ՀԱՄԱՎԱՐԱԿԻ[ց] ՀԵՏ[ո]  [Challenge 9.1 | Արփի Մանուսյան]
22:21 - 12 հունիսի, 2020

ՀԱՄԱՎԱՐԱԿԻ[ց] ՀԵՏ[ո] [Challenge 9.1 | Արփի Մանուսյան]

Մանուսյան Արփի

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 
Ապագայի մտածումը՝ առկախված անորոշության պայմաններում

 

Ապրիլի կեսերին առիթ եղավ զրուցել Covid-19 համավարակի մասին տարածաշրջանային մի մեդիա հարթակի համար։ Մոտ երկու ամիս անց, անհամար մեդիա հոսքերի և վարակի շեշտակի ծավալման համատեքստում, առանց որոնման համակարգերի օգնությանը դիմելու, մեծ դժվարությամբ եմ մտաբերում, որ զրույցի օրերին միջինում ի հայտ էր գալիս 50 վարակակիր։ Այս համեմատաբար ցածր ցուցանիշը, առողջապահական ոլորտի արդյունավետ գործառնությունը, համավարակի «ավարտի» շուրջ խորհելու, ինչպես նաև փլուզվող համաշխարհային տնտեսության պայմաններում «համավարակն իբրև տնտեսական հեղափոխության հնարավորություն»[1] դիտարկող  դիսկուրսը գործոններից մի քանիսն էին, որ թույլ էին տալիս ապավինել քաղաքական կառավարող շրջանների՝ ճգնաժամը արդյունավետ կառավարելու ռեսուրսներին, ինչպես նաև հանրային պատասխանատվությանն ու ողջախոհությանը։

Այս հոդվածում կանդրադառնամ համավարակի նախնական շրջանում հանրայինի և մասնավորի փոխհարաբերման, հանրային համերաշխության և հոգատարության ձևակերպումներին ու շեշտադրումներին (թեև դրանք իրականացվում էին ոչ հետևողական և ոչ համակարգային), ինչպես նաև համավարակի սրացման հետևանքով հանրային համերաշխության դիսկուրսի խնդրահարույց փոխակերպումներին։ Այս հարցերի հընթացս քննարկումը կհանգի հանրային հասարակագիտության, մասնավորապես՝ հանրային սոցիոլոգիայի, զարգացման հրամայականին՝ որպես հրատապ սոցիալ-քաղաքական խնդիրների վերլուծության և հանրայնացման անհրաժեշտ դիտանկյուն։

Համաշխարհային ճգնաժամի մասնիկ Հայաստանի դրությունն իր ողջ բարդությամբ հանդերձ համավարակի սկզբնական ալիքի ժամանակ թվում էր առնվազն կանխատեսելի։ Առաջ եկող սոցիալական, տնտեսական և մշակութային փոփոխությունները տեղում դառնում էին մտորման առարկա՝ հարաբերելով դրանք ինքնամեկուսացած և սոցիալական շփումները սահմանափակած աշխարհի տարբեր անկյուններից հնչող հանրային և քաղաքական գործիչների խոսքին, որն ուղղված էր մոտ ապագայում հետքովիդյան աշխարհը մտածելուն։

Covid-19-ի ճգնաժամը ընդարձակեց ավելի լավ ժամանակների մասին երևակայելու տարածքը՝ փոխակերպելով մարդկային պատկերացումները աշխարհի և այդ աշխարհում մարդու կյանքի մասին[2]։ Այս իմաստով է, որ ճգնաժամը սխալ կլինի ըմբռնել իբրև զուտ առողջապահական․ այն խաթարում է սոցիալական հարաբերությունները, ազդում արտադրության եղանակների և պետությունների դերի վրա, հարցադրում նեոլիբերալ գլոբալիզացիան[3]։

Եթե ընդհանրացնենք, ապա ապագայի շուրջ մտորումները երեք մեծ ուղղությամբ էին։ Մեկը դիտարկում էր այս փոքրիկ գոյացությունն իբրև «նոր նորմալ»-ի կամ սոցիալապես ավելի արդար և բարեկեցիկ հասարակարգի կառուցման ակամա ազդակ։ Մյուսը ելնում էր ներկայիս նեոլիբերալ կապիտալիստական համակարգի բարձր կենսունակության ու իներցիայի ուժի, լայն առումով՝ հաստատված համաշխարհային կարգը կոտրելու բարդության դիտանկյունից։ Երրորդն առավելապես կապված էր երկրորդ ուղղության հետ և շեշտադրում էր քսաներորդ դարի վերջին գերմանացի սոցիոլոգ Ուլրիխ Բեքի մշակած «ռիսկի հասարակության» կոնցեպտի թերևս ամենակարևոր կողմը․ աղետները և ճգնաժամերը հակված են սասանելու ժողովրդավարության հիմքերը՝ վտանգելով արտակարգ դրության կառավարման տրամաբանությունը դարձնել նորմ, լեգիտիմացնել ավտոկրատացումը՝ «վատթարագույնը կանխարգելելու» դրույթից ելնելով[4]։

Այս ընդհանրացված մտածումների միջև, իհարկե, ընկած էին խոսակցություններ մեծ ու փոքր փոփոխությունների, մշակութային հարցերի վերամտածման, հանրային, քաղաքական ու տնտեսական ոլորտներում առաջնահերթությունների վերաիմաստավորման անհրաժեշտության շուրջ։

Առաջնահերթությունների փոփոխության և նոր քաղաքական հեռանկարի ծիրում նախ և առաջ դրվեց հանրային և մասնավոր ոլորտների փոխհարաբերման հարցը՝ հանրային շահի առաջնադասման ակնկալիքով։ Հանրային շահը այս համատեքստում հղում էր համապարփակ հանրային առողջապահական համակարգի ներդրմանը, գործավճարային անկայուն աշխատաշուկայի կարգավորմանը, համավարակով պայմանավորված խոցելի խմբերի՝ բուժաշխատողների, սպասարկման ոլորտի բազում աշխատողների համար արժանապատիվ աշխատապայմանների ստեղծմանը, կամ, այլ կերպ ասած, սոցիալապես արդար հասարակարգ կառուցելու հրամայականին։

Երկրորդ, հանրային համերաշխության և հոգատարության գաղափարները հայտնվեցին որոշ հանրային-քաղաքական քննարկումների առաջնաբեմում։ Դրանք ձևակերպվում էին որպես անհրաժեշտ սոցիալական օրակարգ, որ նաև բխում էր հանրային շահի կարևորման կարիքից և ինչու ոչ՝ 2018 թ․ հեղափոխական օրակարգից։ Համավարակի դեռևս ոչ շատ մռայլ օրերին հանրային համերաշխությունն ու հոգատարությունը ձևակերպվում էին իբրև համավարակի տեսանկյունից խոցելի խմբերին (հատկապես՝ տարեցներին, աղքատներին,  բուժաշխատողներին, սպասարկման ոլորտի աշխատողներին) օգնելու պատասխանատվություն և պատրաստակամություն։

Հայաստանում հանրային և մասնավոր ոլորտների փոխհարաբերման, հանրային համերաշխության և հոգատարության հարցերի, լայն իմաստով՝ սոցիալական արդարության շուրջ կառուցվող դիսկուրսները ունեն իրենց փորձն ու պատմությունը, բայց դրանք, ինչպես ցույց տվեց համավարակի ճգնաժամը, ավելի լուսանցքային են և երերուն հողի վրա, քան կարելի էր երևակայել։ Այդ խոսակցությունները մնացին գլխավորապես Ֆեյսբուքում՝ համավարակի, ինչպես նաև քաղաքական (ընդդիմադիր և քվազի ընդդիմադիր) դաշտի լարմանը զուգընթաց գրեթե հետնաբեմ մղվելով։ Այս համատեքստում ակնբախ դարձավ, որ չնայած ճգնաժամային դրությունը մեծապես դրդում է նման բարդ հարցերի մտածմանն ու վերաիմաստավորմանը, սակայն կենսագործման տեսանկյունից պահանջում է ավելին, քան հանրային խոսքն է, հատկապես, երբ այդ խոսքը մնում է այս օրերին աղմուկով լի ֆեյսբուքյան հարթակում։

 

Փոփոխվող հանրությունը՝ փոփոխությունների հենարանի ակնկալիք

 

Այսպիսով, թափ առնող համավարակը փոխեց հարցի դրվածքը․ ինչպե՞ս կարող ենք այլ [ավելի լավ] աշխարհի մասին մտածել, երբ եղածում ապրելը մարտահրավեր է մի քանի առումներով՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական և մշակութային։ Այս բազմերես մարտահրավերի հետ հարաբերվելու համար առաջ եկավ լեզվի հարցը՝ դրա մասին խոսելու և դրա լրջությունը փոխանցելու տեսանկյունից, սակայն աղետի պայմաններում կարծես թե հետին պլան մղվեց լեզվի, հասկացությունների և մեկնաբանությունների հետ զգուշորեն վարվելու կարևորությունը՝ ռազմականացնելով համաշխարհային առողջապահական, սոցիալական և տնտեսական ճգնաժամը, մեկնաբանելով այն իբրև պատերազմ («Nous sommes en guerre» - «Մենք պատերազմի մեջ ենք», – Emmanuel Macron)[5]՝ «ընդդեմ անտեսանելի, անորսալի թշնամու»[6]։

«Համավարակի ժամանակ, ինչպես պատերազմի ժամանակ» ձևակերպումը տեղայնացվեց նաև հայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում՝ չնայած համավարակի ճգնաժամը որպես նոր հնարավորություններ ստեղծող իրադրություն ներկայացնելու սկզբնական փորձերին։ Այս փոխակերպումը տեղի ունեցավ, երբ, մի կողմից, ակներև դարձան համավարակի դեմ պայքարի լեզվի և հաղորդակցային եղանակների անհետևողականություններն ու անարդյունավետությունները և վարակի թափ առնող աճը, իսկ մյուս կողմից՝ պատերազմական հղումները հաճախացան մեդիա և քաղաքական դաշտի լարումների աճին զուգընթաց։ Համավարակի մասին կեղծ լուրերի լայն շրջանառումը, հակաժողովրդավար և ռևանշիստական խմբերի կողմից նույն գործին լծված ֆեյսբուքյան էջերի քայքայիչ գործունեությունը, ընդդիմադիր և քվազի ընդդիմադիր դաշտում իրավիճակին անհամարժեք՝ հանրային շահը ոտնահարող և նեղ սնափառության օրակարգերից դրդված գործունեությունը երևան բերեցին համավարակի դեմ պայքարում մասնագիտական, քաղաքացիական խմբերի նախաձեռնողականության, ռեսուրսների համախմբման, առողջ հանրային բանավեճի հարթակներ ունենալու իրական հիմնախնդիրները։  

Հանրային համերաշխության և հոգատարության դիսկուրսը հընթացս փոխակերպվեց իրավիճակի մեղավորների և պատասխանատուների փնտրտուքի դիսկուրսի։ Եվ կրկին հասարակական բարքերը ու անհատական վարքը դարձան հանրային-քաղաքական (հիմնականում՝ ֆեյսբուքյան) քննարկման առանցքը և թիրախը՝ ստվերում թողնելով այդ բարքի և վարքի փոփոխության (ինստիտուցիոնալ) պայմանների, գործիքների և մեխանիզմների հարցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի երկուսին իր էջում հրապարակեց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների լուսանկարը ավտոբուս նստելիս։ Լուսանկարի նկարագրությունն ասում էր․ «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»[7]։ Բիզնեսի կողմից շահագործվող, ոչ արժանապատիվ աշխատապայմաններում աշխատող, սոցիալապես անապահով կանանց մեղադրելու տոնայնությունը առաջ բերեց շատերի արդարացի զայրույթը։ Փոխարենը վարչապետը կարող էր հարցը դիտել և ներկայացնել ֆաբրիկայի սեփականատիրոջ սոցիալական անպատասխանատու և շահագործող քաղաքականության տեսանկյունից՝ մասնավոր դեպքի վրա ցույց տալով, որ մարդկանց վարքի վրա հաճախ ազդում են ինստիտուտների առաջադրած պայմանները։

Հանրայինը՝ իբրև բարիք և ընդհանուր շահ, իբրև համատեղ պատասխանատվություն, իբրև քաղաքացիական փոխօգնություն և փոխգործակցություն․ Հայաստանում այս հասկացությունները շրջանակվել են և մտածվել համեմատաբար նեղ միջավայրերում, և լայն իմաստով չեն դարձել հանրային գիտելիք և ամենօրյա պրակտիկա՝ օժանդակելու հիմնախնդիրների, աղետների կամ ճգնաժամերի հաղթահարմանը (եթե նկատի չառնենք քաղաքացիական և քաղաքական պայքարների առանձին դրվագները, կամ 2018 թ․ հեղափոխությունը)։ Ընդհակառակը, տեսանք, որ ճգնաժամը սրում է հասարակական խոցելիությունները և ընդգծում մարտահրավերները: Վարքային փոփոխությունները, որոնք խորքային հանրային փոփոխությունների իրական ներուժով լի են՝ երկարատև ջանքի և նոր տիպի աշխատանքի, ինստիտուցիոնալ և համակարգային մեխանիզմների կարիք ունեն և չեն կարող բավարարվել միայն կամ առավելապես խոսքային հրահանգ-ազդակներով և քաղաքական գործիչների կոչերով և հորդորներով։

Այս համատեքստում իրավագիտակից քաղաքացու օգնությամբ «անպատասխանատու քաղաքացիների» կողմից հակահամաճարակային կանոնների խախտումն արձանագրող լուսանկարների հրապարակումը վարչապետ Փաշինյանի էջում, վիճահարույց  կարծիքների արժանացավ։ Ինձ համար հատկապես խնդրահարույց է պատասխանատու հանրային վարքի կերտման մեթոդի ընտրությունը, որը մնում է «մեր հասարակությանը շատ բնորոշ ամոթանքի ռեժիմում»[8] (եթե նույնիսկ անմիջական նպատակը ամոթանք տալը չէ) և ընտանեվարության սկզբունքով համավարակի համատեքստում հանրային համերաշխություն կառուցելու  քաղաքականությունը։

Լուսանկարները (հարսանիքներից, թաղման արարողություններից, վերջին զանգի տոնախմբություններից, հանրային տրանսպորտից, փողոցից, հանրային վայրերում մարդաշատ կուտակումներից) քննարկվեցին տարբեր դիտանկյուններից․ թե՛ իբրև մարդկանց անձնական կյանքի իրավունքը խախտող, թե՛ հանրությանը «գործ տալու» պրակտիկային դրդող, թե՛ սեփական պատասխանատվությունը հանրության վրա դնելու, թե՛ հանրային պատասխանատվությունն ու վերահսկողությունը բարձրացնող արշավ։

Կուզենայի կանգ առնել այս արշավի ընթացքում վարչապետ Փաշինյանի մի գրառման վրա․ «․․․լուսանկարները ուրիշների մասին չեն, մեր մասին են», «…Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով և վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները», «…Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց», «…#ՀայաստաննԻմՕջախնԷ, #ԺողովուրդնԻմԸնտանիքնԷ»[9]:

Հանրության հանդեպ անհատական պատասխանատվության խթանման անհրաժեշտությունն առաջ եկավ հենց այն պատճառով, որ մենք՝ Հայաստանում ապրողներս, նույն ընկալումներն ու վարքագիծը չունենք: Չնայած համընդհանուր մշակութային հետնախորքին՝ ունենք տարբեր դիրքորոշումներ կանոններին և օրենքներին հետևելու առումով։ Բազմազան են նաև մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է անհատական գործողությունը ազդում մեկ ուրիշի, իսկ ավելի լայն՝ հանրային կյանքի կամ հանրային խնդրի վրա։

Համերաշխության օջախային մոդելը ոչ միայն բավարար չէ, այլև կարող է հակասել հանրային համերաշխության սկզբունքին․ վերջինս շատ ավելի բարդ է, քան օջախային համերաշխությունը, որը հաճախ հենված է սեփական նեղ շահի և բարօրության առաջնադասման վրա։ Թիրախավորման, ամոթանքի կամ ընտանեկան պատվախնդրությանը հղող մոտեցման միջոցով կարելի է հասնել սոցիալական վարքի ժամանակավոր փոփոխության, սակայն պետություն-հասարակություն, պետություն-քաղաքացի առաջադեմ հարաբերություններ հաղորդակցելու կամ կառուցելու տեսանկյունից այն թակարդային է։

Բացի այդ հայաստանյան ընտանեկան հարաբերություններին (հատկապես՝ ծնող-երեխա, տատիկ-թոռ, պապիկ-թոռ) այդքան բնորոշ ամոթանքի տրամաբանությունը ընտանիքների ներսում լռեցնում է խնդիրների, կարծիքների բարձրաձայնման հնարավորությունը և ձևավորում է ոչ թե պատասխանատվության վրա հենված համերաշխ, այլ ենթակայական մթնոլորտ։

Բազմաշերտ հասարակությունը մեկ ընտանիքի մոդելում նույնացնելու, համահարթեցնելու, միասնականացնելու գայթակղիչ մոտեցումները՝ հանրային տարբեր շերտերը ճանաչելու, նրանց ընկալումները և բազմազանությունները հաշվի առնելու փոխարեն, նվազեցնում են ներփակ հասարակություններում ինքնանդրադարձի հնարավորությունները՝ է՛լ ավելի խորացնելով վրա հասնող փոփոխություններից ինքնապաշտպանվելու մղումը։ Պատասխանատու հանրություն կերտելու միջոցով սոցիալ-մշակութային փոփոխություններին ձգտելը, իհարկե, կարող է քաղաքական օրակարգ լինել և երկարաժամկետ իմաստով գուցե նաև՝ համավարակային ճգնաժամը հաղթահարելու արդյունավետ ռազմավարություն, եթե փոփոխվեն նաև հանրության և հանրայինի հանդեպ քաղաքական դիսկուրսներն ու մոտեցումները և հանրության հետ հարաբերման քաղաքական տեխնոլոգիաները։

Այս տեսանկյունից մեծ անելիք և ասելիք ունի հասարակագիտությունը՝ (արդի հանրային սոցիոլոգիան)՝ հետազոտելու և վերլուծելու ճգնաժամով (և ոչ միայն) պայմանավորված սոցիալական փոփոխությունները և փոփոխությունների ձախողումները՝ նպաստելով այդ փոփոխությունների շուրջ հանրային գիտելիքի ձևավորմանն ու առողջ բանավեճին։ Հանրային գործընթացներին մասնակցելու, դրանցով մտահոգ լինելու և հանրային շահի տեսանկյունից արվող սոցիոլոգիական ուսումնասիրություններն այսօր առավել քան անհրաժեշտություն են։ Հանրային հասարակագիտությունը Հայաստանում կարող է դառնալ այն տեղերից մեկը, որ ոչ միայն կհարցադրի հանրային կյանքի մասին հաճախ անքննելի թվացող և ըմբռնվող հասարակական և քաղաքական ճշմարտությունները, այլև վերաձևակերպված եղանակով կվերադարձնի հանրությանը՝ իր իսկ մասին գիտելիքը, ինչի մի համեստ փորձ է նաև այս հոդվածը։

Հետգրություն․ «Մարտահրավեր» եմ նետում Ռուզաննա Գրիգորյանին՝  հուսալով, որ նա այս դժվար օրերին ցանկություն և ժամանակ կունենա գրելու համավարակի այս կամ այն երեսի, կամ հոդվածում նրան հետաքրքրող այլ հարցի շուրջ։

[1] 1in.am. (2020, մարտ 18). Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան. վերցվել է՝ https://www.1in.am/2720077.html։

[2] Sagot, M. (2020, May 26). Death, social control and the possibility of welfare in the times of Covid-19. Retrieved from https://www.opendemocracy.net/en/democraciaabierta/muerte-control-social-y-las-posibilidades-de-bienestar-en-tiempos-del-covid-19-en/.

[3] Նույն տեղում։

[4] Schmidt, C. (2020, March 24). The COVID-19 crisis and risk society in the second modernity. Retrieved from https://japantoday.com/category/features/opinions/the-covid-19-crisis-and-risk-society-in-the-second-modernity.

[5]  Pietralunga, C., Lemarié, A. (2020, 17 mars). « Nous sommes en guerre » : face au coronavirus, Emmanuel Macron sonne la « mobilisation générale ». Le Monde.
https://www.lemonde.fr/politique/article/2020/03/17/nous-sommes-en-guerre-face-au-coronavirus-emmanuel-macron-sonne-la-mobilisation-generale_6033338_823448.html

[6] Նույն տեղում։

[7] Փաշինյան, Ն․/Pashinyan, N. (2020, հունիս 2). https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2653077458345966/?type=3&theater:

[8] Հախվերդյան, Ն․ (2020, հունիս 5). «Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում է լինել «հայրիկի» դերում»․ հարցազրույց Սոնա Մանուսյանի հետ․ Media.am. Վերցվել է՝ https://media.am/hy/sona-manusyan-interview/։

[9] Փաշինյան, Ն․/Pashinyan, N. (2020, հունիս 5). https://www.facebook.com/nikol.pashinyan/:


Արփի Մանուսյան
«Սոցիոսկոպ» ՀԿ, սոցիոլոգ, հետազոտող


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել