armenpress.am: ՀՀ կառավարությունն ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
«Ներկայացված օրենքներում ներառված են դրույթներ, որոնք որոշակիորեն բարդացնում են առցանց կամ հեռակա եղանակով բաժնետերերի ժողովների կազմակերպումը և առցանց եղանակով քվեարկումը: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ մենք նպատակահարմար ենք գտնում, որ այս առանցքային տնտեսավարողներին, որոնք բաժնետիրական ժողովներ պետք է հրավիրեն ու որոշումներ կայացնեն, հնարավորություն տրվի, որ որոշումներ կայացնեն առանց իրենց ռիսկի ենթարկելու»,-ասաց Ավանեսյանը:
Փոփոխություններով ներդրվում է իրական ժամանակում առցանց քվեարկության գաղափարը, այսինքն՝ դա այնպիսի մեթոդ է, երբ մարդիկ ֆիզիկապես ներկա չեն, բայց քվեարկությունն իրականացնում են նույն ժամանակում և այն մեթոդով, որ բոլորը մասնակցեն որոշման կայացմանը: Ներդրվում է էլեկտրոնային քվեաթերթիկի գաղափարը, տրվում են ծանուցման մասին մի շարք սահմանումներ: Թույլատրվում է խորհրդի նիստերն իրականացնել առցանց, քանի որ բաժնետիրական ժողովը պետք է հրավիրվի խորհրդի նիստի արդյունքում:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ փաստացի նախագիծը ներկայացվել է Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի կողմից, կառավարությունը այն գտել է նպատակահարմար:
comment.count (0)