armtimes.com: Մարտի 25-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է COVID-19 վիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների, ԵԱՏՄ երկրների միջեւ առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ անհատական պաշտպանիչ միջոցների անարգել ապրանքաշրջանառության հարցեր: Հաշվի առնելով ԵԱՏՄ բոլոր երկրներում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակը՝ Խորհրդի անդամները եւ ԵՏՀ կոլեգիայի անդամները հանդիպումն անցկացրել են տեսակապի միջոցով:
Խորհրդի կազմում հայկական կողմը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ միակողմանի արգելքների եւ սահմանափակումների (վերոնշյալ ապրանքների առումով) անհապաղ վերացման հարցը։ Օրինակ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ հնդկաձավարի ներկրման բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն։
Որոշում է կայացվել ԵԱՏՄ-ում զրոյացնել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար ներմուծված ապրանքների տուրքերը։ Որոշումը տարածվում է հիմնականում անձնական պաշտպանիչ սարքավորումների, ախտահանման, ախտորոշիչ ռեակտիվների, որոշակի տեսակի բժշկական սարքավորումների եւ բժշկական նյութերի վրա: Որոշումը տարածվում է ԵՏՄ մաքսային տարածք 2020 թվականի մարտի 16-ից ներմուծված բժշկական ապրանքների վրա եւ ուժի մեջ կլինի մինչեւ 2020-ի սեպտեմբերի 30-ը:
Որոշում է կայացվել նաեւ արգելել ԵԱՏՄ տարածքից այն պաշտպանիչ միջոցների դուրս բերումը, որոնք կարող են ծառայել միության երկրներին:
Թեմայի վերաբերյալ հարցազրույց ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ։
- Պարո՛ն Քամալյան, ինչպիսի՞ քաղաքականություն է որդեգրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ տնտեսական այս շրջանում միության անդամ երկրների տնտեսական ողջ շղթայի պարալիզացումը եւ հետագա բացասական տնտեսական խնդիրները մեղմելու համար։
- Կարծում եմ, որ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի այժմյան հիմնական օրակարգային հաղորդումը դա ԵԱՏՄ բոլոր երկրների ջանքերի միավորումն ու համաձայնեցումն է՝ COVID-19 վարակի դեմ պայքարելու համար։ Իրականում այսօրինակ փորձությունների ժամանակ էլ հենց ի հայտ են գալիս եւ մասամբ արդեն սկսել են ի հայտ գալ տնտեսական միության օբյեկտիվ եւ ուժեղ որակներն ու կողմերը։ Հանձնաժողովը փորձում է հանդես գալ որպես համակարգող եւ կամ որպես մի հարթակ, որտեղ անդամ երկրները կարող են քննարկել ազգային մակարդակում տարվող միջոցառումների մասին, տրամադրել տեղեկատվություն առաջին անհրաժեշտության այս կամ այն ապրանքատեսակի պակասուրդի եւ կամ ավելցուկի (դեֆիցիտ/պրոֆիցիտ) վերաբերյալ եւ օպերատիվ որոշումներ կայացնել Միության անդամ երկրներում դեֆիցիտային ապրանքների մաքսատուրքի նվազման կամ զրոյացման համար։
- Ինչպիսի՞ որոշումներ պետք է ՀՀ կառավարությունն իրականացնի, որպեսզի այս փուլում տնտեսական միությունում չթուլանան Հայաստանի դիրքերը։
- Առաջին հերթին ես բավական կարեւոր եմ համարում համաճարակի տեմպը դանդաղեցնելու համար ՀՀ կառավարության կտրուկ կառանտինային ռեժիմի անցնելու եւ երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը։ Փորձնականում երկրներն այս հարցում բավականին սոլիդար եւ միաբան են։ Ինչ խոսք, ուժեղ դիրքեր ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ունենալ կայուն եւ ամուր տնտեսություն։
Երկրորդը՝ կարեւոր է, որպեսզի այս ծանր կացության մեջ, երբ ամեն երկիր գնում է ինքնաիզոլացման, չտուժի Միության անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը, եւ անդամ երկրներում առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ դեֆիցիտ չնկատվի։ Հետեւաբար ԵԱՏՄ Խորհուրդը միաձայն պաշտպանեց հայկական կողմի առաջարկը՝ մի խումբ բժշկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու կապակցությամբ։ Բացի այդ, մշակվում են որոշումների շարք, որոնք կնպաստեն Միության անդամ երկրների միջեւ պարենային ապրանքների կայուն մատակարարմանը։
- Հնարավո՞ր է՝ իրավիճակի երկարելու պարագայում հարց բարձրացվի արգելել դեպի երրորդ երկրներ գյուղմթերքի արտահանումը։
- Ինչպես արդեն նշեցի, քննարկվում են տարբեր միջոցառումներ, որպեսզի կայունացնենք երկրներում առկա իրավիճակը։ ԵՏՀ Խորհուրդը վերջնական որոշում կկայացնի մյուս շաբաթ։
- Պարո՛ն Քամալյան, ԵՏՀ նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումներն ի՞նչ ազդեցության կունենան ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի վրա։
- Կարծում եմ, որ երեկվա ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունն այն է, որ կողմերը պայմանավորվել են ազգային մակարդակում ընդունվող ցանկացած սահմանափակումների դեպքում տեղեկացնել միմյանց՝ օգտագործելով Միության ընդհանուր տնտեսական հարթակը։
- Ձեր կանխատեսմամբ՝ համաճարակի տարածումը ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Հայաստանի վրա, ինչպե՞ս կարող է ազդել, եւ ի՞նչ քայլեր պետք է ՀՀ կառավարությունը ձեռնարկի՝ հնարավոր ազդեցությունները մեղմելու համար։
- Այս պահին ապագայի որեւէ կանխատեսում անելը ամենաանշնորհակալ բանն է, որ ես կարող եմ անել։ Բայց կուզեի նշել հետեւյալը. բոլորս պետք է քաջ՝ առանց տագնապային ջղաձգումների եւ սթափ գիտակցենք, որ սա սովորական ճգնաժամ չէ, սրան բնական անվանելն էլ է սխալ։ Սա ոչ միայն եւ ոչ էլ այնքան համախառն պահանջարկի նվազման ճգնաժամ է՝ իրենից բխող բոլոր հետեւանքներով։ Սա խոշոր եւ մանր ձեռնարկությունների միջեւ գործող ներդաշնակ գործարար հարաբերությունները խզող ու խաթանող ճգնաժամ է։ Գլոբալիզացիայի նշանակալի աստիճանի հասած աշխարհում, երբ երկրները մեկը մյուսի հետեւից փակում են սահմանները, հանգելու ենք մի ճգնաժամային իրավիճակի, որն իսպառ պարալիզացնելու եւ խաթարելու է արտադրական եւ կառավարման ամբողջ շղթան։ Իսկ ահա այս տեսակ շղթայի նման մակարդակի խզումն էլ իր հերթին հանգեցնելու է համախառն առաջարկի կտրուկ անկման։
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)