Ֆուտբոլիստները պետք է կրճատեն հյուրեր ընդունելը. ՀՖՖ կանոնները ֆուտբոլի վերսկսմանն ընդառաջ
15:29 - 21 մայիսի, 2020

Ֆուտբոլիստները պետք է կրճատեն հյուրեր ընդունելը. ՀՖՖ կանոնները ֆուտբոլի վերսկսմանն ընդառաջ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանոններ է մշակել Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների 2019-20 մրցաշրջանի վերսկսմանն ընդառաջ: Կանոնակարգը վերաբերում է կորոնավիրուսի պայմաններում հանդիպումներ անցկացնելուն: Այն սահմանում է ֆուտբոլիստների եւ այլ մասնակիցների վարքը ինչպես խաղերի ընթացքում, այնպես էլ դրանցից դուրս:

Մասնավորապես ֆուտբոլիստները եւ թիմերի ողջ անձնակազմի անդամները պետք է կրճատեն տնից դուրս գալը եւ հյուրերի ընդունումը:Պետք է նաեւ խուսափեն մարդկային կուտակումներից եւ հասարակական տրանսպորտից, պահպանեն անձնական հիգիենայի կանոնները (առանձին սպասք, խոզանակ, սրբիչ, սպիտակեղեն):

Խաղերի ընթացքում դաշտի տեր ակումբը պետք է ապահովի այն տարածքների ախտահանումը, որտեղ գտնվելու են ֆուտբոլիստները եւ մյուս մասնակիցները: Պետք է ախտահանել նաեւ խաղի գնդակը եւ դրա տակդիրը: Ինչպես նաեւ պետք է ախտահանվեն ավտոբուսները, որոնցով թիմերը ժամանելու են մարզադաշտ:

Մարզադաշտում կարող է ներկա գտնվել առավելագույնը 150 անձ (ոստիկանների եւ շտապ օգնության աշխատակիցների քանակը չի ներառվում այս թվաքանակի մեջ): Խաղից առաջ հիմնական կազմի եւ պահեստային ֆուտբոլիստները նախավարժանքը կատարելու են առանձին: Խաղադաշտ դուրս գալիս թիմերը չպետք է միաժամանակ գտնվեն թունելում: Խաղից առաջ թիմերը չեն շարվելու դեմքով դեպի հիմնական տրիբունա: Ձեռքսեղմումները, թիմային լուսանկարը, գրկախառնությունները, դրոշների եւ հուշանվերների փոխանակումն արգելվում է: Պահեստայինների նստարանին գտնվող ֆուտբոլիստները եւ պաշտոնյաները պետք է նստեն միմյանցից նվազագույնը 1մ հեռավորության վրա եւ կրեն դիմակ ողջ հանդիպման ընացքում: Պահեստայինների նստարանի՝ համապատասխան երկարություն չունենալու դեպքում թույլատրվում է աթոռները տեղակայել նստարանի շարունակությամբ կամ մարզադաշտի ենթակառուցվածքից կախված՝ հիմնական տրիբունայի առաջին շարքերում: Թիմերին թույլատրվելու է 5-ական փոխարինում: Փոխարինված ֆուտբոլիստները հնարավորության դեպքում պահեստայինների նստարանին նստելու փոխարեն պետք է տեղափոխվեն տրիբունա:

Կանոններ կան նաեւ այդ դեպքերի վերաբերյալ, եթե թիմերը հյուրանոցներում են տեղակայվելու: Նշվում է, որ ցանկալի է, որպեսզի թիմը հյուրանոցում զբաղեցնի 1 հարկ: Դրա անդամները վերելակի կոճակները պետք է սեղմեն արմունկով, չայցելեն լոբբի բար, չպատվիրեն որեւէ ծառայություն: Ֆուտբոլիստների եւ պաշտոնյաների՝ սենյակներում գտնվելու ժամանակահատվածում արգելվում է սենյակների մաքրումը հյուրանոցի աշխատակիցների կողմից:

Բացի այս կանոներից՝ Բարձրագույն եւ Առաջին խմբի առաջնությունների մեկնարկից 2 օր առաջ ՀՖՖ-ն կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր է ուղարկելու ակումբներին: Ակումբների բոլոր անդամները՝ ֆուտբոլիստները, մարզիչները, պաշտոնյաները եւ այլն, պետք է թեստավորվեն եւ պատասխանն ուղարկեն ՀՖՖ:

Ինչ վերաբերույմ է երկրպագուներին, ապա ՀՖՖ-ն արդեն հայտարարել է, որ վերադարձից հետո առաջին տուրն անցկացվելու է առանց հանդիսականների: Մյուս տուրերի վերաբերյալ լրացուցիչ որոշումներ են լինելու:

Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվելու է 2 օրից՝ մայիսի 23-ից, իսկ Առաջին խմբինը՝ 30-ից: Այս մրցաշարերը, ինչպես գրեթե ողջ աշխարհում ֆուտբոլային մնացած մյուս մրցաշարարերը, դադարեցվել էին մարտի սկզբին: Այս պահին Եվրոպայում վերսկսվել է Գերմանիայի առաջնությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել