Գույքահարկը առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք անվանում ենք դղյակներ, ապարանքներ․ վարչապետ |armtimes.com|
14:46 - 27 մայիսի, 2020

Գույքահարկը առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք անվանում ենք դղյակներ, ապարանքներ․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագծ, որը վերաբերում է անշարժ գույքի գույքահարկին։

Հարցը զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություն կատարել այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն։

«Մենք գնահատել ենք միջազգային փորձն այս տեսակետից, եւ պարզվել է, որ Հայաստանը ուսումնասիրված 38 երկրների շարքում գրեթե առաջատար է 2 ցուցանիշների առումով՝ գույքային հարկ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով եւ ընդհանուր հարկերի մեջ գույքային հարկերի տեսակարար կշռի ցուցանիշով։ Մի դեպքում 2-րդ «պատվավոր» հորիզոնականում ենք, մյուս դեպքում՝ 3-րդ»,- ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխության դեպքում ակնկալվում է, որ մոտավորապես 4.3 անգամ գույքահարկի պոտենցիալը կաճի։

«Սա իր հերթին նշանակում է, որ այն համայնքները, որոնց համար հիմնական բյուջեի աղբյուրը ստացվող եկամուտներն են, կկարողանան իրենց առջեւ ծառացած խնդիրների այլ լուծման հասնել»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ երբ եկամտահարկի համահարթեցման էին գնում, ըստ էության, դրանով տեսանելի հարստությունը հարկելու ճանապարհով էին գնում։

«Առաջարկվում է աստիճանաբար ներդնել՝ 3 տարվա ընթացքում։ Ըստ էության՝ բացի գյուղատնտեսական նշանակության հողերից, մնացած բոլոր կատեգորիայի հողերի համար դրված են լուծումներ»,- ասաց Ջանջուղազյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ մի քանի նկատառում հայտնեց. «Այո՛, սա, ըստ էության, կարեւորագույն ռեֆորմներից մեկն է, որ մեր կառավարությունը ստանձնում է իրականացնել։ Այս ռեֆորմն իրականացվում է երկարատեւ եւ մանրամասն քննարկումների արդյունքում։ Ընդ որում, մենք սա հարկային համակարգի բարեփոխումների շարքի մեջ ենք դիտարկում։ Այս փոփոխությունը, այո՛, ուղղակի կապ ունի եկամտահարկի համահարթեցման հետ։ Այն ժամանակ շատ էր խոսվում, թե համահարթ եկամտահարկ սահմանելով՝ սոցիալական արդարության սկզբունքը խախտում ենք, ու մենք այն ժամանակ ասացինք, որ այդ խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյունքում»։

Վարչապետն ընդգծեց՝ այստեղ տեղի են ունենում հեղափոխական նշանակության փոփոխություններ։

«Առաջինը ընդհանրապես չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է։ Հայաստանում կար իրավիճակ, որ մինչեւ 3 միլիոն դրամանոց գույքի համար հարկ չէր վճարվում։ Մենք արձանագրում ենք, որ սա սկզբունքային սխալ մոտեցում էր, որովհետեւ քաղաքացի-պետություն հարաբերությունը պետք է կարգավորվի կոնկրետ բանաձեւով։ Այդ կոնկրետ բանաձեւը նշանակում է նաեւ համընդհանուր վերաբերմունք պետական եւ տեղական բյուջեի նկատմամբ։ Մի քիչ կարող է կոպիտ հնչի, բայց սովորաբար պետական բյուջեի նկատմամբ 2 վերաբերմունք կա, երբ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է, ըստ էության, կորսված փող։ Սա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել