Այն վարորդները, ովքեր պարբերաբար խախտումներ են անում, նրանք ընդհանրապես երթևեկությունից պետք է հեռացվեն․ Նիկոլ Փաշինյան
07:33 - 11 հուլիսի, 2019

Այն վարորդները, ովքեր պարբերաբար խախտումներ են անում, նրանք ընդհանրապես երթևեկությունից պետք է հեռացվեն․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ վերջերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարներին և ճանապարհատրանսպորտային պատահարներին։

«Ոստիկանությունում օրենքի նոր նախագիխծ է մշակվել, ըստ որի՝ կարգազանց վարորդներին ընդհանրապես պետք է զրկել վարորդական իրավունքից։ Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար խախտումներ են անում, նրանք ընդհանրապես երթևեկությունից պետք է հեռացվեն։ Օրենքի նախագիծը ԱԺ ում է, և պետք է քննարկենք, որ հնարավորինս շուտ այս նախագիծը ընդունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին նշեց, որ ոստիկանությունը պետք է լինի առավելագույնս խիստ և ուշադիր։

«Իհարկե ավտոմեքենաների աննախադեպ թիվ կա, որը բերում է նոր մարտահրավերներ։ Ոստիկանությունը ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի։ Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել»,- ասաց նա։

Վալերիյ Օսիպյանն արձագանքեց, որ ոստիկանությունը փորձում է ամեն ինչ անել, բայց իրենց գործառույթների մեջ կան իհարկե թերացումներ։ Նա նշեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարները տարեց տարի միտում ունեն աճելու և պատճառները բազմաթիվ են։ Դրանցից մեկն ըստ Վալերիյ Օսիպյանի նաև տեխզննումն է։

«Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը ձևական բնույթ է կրում։ Տեխզննում փաստացի չի իրականացվում։ Ամեն օր ինձ զեկուցում են, որ տրանսպորտային միջոցը կորցրել է կառավարումը և ընկել է ձորը։ Այսինքն՝ մենքենան գտնվել է անսարք վիճակում»,- ասաց ոստիկանապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել