hetq.am: Հունիսի 9-ին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան անցկացրեց Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ: Հայաստանը խորհրդում ներկայացնում է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային կենսաբանության և վիրոսաբանության լաբորատորիայի ղեկավար Զավեն Կարալյանը: Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է միավորել ջանքերը կարևորագույն գիտական խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու, փորձի փոխանակման և կադրերի պատրաստման գործում: Այս մասին հաղորդում է գիտությունների ակադեմիայի տեղեկատվական ծառայությունը:
Նիստի ընթացքում Վիրուսաբանության գիտական խորհրդի համանախագահներ ընտրվեցին Ռուսաստանի Ի. Մեչնիկովի անվան պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Զվերևը, Չինաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրեն Գաո Ֆուն, Բելառուսի Գիտությունների ազզգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Կիլչևսկին:
COVID-19 համավարակի խնդիրը ճանաչվեց Վիրուսաբանության գիտական խորհրդի գործունեության օրակարգային հարց:
Հայաստանում ստեղծվում է COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ, որում ընդգրկվում են ԳԱԱ-ի, առողջապահության նախարարության «Հիվանդությունների և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և ԲՈՒՀ-երի մասնագետներ:
comment.count (0)