armenpress.am: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը. տեղաբնիկությունից մինչև փախստականություն» խորագիրը կրող գիտաժողովը, որի նպատակն է քննարկել Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայության խնդիրները՝ վեր հանելով պատմական արդարության վերականգնման, բռնագաղթած հայերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության կողմից կազմակերպված գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ փախստականների իրավունքների պաշտպանությունը, բռնագաղթերը և իրավական հիմնախնդիրներն, ինչպես նաև էթնոժողովրդագրական փոփոխությունների ու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը։
Գիտաժողովի բացմանը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ այն հիմնականում նվիրված է ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող հայության պատմությանը և նրան, թե ինչպես է տեղաբնիկ ժողովուրդը ստիպված եղել լքել հայրենի տարածքները, որտեղ բնակվել է հազարամյակների ընթացքում:
«Ցավոք սրտի, այդ տարածքները՝ Շիրվանը, Գարդմանը, Նախիջևանը ոչ միայն հայկական բնակչությունից է զրկվել, այլ նաև այսօրվա ադրբեջանական իշխանությունների ջանքերի շնորհիվ՝ հայկական հետքից է առհասարակ զրկվում: Ադրբեջան պետությունը ստեղծման առաջին իսկ օրվանից իր առջև խնդիր էր դրել դուրս մղել հայությանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից: 1918-20 թվականների ընթացքում և′ Շիրվանի, և′ Գարդմանի, և′ Նախիջևանի տարածաշրջաններում իրականացվեցին տեղի հայ բնակչության կոտորածներ, շատ հայեր ստիպված եղան լքել իրենց բնակության վայրերը և փախստական դառնալ»,-նկատեց Ռոբերտ Ղազարյանը՝ հիշեցնելով, որ նույնը կրկնվել է նաև 1988, 1988-1990 թվականների ընթացքում, երբ արդեն Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և այլ վայրերի հայության կոտորածները:
Ղազարյանի դիտարկմամբ՝ հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել այդ տարածքները և տեղափոխվել Խորհրդային Հայաստան ու այլ վայրեր։
‹‹Փաստորեն, էթնիկ զտումների և ցեղասպանության հետևանքով այսօր Ադրբեջանի տարածքում ոչ մի հայ չի մնացել, սակայն այդ պետությունը, նրա իշխանությունները, այդ հանցանքները կազմակերպած անձինք մինչ օրս դեռ պատասխանատվության չեն ենթարկվել մարդկության դեմ իրենց իրագործած հանցանքների համար։ Կարծում եմ, որ մենք այսօր կարող ենք անդրադառնալ նաև այնպիսի հարցերի, որոնք են, օրինակ՝ հայության վերադարձը միջազգային երաշխիքների ներքո իրենց պապենական հողերը, բացի այդ, իմ կարծիքով, փախստական դարձած հայերը և նրանց ժառանգները իրավունք ունեն ստանալ փոխհատուցում իրենց կորցրած գույքի և ունեցվածքի համար: Էական նշանակություն ունի մեզ համար նաև ուսումնասիրել և քննարկել փախստականների իրավական, տնտեսական, սոցիալական և ժառանգության պահպանման հիմնախնդիրները։ Այս և նման այլ հարցերի քննարկումը կլինի առանցքային մեր այսօրվա գիտաժողովում››,-ասաց Ռոբերտ Ղազարյանը՝ հավելելով, որ ‹‹Գեղարդ›› գիտավերլուծական հիմնադրամի կողմից պատրաստվել և պատրաստվում են նյութեր այս հարցերի վերաբերյալ, կազմակերպվում են միջոցառումներ:
Նա նաև տեղեկացրեց, որ ‹‹Գեղարդ›› գիտավերլուծական հիմնադրամի կայքում ստեղծված է հատուկ բաժին՝ նվիրված Արևելյան Այսրկովկասի՝ մասնավորապես Շիրվանի տարածաշրջանի հայկական բնակավայրերին, որտեղ համառոտ տեղեկատվություն է տրվում նաև տեղի հայկական հուշարձանների մասին, որոնք, ցավոք սրտի, այսօր ոչնչացվել են ադրբեջանական իշխանությունների կողմից։
‹‹Նախատեսում ենք նաև սկսել շարք՝ Նախիջևանի տարածաշրջանի հայկական բնակավայրերի մասին››,-եզրափակեց ‹‹Գեղարդ›› գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը՝ հաջող ընթացք մաղթելով գիտաժողովին:
Գիտաժողովում ողջույնի խոսք ասաց նաև Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, ‹‹Գարդման-Շիրվան-Նախիջևան›› համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը՝ մասնակիցներին հիշեցնելով պատմական իրադարձությունների ընթացքը:
‹‹1988-1992 թվականներից Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում բնակվող հայությունը ենթարկվեց պատմության ամենասոսկալի իրադարձություններից մեկին՝ էթնիկ զտման և բռնի տեղահանման: Հայության հանդեպ ադրբեջանական ռասիզմն ամենևին նորություն չէր տարածաշրջանի պատմության մեջ։ Խորհրդային տարիներին ժողովուրդների եղբայրությունը միայն նոսր լավատեսությամբ էր ծածկում առկա խնդիրները։ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանությունը և դրան հասցեագրված բազմաշերտ բռնությունները ցրեցին եղբայրության մասին պատկերացումները: Ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղահայաց կերպով կազմակերպվեցին և իրականացվեցին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերը և կոտորածները, Գարդմանի հայկական բնակավայրերի նկատմամբ բռնությունները, սպառնալիքները, տեղահանումը։ Սակայն հայության ամբողջական տեղահանումից հետո ադրբեջանական իշխանությունները շարունակեցին պայքարը հայության հոգևոր, ազգային կենսագործունեության նյութական վկայությունների, հայկական մշակութային լանդշաֆտի դեմ՝ ուղղակի ոչնչացնելով այն, մինչդեռ պատմական Նախիջևանը իրավամբ հանդիսանում է հայկականության բնօրրաններից մեկը, որի վկայությունն էր այստեղ առկա հայկական պատմամշակութային հզոր շերտը դեռևս 1905-1906 թվականներին, իսկ ավելի արմատական կերպով 1918-1920 թվականներին Նախիջևանի հայությունը ենթարկվեց բռնագաղթի, համատարած կոտորածների, թալանի, բռնությունների››,-նշեց Վիլեն Գաբրիելյանը՝ շեշտելով, որ հենց այս շրջանից է, որ Նախիջևանի ժողովրդագրությունը սկսեց էական փոփոխություններ կրել՝ հանգեցնելով քաղաքական արդյունքների։
Նրա խոսքով՝ այդուհանդերձ, ավելի քան 1 դար անհրաժեշտ եղավ ադրբեջանական կառավարություններից՝ վերացնելու հայկական ներկայությունը Նախիջևանում։ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ գարդմանահայությունը ևս անմասն չի մնացել ադրբեջանական ռասիզմի քաղաքականությունից նաև խորհրդային տարիներին: Նա նկատեց, որ բազմաթիվ են վկայությունները այն մասին, թե ինչպես էին ադրբեջանական իշխանությունները թե′ տեղական, թե′ կենտրոնական իշխանության մարմինների մակարդակով՝ ճնշում հայկականության բոլոր դրսևորումները։
‹‹Մեծ էր հայերի ավանդը հատկապես Բաքվի նավթաարդյունաբերության ոլորտում, որում ներգրավված հայ արդյունաբերողները դեռևս 19-րդ դարի վերջից հաջողությամբ մրցակցում էին համաշխարհային նավթաշուկայում, սակայն հայության ներդրումը Բաքվի՝ որպես կայսերականության կենտրոնի կայացման գործում բնավ չի սահմանափակվում միայն նավթաարդյունաբերության մեջ խոշոր ներգրավվածությամբ, այլ տարածվում է Բաքվի քաղաքային կյանքի այլ ոլորտներում՝ կրթությունից մինչև արվեստ և մշակույթ››,-ասաց Վիլեն Գաբրիելյանը՝ մատնանշելով, որ մինչ օրս Բաքվում կանգուն են հայ ճարտարապետների ձեռամբ կառուցած շինությունները, որոնք վերածվել են ժամանակակից Ադրբեջանի պետական և հասարակական կարևոր կառույցների, թեև դրանց հայկականության մասին համառորեն լռում են նույն այդ պետական և հասարակական մարմինները:
ԱԺ պատգամավորի դիտարկմամբ՝ հայության կենսագործունեությունն ինչպես Բաքվում, այնպես էլ պատմական Շիրվանի մնացյալ հատվածում անհնար էր բնորոշել կայուն և բնականոն զարգացմամբ, մասնավորապես վերջին հարյուրամյակում, երբ մի քանի անգամ Շիրվանի հայությունն, իրապես, կանգնել է գոյութենական սպառնալիքի առաջ:
‹‹Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայաթափումը ոչ միայն հանցագործություն է տվյալ երկրամասերի հայության բնական իրավունքների դեմ, ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլև հանգեցրել է հայության այդ հատվածների կենցաղի ու ավանդական սովորույթային հավաքական միջավայրի կորստին։ Նման իրողությունների ֆոնին պատմական անցյալի բազմաշերտ ուսումնասիրությունը, նորովի մեկնաբանությունը և դրանց թիրախային գնահատականները մերօրյա տարածաշրջանային պատմաքաղաքական իրողությունների հոլովույթում մեծ կարևորություն և գիտագործական արժեք ունեն››,- նշեց Վիլեն Գաբրիելյանը՝ նկատելով, որ միջազգային հանրության առաջ այսօր ծառացած ամենասուր խնդիրներից մեկը փախստականության խնդիրն է, որը, ցավոք, 21-րդ դարում դեռևս հնարավոր չի եղել հասնել միջազգային իրավական այնպիսի համակարգի ստեղծման, որն անհնար կդարձներ փախստական երևույթի առաջացումն առհասարակ, թեև միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ ամրագրում են մարդու իրավունքների անխախտելիությունն ու բարձրագույն արժեք լինելը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)