Ժանգոտած «Մոսկվիչ»-ն ու 4 սենյականոց բնակարանը նույն գույքահարկն են վճարում, նման բան չի կարող լինել․ Գեւորգյան
 |armtimes.com|
22:06 - 24 հունիսի, 2020

Ժանգոտած «Մոսկվիչ»-ն ու 4 սենյականոց բնակարանը նույն գույքահարկն են վճարում, նման բան չի կարող լինել․ Գեւորգյան |armtimes.com|

armtimes.com: Ժանգոտած «Մոսկվիչ» ավտոմեքենան եւ 4 սենյականոց բնակարանը Երեւանի ծայրամասում նույն գույքահարկն են հիմա վճարում։ Նման բան չի կարող լինել։ Եթե լսենք, այն քննադատողներին, որ ասում են գույքահարկը չպետք է փոխել, պիտի ընդհանրապես ոչ մի բան չանենք։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով սպասվող գույքահարկի ռեֆորմներին։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագիծը, որով նախատեսվում է 4 տարվա ընթացքում աստիճանաբար գույքահարկը մոտեցնել գույքի ներկա շուկայական արժեքներին։ 

ՀԺ-ն Հայկ Գեւորգյանի հետ զրուցել է գույքահարկի ռեֆորմի եւ դրա ազդեցության մասին։  

- Պարո՛ն Գեւորգյան, ընդդիմադիր դաշտը խոսում է, թե գույքահարկը բեռ է դառնալու քաղաքացիների համար։ Ինչքանո՞վ է այդ տեսակետը համապատասխանում իրականությանը։

- Գույքահարկի որոշակի բարձրացում կլինի, բայց հիմնական հիմնական ազդեցությունը կլինի թանկարժեք գույքի վրա։ Օրինակներ ունենք, որ գերթանկարժեք, մեղմ ասած ճոխ առանձնատները մի քանի անգամ ավելի շատ գույքահարկ են վճարելու սրա արդյունքում։ Իսկ մնացած գույքերի դեպքում, որոնք ճոխ չեն, կա՛մ բարձրացում չի լինելու կա՛մ այն շատ չնչին է լինելու։

- Օրինակ է բերվում, թե Երեւանի Կենտրոնում ապրող թոշակառու տատիկը ի վիճակի չի լինի գույքահարկը վճարել եւ ըստ էության այստեղ առանձնացված մոտեցում չկա։ Ձեր պատկերացմամբ արդյո՞ք միայն հարուստ խավը բնակարան ունի Կենտրոնում։ Եվ արդյո՞ք իշխանությունը սոցիալապես վատ ապրող, բայց Կենտրոնում բնակարան ունեցող քաղաքացուն առաջարկում է վաճառել բնակարանը եւ այլ վայրում գնել, որպեսզի քիչ գույքահարկ վճարի։

- Գիտեք շատ գեղեցիկ է հնչում, թե Կենտրոնում այդպիսի խնդիր կա։ Ամբողջ աշխարհում այդպես է՝ կան հարուստներ եւ ոչ հարուստներ. դուք կարո՞ղ եք ցույց տալ ժամանակակից, լավ զարգացող որեւէ քաղաք, որտեղ Կենտրոնում ապրում են ոչ հարուստները, իսկ արվարձաններում, օրինակ՝ Բանգլադեշում, Նուբարաշենում, Շենգավիթում, Էրեբունիում հարուստները։ Նման բան չկա ամբողջ աշխարհում։

Ինչ վերաբերում է թոշակառուին. եթե թոշակառուի բնակարանի տարեկան գույքահարկը բարձրանում է 2 հազար դրամով, ապա չպետք է մոռանալ, որ նա 2020 թվականից ամսական շուրջ 5 հազար դրամով կամ տարեկան 60 հազար դրամով ավելի շատ թոշակ է ստանում։

Գույքահարկը չի գնում պետական բյուջե, այդ գումարը գնում է համանքային բյուջե։ Այսինքն դա ուղղակիորեն գնում է տարածքների բարեկարգման, կտուրների վերանորոգման, լուսավորության, կանաչապատման ծախսերի վրա։ Այսինքն այդ գումարը վճարում ես, որպեսզի բարեկարգ շրջապատ ունենաս բնակարանիդ շուրջ։ Արժե՞ դա վճարել, թե՞ չարժե. սա է խնդիրը։

- Հաշվի առնելով, որ մի շարք տնտեսվարողներ գործունեություն են ծավալում վարձակալական տարածքներում, այս դեպքում նրանց բեռը եւս կավելանա, քանի որ վարձատուի համար գույքահարկի չափը փոխվում է։ Ձեր պատկերացմամբ գույքահարկի ռեֆորմը ինչպե՞ս է ազդելու բիզնեսի վրա։  

- Իհարկե, թանկարժեք խանութների, ռեստորանների, շենքերի գույքահարկը կբարձրանա։ Բայց գույքահարկի մասին օրենքով տարբերակված են տնտեսվարողները, կա որոշակի տարանջատումներ։ Բայց չի կարող օրինակ՝ Հրապարակի վրա գտնվող խանութը այնքան գույքահարկ վճարել, որքան՝ Հարավարեւմտյան թաղամասում գտնվող խանութը։ Չի կարող Կենտրոնում գտնվող խանութի ապրանքն ավելի էժան լինել, քան Բանգլադեշում։ Մեզ քննադատողները ուզում են գնալ համաշխարհային տենդենցին հակառակ։ Բայց սա հարյուր տարի է կա։ Հյուրանոցը՝ Լոնդոնի, Պրահայի, Փարիզի կենտրոնում ավելի թանկ է, քան արվարձանում։ Բա, եթե այնտեղ թանկ է նա չպիտի՞ ավելի շատ վճարի համայնքն ավելի լավը դարձնելու համար։

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել