Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 (թարմացվող)
23:30 - 19 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 (թարմացվող)

23։28- Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այսուհետև ներկայացումները կցուցադրի առցանց:
«Հարգելի հանդիսատես, քանի որ հասկանալի պատճառներով թատրոնները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց բնականոն գործունեությունը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը որոշում է ընդունել իր facebook-յան էջում ցուցադրել մի շարք ներկայացումներ, որոնք, կարծում ենք, Ձեզ շատ կհետաքրքրեն: Վստահ ենք, որ այս դժվար օրերը շուտով կհաղթահարենք:
Եղեք առողջ»,- ասված է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում։

 

21:10- Առայսօր Արցախի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի  դեպք չի գրանցվել: COVID-19-ի կասկածով նախորդ օրը ՀՀ ուղարկված քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են: [ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյան]


21:00- Մեզ հայտնի չեն ընթացքում գտնվող այնպիսի ծրագրեր, որոնք արտակարգ դրության պատճառով կասեցված կամ հետաձգված լինեն: Դրանք իրենց որոշակի զարգացումների մեջ են: Իրավիճակից առաջացող դժվարություններ, եթե ծագեն, պատրաստ ենք դրանք դեպք առ դեպք քննարկել և հասկանալ՝ ինչ կարող ենք անել, որ իրենց նախատեսված ընթացքից շատ հետ չընկնեն։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]


20:40- Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն: Մենք արդեն տեսնում ենք հետևանքները, բայց ես վստահ եմ, որ մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]


20:30- Համաշխարհային տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կթողնի կորոնավիրուսի տարածման ընթացքը՝ վերջնական պարզաբանում չունի, որովհետեւ սա արագ փոփոխվող իրավիճակ է առաջացրել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհի բոլոր տնտեսություններում։ Կարեւորն այն է, որ կառավարությունները քննարկում են իրենց բոլոր հնարավոր միջոցները համախմբելու եւ այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Մենք էլ այս փուլում երկխոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ուղիղ ռեժիմով խոսում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու համար աշխատում են։  [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]


20:10- Մենք ունենք հստակ նպատակ՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով դժվարություններ ունեն, բայց նաեւ ունեն ծրագրեր ու պատկերացնումներ՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար։ Կառավարության առաջարկելիք երկրորդ բաղադրիչը վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն ավելի խոցելի վիճակում հայտնված մարդկանց, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց հնարավոր է վաղը աշխատանքը ժամանակավորապես կորցնելու պատճառով դժվարություններ ունեն, եւ երրորդը, երբ մենք այս դժվար շրջանը անցած կլինենք եւ քիչ թե շատ կայուն միջավայրում կկարողանանք մտածել մեր զարգացման պլանների մասին, կառավարությունը նախատեսում է հատուկ դրամագլուխ հատկացնել այն կազմակերպություններին, որոնք կձեւակերպեն իրենց տեսակետները՝ իրենց զարգացման ծրագրերի առնչությամբ։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]


20:00- Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ չնայած կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Air France ավիաընկերությունը շարունակում է պահպանել մարտի 21-ի Փարիզ-Երևան չվերթը։ Մանրամասների համար կարող եք դիմել «ՍաբերաՏուր» ընկերությանը հետևյալ կապի միջոցներով․Հեռախոս՝ 01 42 61 51 13Էլփոստ՝ [email protected]; [email protected]։


19:50-
Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել է մի շարք #բժշկական արտադրատեսակների արտահանումը ՀՀ-ից:  Արտադրատեսակների ցանկը ➡️https://www.gov.am/files/docs/3957.pdf 

Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել ՊԵԿ-ի կողմից՝ հիմք ընդունելով ԱՆ գրավոր համաձայնությունը։ Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա։ [Տիգրան Ավինյան]




19:15- Գանձապետարանում բացված «կորոնավիրուսային վարակի  հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 121 մլն 175 հզր.  դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688:


19:10- Այսուհետև կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը հասանելի կլինի հետևյալ հղումով` https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/:
Այն կթարմացվի օրական կտրվածքով` առավոտյան ժամը 10:00-ին: [ՀՀ ԱՆ]


19:05- Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով և իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա անձը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, և ի՞նչ է պետք անել այդ դեպքում: [Տիգրան Ավինյան]


18:50- Բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը դադարեցրել է չվերթերը դեպի Գյումրի, հայտնել են ավիաընկերությունից: Ավիատոմսերը քաղաքացիներին կվերադարձվեն ավտոմատ կերպով:


18:30- Բոլոր այն երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որտեղ ՀՀ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԳՆ հետ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը։ ԱԳ նախարարության կոնտակտային տվյալներն են՝
☎️Թեժ գիծ` +374 (60) 620 111
Viber և Whatsapp՝ +374 (055) 620 111 [ՀՀ ԱԳՆ]


18:10- Այսօր «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները Արթիկ քաղաքում իրականացրել են Կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված իրազեկող ակցիա՝ պաստառները տարածելով ամբողջ Արթիկ քաղաքի բանուկ և մարդաշատ հատվածներում։ Ակցիան իրականացվում է Ռեստարտ - ՀՀ ԱՆ համագործակցությամբ, և շարունակվելու է Շիրակի մարզի մի շարք համայքներում։


18:00- Մարտի 19֊ից «Ռոստելեկոմ»֊ը, համագործակցելով ԿԳՄՆ նախարարության հետ, ներկայացնում է նոր կրթական հեռուստաալիք՝ Hybrid Edu(ch121), որը կհեռարձակվի ընկերության ՍՄԱՐԹ hեռուստատեսության միջոցով։ Հեռուստաալիքի ծրագիրը ներառում է հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ տեսանյութեր, որոնք հնարավոր է դիտել 7 օր catch-up-ի հնարավորությամբ։


17։44- Հայաստանի վարկային կազմակերպություններից «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդների մի մասը հրաժարվում է իր վարկային պարտավորությունները կատարելուց: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հայաստանյան բանկերը որոշակի «վարկային արձակուրդ» հայտարարեցին, իսկ վարկային կազմակերպությունները համեմատաբար կրավորական դիրքորոշում ցուցաբերեցին։ Հայաստանում 57 մասնաճյուղ ունեցող «Varks.am» ունիվերսալ վարկային կազմակերպությունը երեկ կցկտուր հայտարարությամբ հանդես եկավ։ «Varks.am»-ի երեկվա հայտարարության մեկնաբանությունների դաշտում ՈՒՎԿ-ի հաճախորդները հայտարարում են իրենց պարտավորությունները չկատարելու մասին, սակայն ՈՒՎԿ-ի ֆեյսբուքյան էջը կառավարողները պարբերաբար հեռացնում են այդ բովանդակությամբ մեկնաբանությունները։ |hetq.am|

 

17։34- Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ապրիլի 14-ը «Գթության խոհանոց» ծրագիրը դադարեցնում է շահառուների սպասարկումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել 20 օրվա համար նախատեսված սննդամթերքի փաթեթներ, որոնք երկուշաբթի օրվանից աշխատակիցների և կամավորների օգնությամբ՝ կբաշխվեն շահառուներին: Նախաձեռնությունն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: |aysor.am|

 

17։32- Ապրանքաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, որովհետեւ այդ կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն այսօր չի գործում։ Առեւտրի ոլորտում որոշակի դրական տեղաշարժ կա։ Մարտի 16-ին տպվել է շուրջ 1,3 մլն ՀԴՄ, մարտի 12-ին՝ շուրջ 1,5 մլն ՀԴՄ։ Եղել են անկումներ, վերելքներ, էական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել, կարծում եմ՝ դրանք դեռ առջեւում են։ [Դավիթ Անանյան]

 

17։28- Հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու են օժանդակումներ։ Մի քանի փուլեր են լինելու, որոնց մասին արդեն խոսվել է։ Մենք համաշխարհային մակարդակով տնտեսական կոլապսի ենք ականատես լինելու, այսօր այդ խնդիրը լոկալիզացնել ու խոսել ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին՝ հիպոթետիկ հարց է։ Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել եւ ոչ ոք պատրաստ չէ: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը, հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն: Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք, կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե՛ հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ սպասվող դժվարությունները։ [Դավիթ Անանյան]

 

17։23- Այսօր` մարտի 19-ին, ժամը 20:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասուլիսը:

📍Թեմա` կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները և հակազդման առաջիկա գործողությունները:

 

17։06- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է միայնակ կենսաթոշակառուների, միայն կենսաթոշակառուներից բաղկացած, տեղաշարժման դժվարություններ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում՝ իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքների էլեկտրոնայի նցուցակներ, որոնց կարիքների գնահատում կիրականացվի եռօրյա ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում նրանց կենցաղային բնույթի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար: Արդեն մշակվել է բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժավրություններ ունեցող, ռիսկ իխմբում գտնվողանձանց (ընտանիքների) պաշտպանությա նաշխատանքների կազմակերպման ընթացակարգը։ Մարդասիրական և միջազգային կառույցների օգնությամբ ՝կազմակերպվում է խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու, ինչպես նաև կենցաղայի նապրանքներից և սնունդից կազմված պարենային զամբյուղի ապահովման  հարցը։

 

17։04- Մենք պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք՝ մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի, կամ գումարային առումով գրեթե 40-45 մլրդ։ Բայց սա տարեսկզբից թափ առած արդյունքն է, կամ նախորդ տարվանից եկող իներցիան, եւ մարտի սկզբից համաշխարհային համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ տնտեսության հետ կապված որոշակի խնդիրների արդյունքներն ենք արձագարում, հետեւաբար տարեսկզբից ունեցած աճի տեմպը մարտի 2-րդ տասնօրյակից սկսած դանդաղում է։ [ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան]

 

16։29- Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։ Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին։ [Արարատ Միրզոյան]

 

16։28- «Քայլ՝ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 1-ից, շատ զգայուն հարցի հետ է կապված՝ 800 երեխաների Հայաստանում գտնվելու հետ, դրա համար այս պահին չենք մեկնարկել ծրագիրը, քանի որ ուզում ենք ավելի հստակ հասկանալ՝ ինչ է կատարվելու աշխարհում։ Հայտերը դեռ ընդունում ենք, բայց շարժվելու ենք ըստ իրավիճակի։ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը եւս չենք մեկնարկել, հայտարարություն էլ չենք արել, որովհետեւ դարձյալ անկանխատեսելի իրավիճակը դժվարացնում է որոշում կայացնելը։ Այս պահին կասեցրել ենք նաեւ սեպտեմբերին նախատեսվելիք Համահայկական համաշխարհային վեհաժողովը։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]

 

16։26- Կորոնավիրուսի տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։ Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ օջախների քարտեզագրման, տեղեկատվության, տարածման գոտիների և այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի  ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնելու, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ առողջապահական ոլորտի ենթակառուցվածքների աշխատանքի համար:

 

16։19- Վերջին երկու շաբաթների ընթացքում առողջապահության նախարարի խնդրանքով Սփյուռքից կազմակերպեցինք մեկ տոննա ապրանքատեսակների՝ կանխարգելիչ, պահպանիչ ու ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը Հայաստան, որը շաբաթվա սկզբին արդեն ստացել ենք։ Գործընթացը շարունակական է, քանի դեռ կարիքներ ունենք։ Պետք է շարունակենք աշխատել, հնարավորինս շատ ապրանքատեսակներ հասցնել Հայաստան։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]

 

16։18- Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ: Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին: Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Պարացետամոլ, Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով: [ԱՆ]

 

16։15- Բազմաթիվ դիմումներ, զանգեր ենք ստանում տարբեր պետություններում ապրող մեր հայրենակիցներից։ Դիմում են նաեւ վարչապետին, տարբեր բնույթի հարցեր ունեն՝ հիմնականում կապված Հայաստան մուտք գործելու հետ։ Ամեն մեկի դեպքը մյուսից տարբերվում է, փորձում ենք բոլորին սպառիչ պատասխան տալ, լուծումներ գտնել։ Շատ են դիմում ՌԴ-ից, որտեղից մեր հայրենակիցներն ուզում են ցամաքային ճանապարհով մուտք գործել ՀՀ, սակայն բացատրում ենք, որ դա անել չեն կարող, քանի որ Վրաստանի սահմանը փակ է, հետեւաբար ՀՀ պետք է գան միայն օդային ճանապարհով։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]

 

16։12- Իրանում մեր հայրենակիցները, ինչպես Իրանի ողջ բնակչությունը, ապրում են արտակարգ իրավիճակում։ Մինչ այս պահն ունենք տարեց տիկնոջ մահ, որն ուներ առողջական խնդիրներ, որը, ցավոք, ընկրկեց հիվանդությանը։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություն չունենք, տեղյակ եք՝ կիրակի օրը չարթերային թռիչքով ՀՀ քաղաքացիներն ու այստեղ կեցության իրավունք ունեցող անձինք տեղափոխվեցին Հայաստան։ Եվրոպայի մյուս երկրներում էլ հայ վարակվածների մասին տեղեկություններ չկան, սակայն մշտական կապը պահում ենք։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]

 

16։09- Կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Իտալիայում եւ Չինաստանում մեր համայնքներն ավելի փոքր են, սակայն Ֆրանսիայում ունենք մեծ համայնք։ Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ այս հիվանդությունն ունենալու է ավելի ընդգրկուն բնույթ, եւ բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս համաճարակի հետեւանքներից։ Մեր գրասենյակն ամենօրյա կապի մեջ է համայնքների հետ, առանձին անձնաց, կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ, որպեսզի համապարփակ տեղեկություն ունենանք իրավիճակի մասին։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]

 

15։40- Հարգելի՛ հայրենակիցներ,

Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով.

📌առողջապահական կարիքների համար՝
✅բժշկական անձնակազմի խրախուսում,
✅բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում,
✅բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում,

📌սոցիալական կարիքների համար՝
✅Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,
✅Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում,
✅Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում:

Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն:

➡️Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան
➡️Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947 [Տիգրան Ավինյան]

 

15։35- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Նիստի ժամանակ վերլուծվել են նաեւ համաճարակային իրավիճակը հանրապետությունում եւ սուր շնչառական վարակների ու նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների շարունակական ձեռնարկման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության անհրաժեշտությունը:

 

15։07- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ.  ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն  դրամ,  ընդհանուր քանակը 650 վճարում

 

15։05- Դիմել եմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ. մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ և այլ վճարումները։ Որպես լուծման տարբերակ՝ առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]

 

15։02- Այսօր`ժամը 16:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը:
📍Թեմա` Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հայկական սփյուռքի խոշոր համայնքներում:

 

15։01- Այսօր՝ ժամը 16:30-ին ,կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ասուլիսը:
📍Թեմա` հարկային վարչարարության առանձնահատկությունները արտակարգ դրության պայմաններում:

 

14։30- Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից: [ԱԳՆ]

 

14։29- Հաշվի առնելով զարգացումները՝ ամենայն հավանականությամբ մենք կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին՝ մի պարզ պատճառով, որպեսզի հիվանդանոցների ներսում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակ՝ ինչպես շատ տեղերում։ Օրինակ Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել եւ իրենք են դարձել վարակի աղբյուր։ Դժբախատաբար մենք էլ արդեն ունենք բուժքրոջ վարակման դեպք, բայց նրան մեկուսացրել ենք։ Հիմա չեմ ուզւոմ նշել հիվանդանոցների անուններ, բայց մարզային բկ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու, նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով՝ հատուկ դրանց համար նախատեսված հիվանդանոցներում, որոնց ցանկը կհրապարակենք վերջնականացնելուց հետո։ [Արսեն Թորոսյան]

 

14։25- Այս պահին որեւէ հիմնավոր կասկած չկա, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ինքնամեկուսացված աշխատակիցները վարակված են, նրանք հետազոտվել են, եւ արդյունքը բացասական է եղել։ Բայց եթե նույնիսկ լինի էլ, այստեղ ուրիշ տակտիկա ենք որդեգրելու՝ կապված հիվանդության արտահայտման աստիճանից։ Եթե կլինի թեթեւ ձեւ, հնարավոր է ամենը տեղւոմ կազմակերպվի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, եթե լինի ծանր ձեւ, նրանք կհոսպիտալացվեն։ Վիրուսի տարածմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից, եւ ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա։ Երկներ կան, որտեղ այդ պայմանը խախտելու դեպքում նույնիսկ պատասխանատվություն է նախատեսվում։ Դա կարվի նաեւ Հայաստանում, մենք կարծում ենք, որ եթե համաճարակաբանական ցուցումներով անձին նշանակված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետեւանքներ։ Մենք հիմա աշխատում ենք օրենքների նախագծի վրա։  [Արսեն Թորոսյան]

 

14։19- Ջրային կոմիտեում խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները Կոմիտեի նախագահին զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացվող աշխատանքների, վարչապետի և ՏԿԵ նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի մասին։ Վարակազերծող լուծույթների մեծ պահանջարկով պայմանավորված, Կոմիտեում քննարկվել է փոխօգնության կարգով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հեղուկ քլորի որոշակի քանակության տրամադրման հարցը։ Հանձնարարվել է ջրօգտագործողների ընկերություններին՝ «Ջրառ», «Մելիորացիա» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին, տարեցների, հղի կանանց և քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար կարգով։

 

14։17- Եթե մենք թեստավորում ենք 14-րդ օրը ու ստանում ենք բացասական պատասխան, գրեթե 100 տոկոսով կարող ենք վստահ լինել, որ վիրուսը մեր օրգանիզմում չկա։ Դրա համար նաեւ կրկնակի թեստավորում է արվում պացիենտներին, որոնց մոտ հաստատված եղել վիրուսը՝ 24 ժամ ինտերվալով։ Այսինքն՝ արվեց, բացասական պատասխան ստացանք, սպասում ենք 24 ժամ, մի հատ էլ արեցինք, մի հատ էլ ստացանք բացասական պատասխան, ասում ենք՝ դուք չունեք էլ վիրուս, բայց չենք ասում՝ վաղը չես կարող վարակվել։ Բայց հավանականությունը, որ ինքն այլոց կվարակի, մոտ է զրոյի։ [Արսեն Թորոսյան]

 

14։14- Կրկնակի վարավելու հավանականությունը ոչ ոք չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը գիտական եւ բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է դեռ նույնիսկ ոչ ամբողջական 3 ամիս, գուցե դրա մասին 2 երեք տարի հետո հնարավոր լինի խոսել։ Եթե նույնիսկ այդպես է, մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես այլ վիրուսների դեպքում։ Մենք կորոնավիրուսի այս նոր տեսակի հետ անխուսափելիորեն գնում ենք համակեցության։ Մենք դրան էլ պետք է նայենք որպես հնարավոր տարբերակ, դրա համար պաշտպանման միջոցները մնում են ուժի մեջ։ Կարող ենք ենթադրել, որ ձեւավերվում է իմունիտետ, որովհետեւ եթե այդպես չլիներ,մարդիկ վերուսից չէին ազատվի։ Իմունիտետն է վիրուսին մաքրում օրգանիզմից, բայց թե այդ իմունիտետն ինչքան է տեւում, դեռ չենք կարող ասել։ Հետեւաբար պաշտպանվելու միջոցները պետք է լինեն նույնը՝ ցանկացած դեպքում։ Գալու է մի պահ, որ մենք թվերի հետեւից էլ չենք ընկելու։ Ոչ մեկը չգիտ, թե հիմա H3N2 շտամով քանիսն են վարակվել Հայաստանում։  [Արսեն Թորոսյան]

 

14։06- Իտալիայից ժամանակ քաղաքացիներից գրեթե բոլորը իրենց շատ լավ են զգում։ Միայն երեկ մի պացիենտի մոտ ունեցել ենք ջերմության բարձրացում, տեղափոխել ենք հիվանդանոց, կթեստավորենք։ Մնացած բոլորին թեստավորելու ենք միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետեւ նրանց փաստացի առողջ մարդիկ են։ Նույնիսկ եթե նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրվա վերջում այն օրգանիզմից դուրս գալով մեզ հնարավորություն կտա միանգամից բացասական պատասխան ստանալ, հիմա թեստավորելու իմաստ չկա։ Մենք դրանում համոզվեցինք, երբ մյուս օջախի հետ կապված անձանց թեստավորեցինք, առանց որեւէ նախանշանի հայտանբերվեց մոտ 18 դեպք, որոնք գումարվեցին մեր թվերին։ Մեկուսացված անձնաց թեստավեորելու իմաստ չկա, քանի դեռ գանգատ չունեն, եւ կարանտինի ժամկետը չի լրացել։ [Արսեն Թորոսյան]

 

14։00- Որեւէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չունենք։ Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 տոկոսը, 37-38-ի միջակայքում է ջերմում, մի քանիսը՝ 38-39-ի միջակայքում, 39-ից բարձր ջերմություն չունենք։ Ռիսկի տարիքային գոտում գտնվող մեր մի քանի պացիենտներին վտանգ չի սպառնում։ Իսկ Իտալիայում, դժբախտաբար, մահվան մեծ թվեր ունի, սպասում ենք, որ նույնիսկ այդ թվերը կանցնեն Չինաստանի թվերին։ Նայելով բաշխվածքին՝ տեսնում ենք, որ հիմնականում մահերի կտրուկ աճը սկսում է 75 տարեկանից, եւ մահերի միջին տարիքը 79,4 տարեկան է, որոնց մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Դրա պատճառը տղամարդկանց կենսաձեւն է, եւ կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը։ Ուզում եմ հատուկ շեշտել վնասակար սովորությունների եւ կողքից եղած հիվանդությունների դերը․ եթե Իտալիայում ունենային այնպիսի հանրություն, որտեղ սրտի իշեմիկ, թոքերի հիվանդությունները քիչ լինեին, ավելի քիչ թվով մահացություններ կլինեին։ Մահերի թիվը կապված է լինելու բնակչության առողջական վիճակի հետ։ [Արսեն Թորոսյան]

 

13։52- Ունենք եւս 7 հաստատված դեպք։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձավ 122։ Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել։ Սա, իհարկե, վիճակը լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ սպասում ենք, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ։ [Արսեն Թորոսյան]

 

13:00- Երկու օր առաջվա դրությամբ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա: Միայն մարտի տասնութին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքարավազ, 145 տոննա ցորեն, 20 տոննա սիսեռ։ Վառելիքի խնդիր ևս չունենք: [Նիկոլ Փաշինյան] |tert.am|

 

12:51- Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ՝ Արտակարգ դրության իրավիճակում իրենց աշխատանքի պայմանների քննարկման նպատակով, սակայն, ելնելով հանդիպմանը հետեւած խմբագիրների հայտարարությունից, շատ բաներ անորոշ են մնում։ Որոշակիության պակասը երեք հետեւանքների կարող է հանգեցնել․ 
1․ Անհամաչափորեն կսահմանափակվի տեղեկատվության ազատությունը, որը, ինչպես գրել էի, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար ոչ պակաս վտանգ է, քան առկա իրավիճակում տեղեկությունների անվերահսկելի տարածումը, 
2․ Լրատվամիջոցները, տեղեկատվության այլ տարածողները պատասխանատվության են ենթարկվելու ընտրովի, իրավիճակային որոշումների արդյունքում, եւ խաղի կանոնները ոչ մեկին պարզ ու հասկանալի չեն լինելու։ Էլ չեմ խոսում արդարության մասին․․․, 
3․ Անկախ խախտումներից՝ ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։
Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների եւ ինֆորմացիայի այլ տարածողների գործունեության սահմանափակումը պիտի լինի ոչ ավելի, քան անհրաժեշտ է՝ եղած խնդիրներին արձագանքելու առումով։ [Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան]

 

12:47- Երևանի քաղաքապետարանն անում է պահանջված ամեն ինչ, բայց կորոնավիրուսի դեմ պայաքարում առանց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության արդյունք գրանցել հնարավոր չի լինի: Ես բոլորին խնդրում եմ հանրային վայրերում դիմակներ կրեl, դա առաջին հերթին պետք է նրա համար, որ դիմացինին պաշտպանենք մեզնից: Ես կխնդրեի նաև շատ ուշադիր լինել տարեցների նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով տարեցների՝ տնից դուրս գալու առիթները: Խնդրանքս է, որ գնումներն անեն երիտասարդները և փոխանցեն իրենց տարեց հարa8զատնեին: [Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ավագանու նիստին] |24news.am|

 

12:41- Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ) հայտարարել էր, որ կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ որոշակի կանխարգելիչ միջոցառումներ է նախաձեռնել: Քաղաքացիների մուտքը Հանրային պաշտպանի գրասենյակ սահմանափակելու նկատառումով քաղաքացիներին տրամադրվել են էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսի եւ տեսակապի՝ Viber, WhatsApp, Skype-ի համարները: ՀՊԳ-ի ղեկավար Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ աշխատանքներն ամբողջովին հեռահար կարգավորել չի հաջողվում, որովհետեւ մարդիկ դեռ սովոր չեն էլեկտրոնային տարբերակով աշխատանքին:  Քաղաքացիների այցերից ընդհանրապես խուսափել հնարավոր չէ, որովհետեւ արտակարգ դրության պայմաններում չեն կասեցրել դատավարական ժամկետները պահպանելու հարցը: |hetq.am|

 

12:36- Հայաստանը հնարավորինս ուժեղացնում է հիվանդանոցներում վերահսկողությունը, որոշ երկրներում՝ Իրանում, Իտալիայում, կորոնավիրուսը տարածվել է նաև հիվանդանոցներից։ Հայաստանում ունենալու ենք հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց մեզ տալ ինֆորմացիա իրենց առողջության վերաբերյալ և հավելվածի հարցերին պատասխանելով՝ կկարողանա հասկանալ՝ արդյոք ինքն ունի խնդիր, թե՝ ոչ։ [Տիգրան Ավինյան] |civilnet.am|

 

12:25- Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով։ Ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով: [Ղազախստանում ՀՀ դեսպանություն]

 

12:14- 115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքերի ծանրակշիռ մասը 115-ից  99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա: [«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց]

 

12:01- Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.
Սպասել դրսում,
Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն,
Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ,
Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու:
Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։ [Հայփոստ ՓԲԸ]

 

11։58- Այս ծրագիրը գործարկելուց հետո այն անընդհատ մոնիթորինգի տակ կլինի, եթե տեսնենք, որ ինչ-որ բան չի աշխատում,  կվերադառնանք բովանակությանը և կանենք փոփոխություններ։ Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացող խումբ կա դե ֆակտո ձևավորված, դա կառավարության տնտեսական բլոկն է, մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Նաև ԱԺ-ի ներկայացուցիչներ կան։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։52- Այս վարկային միջոցները կարող են օգտագործվել հետևյալ միջոցներով․

✅ տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում, յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ և ոչ ավել, քան 3 ամսվա համար,
✅ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և վարկառու տնտեսվարոը տնօրինում է անհրաժեշտ համապատասպան արտադրական հզորություններին, 
✅ սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորուները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով,   
✅ էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում, 
✅ առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, եթե գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ոմ, 
✅ պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։35- Բիզնեսի առնվազն որոշ ոլորտներ ունեն և կունենան ֆինանսական, տնտեսական բարդություններ։ Մենք առաջարկում ենք ճգնաժամային  վարկային պորտֆելներ բիզնեսին, որի էությունը հետևյալն է․ ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը։ Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսվարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։27- Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը: [Արսեն Թորոսյան]

 

11։14- Կորոնավիրուսը և գլոբալ շուկաների այսօրվա տիրող իրավիճակը բերում են սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին, այդ բարձիկներն օգտագործելով, սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածը անցնել առանց էական վնասների կամ կորուստների։ [Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան]

 

10։56- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն  առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները: Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը: Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն  ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ [email protected] կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով։ Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379: [ՏԿԵՆ]

 

10։18- ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում: Մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը։ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ինքը շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ: |tert.am|

 

09։59- Այսօր` մարտի 19-ին, կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:

 

09։38- Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: [ԱՆ]

 

09։02- Կոտայքի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով:
Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են

✔️«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (077) 61 81 63, (0223) 2 44 47
✔️«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (093) 11 99 40, (093) 36 35 17
✔️«Ռ Հարությունյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ- (0222) 2 33 81
✔️«Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (0224) 2 26 73, (095) 54 44 32
✔️«Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ – (0224) 6 30 03, (0224) 4 37 79
✔️«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ - (0222) 6 30 03: [Կոտայքի մարզպետարան]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել