
 Ամեն առավոտ կադրերի բաժնի աշխատակիցը կատարում է զանգեր արտադրողական տեղամասեր, ճշտում է աշխատողների առողջական վիճակը և կասկածի դեպքում, աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա:

Մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգային
ուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Այժմ ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները: [ՏԿԵՆ]

 

16։08- Կորոնավիրուսի պատճառով տուժել են տուրիզմի, հանրային սննդի եւ այլն ոլորտներ։ Իսկ դրանք ավելի շատ մարդկանց վարքագծով են պայմանավորված։ Օրինակ՝ զբոսաշրջիկը, դրանով պայմանավորված, չի այցելում այլ երկիր։ Այսպես թե այնպես այդ ոլորտի ներկայացուցիչներն իրենց վրա այդ ազդեցությունը զգալու էին։ Եթե հիմա արտակարգ դրությամբ պայմանավորված ավելի կոշտ միջոցառումներ լինի, օրինակ՝ արգելվի որոշ վայրեր ընդհանրապես գնալը, կամ որոշ օբյեկտներ փակվեն, ավելի կմեծանա այդ ազդեցությունը։ [ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան] |armtimes․com|

 

15։35- Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 19-28-ն ընկած ժամանակահատվածում չեղարկել է SU1868 Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է կայանար երեկոյան 20։40, SU1966 Մոսկվա-Երևան՝ ժամը 23։20-ի չվերթը։ Մարտի 20-28-ին չեղարկվել են SU1869 (Երևանից մեկնումը՝ ժամը 02:55­ին) և SU1967 (Երևանից մեկնումը՝  ժամը 04:55­ին) չվերթները: Մարտի 23-28-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված մի քանի չվերթ, խոսքը Մոսկվայից մեկնող SU1858 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 06:30­ին) և SU1862 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 16:40­ին), ինչպես նաև Երևանից մեկնող SU1859 (մեկնումը՝ ժամը 11:20­ին) և SU1863 (մեկնումը՝ ժամը 21:35­ին) չվերթերի մասին է։ Չեղարկված չվերթների տոմսերի փոխանակումն ու վերադարձը հնարավոր է առանց տուգանքների։ |armenpress.am|

 

15։33- Կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև ՀՀ-ն։ Ստեղծված իրավիճակում ԶՈՒ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ.

❗️Անհարկի չմիջամտել համա­ճա­րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու­թյան և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա­ռումներին։
❗️Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա­րակակիր քաղաքացիների հետ բացառելուն։
❗️Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:
❗️Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար: [ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան]

 

15։29- Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. [email protected], [email protected]
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը, զանգահարել    012-31-77-20 և 060-44-02-07 հեռախոսահամարներով: Շուրջօրյա գործում են 911 և 112 հեռախոսահամարները։ [ԱԻՆ]

 

15։23- Այսօր Dasaran.am կայքում, որը միավորում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բոլոր հանրակրթական դպրոցներին և ունի ընդհանուր առմամբ 1,107,346 օգտատեր (ուսուցիչ, աշակերտ, ծնող), գործարկվեց նոր «Դասեր» բաժինը: Համահայկական առցանց հարթակն ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում անցկացնելու ուսուցման գործընթացը հեռավար տարբերակով` այդպիսով իսկ հետևելով անվտանգության կանոններին երկրում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում և միաժամանակ ապահովելով դասապրոցեսի սովորական ընթացքն ու լիարժեքությունը:

 

14։55- Երևանի բոլոր վարչական շրջանների համատիրությունները իրականացնում են մուտքերի և վերելակների ախտահանում։ [Երևանի քաղաքապետարան]

 

14։53- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանու մբացված «Ֆիզիկականանձանց և կազմակերպություններինվիրաբերությունիցպետությանը, կորոնավիրուսայինվարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարմանապահովմանհամարֆինանսականաջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ.ժամի 14:00-ին մուտքերըկազմել է 43մլն 121հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում:

 

14։51- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ [ԱՀ ԱՆ]

 

14։38- Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից - 16:00-ն ընկած ժամանակահատվածում:
Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով:

✅ «Արտաշատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 094-40-65-00
✅ «Մասիսի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-83-93-08
✅ «Վեդի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-24-94-64
✅ «Արարատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 041-50-51-71

 

14։06- Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ: [Նիկոլ Փաշինյան]

 

14։01- Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։ [Նախագահի աշխատակազմ]

 

13։51- Քաշաթաղի շրջանը Սյունիքի մարզին կապող բոլոր ճանապարհների երթևեկության վրա հաստատվել է խիստ վերահսկողություն։ Մասնավորապես՝ Գորիս-Բերձոր, Խնձորեսկ-Որոտան/Սարատակ, Կապան-Կովսական մայրուղիներում տեղադրվել են հսկիչ անցակետեր՝ համապատասխանաբար ոստիկաններով և բուժաշխատողներով, ովքեր շուրջօրյա վերահսկելու են երթևեկողների առողջական վիճակը (առաջին հերթին՝ ջերմաչափման միջոցով)։ Հսկիչ անցակետերը կարող եք անցնել միայն անձնագրով։ Քաշաթաղը Սյունիքին կապող մյուս բոլոր ճանապարհները փակ են լինելու: Կրթական բոլոր հաստատությունները շարունակելու են մնալ փակ։ Կարգադրել եմ դադարեցնել նաև Քաշաթաղի երկրագիտական թանգարանի և Բերձորի քաղաքային գրադարանի աշխատանքները, չեղարկել եմ բազմամարդ հավաքները, սպորտային պարապմունքները, մշակութային միջոցառումները։ [Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյան]

 

13։46- «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում  ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է: Հստակ չէ, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով։ |armenpress.am|

 

13։42- Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ: Աբու Դաբիից մեկնած երկու ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 32 տոննա պարագաներ, այդ թվում՝ ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքավորումներ: Վերջին օրերին սա ԱՄԷ-ի կողմից Իրանին օգնություն տրամադրելու երկրորդ դեպքն է: |armenpress.am|

 

13։37- Այսօր` մարտի 18-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի ասուլիսը:
📍Թեմա` արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների գործունեությունը և ՀՀ քաղաքացիների երկրից երկիր տեղաշարժի կարգավորումները արտակարգ դրության պայմաններում:
✅Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:

 

13։10- Ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։ [Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան]

 

13։08- Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եւ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի: Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաեւ այսպիսի ռիսկեր: [Նիկոլ Փաշինյան]

 

12։34- Ռեկտորները լիարժեք պատրաստակամություն են հայտնել հեռավար կրթության համակարգը ներդնելու, ինչը նշանակում է, որ կարձագանքեն առաջացող խնդիրներին։ Եղել է Ռեկտորների խորհրդի որոշում, որտեղ նշում են իրենց պատրաստակամության եւ պատասխանատվության մասին։ Դասախոսներն էլ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, որոնք պետք է լինեն կամ առցանց, կամ ձեռքի տակ եղած նյութերը սկանավորված փոխանցեն ուսանողներին։ Դժվարություններ լինելու են, բայց սա հնարավորություն է, որ խնդիրները գույքագրենք եւ դրանց լուծում տանք։ [Արայիկ Հարությունյան]

 

12։28- Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների, դասերի անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում։ Առավոտյան 08։30-09։30 կլինեն դասեր, դրանք կվերսկսեն 11։30-12։40։ Շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից․ իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար, եւ 24 ժամ ունենալու ենք նմասն դասընթացներ։ Հիմա ծավալը կարող է քիչ լինել, բայց արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասախոսություններ կկարդան, որոնք կմատուցվեն աշակերտներին։ Մենք ունենալու ենք յութուբյան առանձին ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, եւ այդ ալիքի այցելությունների թրաֆիքը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Վստահ եմ, որ մեր մյուս օպերատորները եւս կմիանան այս նախաձեռնությանը։ [Արայիկ Հարությունյան]

 

12։23- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել ենք https://heravar.armedu.am/ (հեռավար ուսուցման համալիր էջ) պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկություն է հավաքված։ Մենք նշյալ կենտրոնի միջոցով իրականացնելու ենք եւ ծրագրերի մշակման, եւ վերապատրաստումների գործընթաց, որովհետեւ հասկանում ենք, որ ոչ բոլոր ուսուցիչներն ունեն բավարար հմտություններ՝ այս համակարգերը կիրառելու։ [Արայիկ Հարությունյան]

 

12։22- Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ՝ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թ․ փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաներիշրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ ՊԵԿ-ի, ԱՆ-Ի և ԱԱԾ-ի հսկողության ներքո: Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն ՊԵԿ։ [Էկոնոմիկայի նախարարություն]

 

12։19- Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ այստեղ մենք մեծ ոգեւորություն ենք տեսնում․ առանց մեր միջամտության՝ որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում՝ դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել առցանց հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար։ Ես ողջունում եմ կազմակերպիչներին, եւ ասում, որ մենք միասին համագործակցությամբ այս փուլը պետք է անցնենք։ Աշխարհում, հատկապես վերջին շաբաթներին, երբ մոտավորպես 800 մլն աշակերտ եւ ուսանող զրկված է ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, շատ վճարովի հարթակներ բացվել են, անվճար են դարձել, մենք նույնպես պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Մենք կոչ ենք անում, որ ուսուցիչները, տնօրենները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որ մենք այս պիլոտի հարցում հաջողություն ունենանք։ Սա լրացուցիչ հնարավորություն է, մենք այս սահմանափակումը պետք է դիտենք որպես հնարավորություն՝ նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար։ [Արայիկ Հարությունյան]

 

12։14- Քանի որ արտակարգ դրության ժամանակ դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման, խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ։ Կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով կարողացել ենք լուծումներ գտնել՝ բարձրագույն ուսումնասկան հաստատությունների հետ համագործակցությամբ եւ խորհրդակցությունների արդյունքում՝ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով։ Մենք բուհերի առումով, ըստ էության, խնդիրներ չենք ունենալու։ Առաջիկայում մոնիթորինգ կանենք, կհասկանանք այդ գործընթացի ամբողջականությունը։ [Արայիկ Հարությունյան]

 

12։04- Արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը
✅ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը,
✅«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը,
✅ «Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ և Միլան քաղաքներ և հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ,
✅ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթերի)
✅ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։
✅«Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 և 31-ի չվերթերը,
✅«Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի և ապրիլի 14-ի չվերթերը,
✅ «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը,
✅«Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 31-ը բոլոր չվերթերը,
✅«Էյր Արաբիա» ավիաընկերության կողմից սպասարկվող մարտի 17-ից մինչև մարտի 28-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18-ի և 20-ի չվերթերի)
✅ «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երևան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչև ս.թ. մարտի 28-ը,
✅«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպասարկվող Կիև-Երևան-Կիև ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի և ապրիլի 1-ի չվերթերը,
✅«Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթերը,
✅«Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ մարտի 18-ից մինչև մարտի 31-ը ներառյալ բոլոր չվերթերը, բացառությամբ մարտի 23-ի և 30-ի չվերթերի,
✅«Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը,
✅«Ավստրիական ավիաուղիներ» ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաև դեպի Երևան,
✅«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերության մարտի 21-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ բոլոր չվերթերը։

 

11։50- Մենք այս ընթացքում 700-ից ավելի տեստավորում ենք իրականացրել, հաստատվել է 84 դեպք։ 17 դեպքը ընդհանրապես որեւէ գանգատ չի ունեցել։ Արդեն մոտ 63 քաղաքացիներ այս պահին ոչ մի բողոք չունեն, նույնիսկ ջերմություն չունեն։ Եթե այս սցենարը նայենք, կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով։ Ռիսկային գոտում գտնվող մեր հայրենակիցները լավ են, գանգատներ չունեն։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ մեր ռիսկային խմբի հայրենակիցների հետ կապված որեւէ պրոբլեմ չենք ունենա։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։47- 2 հոգի թոքաբորբով հիվանդ ունենք, այս պահին երկուսի վիճակն էլ լավ է։ Նրանցից մեկն ունի 36․5 աստիճան ջերմություն, մյուսը՝ 37.3։ 84 ախտորոշված դեպքերից ընդամենը 26 հոգի ունի 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունի 38 եւ բարձր աստիճան ջերմություն։ 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք։ Այս առումով իրավիճակը բավականին լավ է։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։45- Ամենառիսկային խումբը համարվում են տարիքով մարդիկ, մեր սիրելի ծնողները, տատիկ-պապիկները։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ թոշակների բաժանման պրոցեսը հնարավոր է ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ պատճառով որոշել ենք այնպես կազմակերպել, որ թոշակառուները կարիք չունենան փոստային բաժանմունքներում հավաքվել։ Նրանք, որոնք կանխիկ են ստանում, կաշխատենք այնպես անել, որ Հայփոստից իրենց տներ տանեն թոշակները։ Պարետատունը նիստ է անում, այդ հարցերին մաքսիմալ էֆեկտիվ լուծում կտրվի։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։41- Դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ սպիրտի եւ ալկոգելի պակաս կա դեղատներում։ Այսօր պարզել եմ, որ Հայաստանում օրը 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում։ Դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, եւ այն փաստը, որ կան դեղատներ, որտեղ ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ ալկոգելի ուղղությամբ խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված։ Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, եւ դեֆիցիտը, ըստ էության, խուճապային դեֆիցիտ է։ Ամբողջ ծավալով երեք ընկերություն արտադրում է, տեղեկություն ունենք, որ չորրորդ ընկերությունն էլ կունենա։ Ալկոգելի պակաս երկրում չկա։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։32- Հույս ունենք, որ կհասնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանանք կանգնեցնել։ Այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ, եւ 799 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա։ Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։20- Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծն արդեն մշակել և շրջանառել ենք: Մանրամասները՝ շուտով: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]

 

11։15- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ կայացրեց անդրանիկ նիստը: Ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն: [ԱԻՆ]

 

10։57- Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թ․ մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։ Առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է ՀՀ-ում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

 

10։22- Մարտի 18 ից էլ ավելի են խստացվելու  Աստղիկ ԲԿ այցելությունները, մասնավորապես՝ բոլոր այն պացիենտները, ովքեր բժշկի ցուցումով կունենան խնամակալի կարիք👇

✅ կստանան անվանական անցաթուղթ,
✅ կանցնեն համապատասխան ստուգում և հակավիրուսային մշակում,
✅կկարողանան խնամել իրենց հարազատին մինչ նրա բուժման ավարտը՝ այդ ընթացքում չլքելով կենտրոնի տարածքը։

Նշենք, որ Աստղիկ բկ-ի բուժանձնակազմը նույնպես անցնում է ամենօրյա ստուգում և սանմշակում՝ բացառելու անձնակազմի կողմից պացիենտների վարակումը։ Հիշեցնում ենք, որ Աստղիկ բկ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ ապահովելով ամենօրյա օպերատիվ և բարձրակարգ բուժսպասարկում։ [Աստղիկ ԲԿ]

 

10։11- Երկու օրվա ընթացքում 2000-ից ավել կամավոր է հերթագրվել, որ անհրաժեշտթյան դեպքում օգնի և վստահ եմ, որ հերթագրումը շարունակվեր այդ թիվը կտասնապատկվեր: [Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյան]

 

09։57- 100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։
Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով: [Արսեն Թորոսյան]

 

09։37- Կոտայքի եւ Տավուշի մարզերում մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասնչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով (Ծաղկաձորում եւ Դիլիջանում): Խոսքը մայրաքաղաքում բուժման մեջ գտնվող վիրուսակիր մեր քաղաքացիների հետ կոնտակտ ունեցած անձանց մասին է, ովքեր մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով եւ ՉԵՆ հանդիսանում վարակակիրներ։ Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

09։27- Այսօր՝ ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը հեռավար ուսուցման մասին:

 

09։26- Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:  ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները: Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ: [ԱՀ առողջապահության նախարարություն]

 

09։22- Խոսեցի ԱՀ առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ Արցախում արդեն 71 հոգուց վերին շնչառական ուղիների հիվանդությունների կասկածանքով փորձանմուշ է վերցվել, և ոչ ոքի մոտ նոր կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ուստի, պետք չէ ապատեղեկատվություն տարածել, որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ: [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․03․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել