Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Երևան քաղաքում: Մասնավորապես մշտադիտարկումների աշխարհագրությունն ընդգրկել է Դավթաշեն վարչական շրջանը և հարակից Զովունի համայնքը:
Դավթաշենի շինանյութի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկվել է անգամ շինանյութի խանութ, որի մուտքի մոտ տեղադրված է եղել հաճախորդների ախտահանման խցիկ, ինչպես նաև կազմակերպված է եղել հաճախորդների պարտադիր ջերմաչափման և ձեռքերի ախտահանման գործընթաց: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման որոշ թերացումներ արձանագրվել են հագուստի վաճառակետերի շրջանում, որոնք այդուհանդերձ, մեծ թիվ չեն կազմել:
Արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են Զովունիում տեղակայված գազալցակայաններին ու բենզալցակայաններին, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները, ինչպես նաև դիմակների ու ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանները: Փակցված չեն եղել նաև դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկներ:
Պարետատան սահմանած նորմերի խախտումներ թույլ տված տնտեսվարողները հընթացս վերացրել են խախտումների հիմնական մասը: Նշված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ստուգումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:
comment.count (0)