Դատարանը մերժել է Արմեն Թավադյանի գործով դատախազին վարույթից հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը |armtimes.com|
09:08 - 21 մայիսի, 2020

Դատարանը մերժել է Արմեն Թավադյանի գործով դատախազին վարույթից հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր նշանակված էին «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ երկու քրեական գործերով դատական նիստեր, որոնցից մեկը կայացել է, մյուսը՝ հետաձգվել:

Այս մասին  տեղեկացրեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Գործերից մեկով Արմեն Թավադյանն ու Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը մեղադրվում են Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառելու համար: Այս գործն ի սկզբանե մակագրված է եղել Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին, սակայն վերջինս առաջին դատական նիստին որոշում է կայացրել գործը փոխանցել դատավոր Կարեն Ֆարխոյանին, քանի որ նրա վարույթում է գտնվում Արմեն Թավադյանի վերաբերյալ մյուս քրեական գործը: Այդ գործով, որով տուժողի կարգավիճակ ունի հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Գասպարին, Թավադյանը  մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության համար: Նա առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Մեր զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Թավադյանը այսօրվա նիստին չի մասնակցել՝ համավարակով պայմանավորված: Ներկա չի եղել նաեւ Վարդգես Գասպարիի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ուստի այդ գործով նշանակված նիստը հետաձգվել է: Ինչ վերաբերում է Թավադյանի եւ Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործին, պաշտպանը տեղեկացրեց, որ դրանով կայացել է նախնական դատական նիստ.

«Այս գործով դատախազին բացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ նշելով, որ նախաքննության փուլում շատ խախտումներ են արվել, որոնց վրա դատախազը աչք է փակել, եւ ամենահիմնականն այն է, որ Վերաքննիչ դատարանն է օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատել, որ ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասով հիմնավոր կասկած չկա, իսկ դրանից հետո որեւէ բան գործում չի ավելացվել, եւ անտեսելով դա՝ Դատախազությունը գործն ուղարկել է դատարան»: Խուդոյանի խոսքով՝ դատարանը, քննության առնելով իր միջնորդությունը, որոշել է այն մերժել: Թե ինչ հիմքով, իրեն հայտնի չէ. դատարանի որոշումը դեռ չի ստացել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել