Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք, որ մայիսի 31-ին դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ 2020 թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները:
Այդ կապակցությամբ դեսպան Թումանյանը հատուկ ընդգծեց գազ-էլեկտրաէներգիա փոխանակման կարևորագույն ծրագրի առնչությամբ նոր պայմանագրի (կամ փոփոխությունների) հրատապ ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հայկական կողմի համապատասխան առաջարկություններն ամիսներ առաջ ներկայացվել են ԻԻՀ նավթի նախարարություն:
ՀՀ դեսպանը նաև հավելեց, որ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում գործունեության հուսալիության և արդյունավետության առումով Իրան-Հայաստան գազամուղը շահեկանորեն կարող է տարբերվել մյուս հարևան երկրների հետ Իրանի ունեցած համատեղ գազամուղերից, ինչը լրացուցիչ խթան կարող է լինել այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացման համար:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացման խնդիրներին՝ այդ թվում ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների ներդրման միջոցով:
Զրուցակիցները պայմանավորվեցին կազմակերպել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ԻԻՀ նավթի նախարարությունների միջև տեսակոնֆերանս, որի ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին առնչվող համաձայնագրի դրույթները, և կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության այլ խնդիրներ:
comment.count (0)