Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նախատեսում է օրական 1000-2000 կորոնավիրուսի թեստ արտադրել |armenpress.am|
13:36 - 26 մայիսի, 2020

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նախատեսում է օրական 1000-2000 կորոնավիրուսի թեստ արտադրել |armenpress.am|

armenpress.am: Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն:

Ինչպես հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին նրանց՝ ինստիտուտ կատարած այցի ժամանակ: ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացել է թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկել են աշխատանքների ընթացքը և զարգացումները:

«Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից  թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար:

Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- ասել է Արսեն Առաքելյանը: Նա վստահեցրել է, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր է գնահատել կատարվող աշխատանքները և ասել, որ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է աջակցել բոլոր հարցերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել