Քաղաքացիներն ուզում են կոռուպցիայից զերծ երկրում ապրել, բայց դրա հանձնառությունից հաճախ խուսափում են․ Լենա Նազարյան |armtimes.com|
07:23 - 15 հուլիսի, 2019

Քաղաքացիներն ուզում են կոռուպցիայից զերծ երկրում ապրել, բայց դրա հանձնառությունից հաճախ խուսափում են․ Լենա Նազարյան |armtimes.com|

armtimes.com: Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը: Վարչապետն ընդգծել է, որ այսօր միանշանակ է եւ աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում եւ տեղի չի ունենում այն ծավալներով եւ արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին:

Փաշինյանը մեկնաբանել է, որ իրավիճակն այսպիսին է առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացած կառուցակարգերի բացակայության պատճառով:

Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին: ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանի հիմնավորմամբ՝ չպետք է միավորել բնույթով երկու՝ էապես տարբեր գործառույթներ, մասնավորապես՝ հայտարարագրերի ընդունման եւ կոռուպցիոն գործերով նախաքննության իրականացնելու եւ օպերատիվ-հետախուզական գործառույթները:

Իսկ նոր ռազմավարությունը ենթադրում է նաեւ հակակոռուպցիոն պետական կառույցների ցանցի ընդլայնում. կստեղծվեն մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի դատախազության կազմում առկա վարչությունը, որը բաժանված է լինելու առանձին մասնագիտացված վարչությունների՝ տնտեսական, բարձրաստիճան պաշտոնյաների գործերով զբաղվող եւ այլն։

Իսկ կոմիտեն, ըստ ամենայնի, գործելու է Հատուկ քննչական ծառայության փոխարեն․ ՀՔԾ-ն լուծարվելու է եւ իր, Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, հարկային եւ մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը փոխանցվելու են հենց այս Հակակոռուպցիոն կոմիտեին: Կոմիտեի ծառայողների կատարած հնարավոր հանցագործությունների նախաքննությունն էլ իրականացնելու է ԱԱԾ-ն:

Հակակոռուպցիոն այս մարմնի ստեղծման անհրաժեշտության, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի մեխանիզմների եւ թեմայի վերաբերյալ այլ հարցերի մասին զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։

-Տիկին Նազարյան, Հայաստանը միշտ կոռուպցիայի կանխարգելման ինչ֊որ հայեցակարգեր, խորհուրդներ է ունեցել, բայց, փաստացի, այդ խորհուրդները չեն աշխատել, իսկ հեղափոխությունից հետո առանց որեւէ կոնկրետ մարմնի գոյության՝ երկրում համակարգային կոռուպցիան վերցել է քաղաքական կամքի առկայության շնորհիվ։ Այս պայամաններում չե՞ք կարծում, որ եղած իրավապահ համակարգը կարող է իրականացնել այն գործառույթը, որը տրվելու է նոր ստեղծվելիք մարմնին, որքանո՞վ կա հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը։

- Կոռուպցիան վերացել է միայն կառավարման վերին օղակներում։ Իհարկե, դա շատ մեծ ազդեցություն է ունեցել, որպեսզի ստորին օղակներում նույնպես կոռուպցիան նվազի։ Օրինակ, հարկային տեսուչը հիմա տնտեսվարողին չի կարող ասել, որ իր ուզած կաշառքը բաշխվում է մինչեւ երկրի ղեկավարը, որովհետեւ նրան ոչ մեկը չի հավատա եւ ցանկացած օրինապահ տնտեսվարող հեշտությամբ կարող է պաշտպանվել կոռուպցիայից՝ իրավապահ մարմիններին հայտնելով դրա մասին։

Սակայն, չեմ բացառում, որ ինչ֊ինչ ծառայություններ մատուցող պետական մարմիններում դեռ մնացել են արկածախնդիրներ ու դեռ գործարկում են հնից սովոր կոռուպցիոն պրակտիկաները։ Ինչպես ասում են՝ ձեռքերը սովոր են, չեն կարողանում հետ պահել։ Հենց երեկ ԱԱԾ֊ն հայտարարություն տարածեց, որ Վճռաբեկ դատարանի մի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառք վերցնելու պահին։

Մնում եմ զարմացած, թե ինչ են մտածում մարդիկ այդ քայլի գնալով։ Վաղ թե ուշ հայտնվելու են բանտում․ այդ մարդիկ չունեն քաղաքական հովանավորություն, նրանք խաղում են իրենց ճակատագրի հետ։ Հիմա, ինչ վերաբերում է հակակոռուպցիոն մարմիններին․ ես հավատացած եմ, որ միայն քաղաքական կամքը բավարար չէ ու անհրաժեշտ են հստակ գործառույթներով, լիազորություններով, գործիքակազմով, անկախության ու հեղինակության բարձր մակարդակ ունեցող հակակոռուպցիոն կառույցներ։ Եվ կառավարությունը գնում է այդ ուղղությամբ։

Արդեն իսկ հանրային քննարկման համար հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2020 թվականների միջոցառումների ծրագիրը, որտեղ սահմանված ժամանակատավածում նշված են հակակոռուպցիոն մարմինների ստեղծման փուլերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացնելու է հակակոռուպցիոն կրթություն, իրազեկում, պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրություն։

Հանձնաժողովի անդամներին պետք է ընտրի խորհրդարանն այս տարի։ Իսկ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն իրականացնելու է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները։

Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում եւ այդ ապակենտրոնացումն արդյունավետ չէ։ Եվ ռազմավարությամբ կստեղծվի մասնագիտացված, անկախության երաշխիքներով եւ անհրաժեշտ գործիքակազմով օժտված մեկ մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որը կիրականացնի բացահայտումները։ Այս մարմինը գործողությունների ծրագրի համաձայն պետք է ձեւավորվի 2020 թվականին։

- Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող ի՞նչ պահանջներ ու չափորոշիչներ են լինելու, այս մարմնի անդամների թեկնածուները մինչեւ նշանակումը վեթինգի ենթարկվելո՞ւ են։

- Անկասկած, կոմիտեի քննիչները պետք է ոչ միայն բարեվարքության չափանիշներին համապատասխանեն, այլ նաեւ մասնագիտական բարձր կարողություններ ունենան։ Քանի որ արդեն ասացի, որ հակակոռուպցիոն գործերով քննչական գործառույթներն այլ իրավապահ մարմիններից կենտրոնացվելու են այդ մի կոմիտեում, չափազանց կարեւոր է, որ այն արժանանա հանրային ամենաբարձր վստահությանը։

Հակառակ դեպքում կկործանվի ոչ միայն այդ կոմիտեն, այլեւ երկար ժամանակ պետք կլինի վերակառուցումներ անել եւ նորից մտածել, թե որ կառույցն է զբաղվելու բացահայտումներով։ Իսկ ձախողված փորձի հետեւանքները հիասթափություն ու էլ ավելի բացասական երեւույթներ կառաջացնեն։

Ի դեպ, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ կոռուպցիոն գործերը քննելու է ԱԱԾ֊ն, եթե այդպիսիք լինեն։ Ասեմ, որ բավականին լավ ռազմավարություն է մշակված։ Այն շատ հստակ է, կոնկրետ գործողությունների ժամանակացույցով եւ քաղաքական կամքի առկայությունը ուղղակի կարեւորագույն երաշխիքն է, որ ռազմավարությունը գործնականում իրականացնի նախանշած նպատակը, այն է՝ 0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ։

Ավելին՝ armtimes.com-ում

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել