Եվրամիությունը տեխնիկական պատճառով է հրաժարվել «Աստրազենեկայից». Հայաստանի վրա դա չի անդրադառնա․ Լենա Նանուշյան |1lurer.am|
21:50 - 11 մայիսի, 2021

Եվրամիությունը տեխնիկական պատճառով է հրաժարվել «Աստրազենեկայից». Հայաստանի վրա դա չի անդրադառնա․ Լենա Նանուշյան |1lurer.am|

1lurer.am: Եվրամիություն-«Աստրազենեկա» տարաձայնությունները չեն անդրադառնա Հայաստանում այդ պատվաստանյութն ստացած կամ պատվաստվել ցանկացող քաղաքացիների վրա: Շատերը մտավախություն ունեն, թե «Աստրազենեկայի» առաջին դեղաչափն ստանալուց հետո, եթե երկրորդ խմբաքանակը չներկրվի, կարող են կանգնել խնդրի առաջ: Մինչդեռ առաջին դեղաչափն ստանալուց հետո երկրորդը պարտադիր է:

Առողջապահության փոխնախարարը վստահեցնում է՝ մտահոգության առիթ չկա: Միջնորդ հարթակի՝ «Կովաքս Ֆասիլիթիի» հետ, որը Հայաստանին աջակցում է պատվաստանյութերի ձեռք բերման հարցում, արդեն պայմանավորվածություն կա, երկրորդ և հաջորդ խմբաքանակներն անպայման կլինեն Հայաստանում:

Լենա Նանուշյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ - Կոչ եմ անում մեր բոլոր բնակիչներին, ովքեր ստացել են կամ պատրաստվում են ստանալ «Աստրազենեկայի» առաջին դեղաչափը, չմտահոգվել: Երկրորդ դեղաչափն անպայման հասանելի է լինելու իրենց համար ևս:

Եվրամիությունը հրաժարվել է «Աստրազենեկայի» հետ պայմանագիրը երկարաձգել՝ պատվաստանյութը ժամանակին չմատակարարելու պատճառով: Խնդիրը տեխնիկական է՝ պարզաբանում է Լենա Նանուշյանը:

Լենա Նանուշյան - Որևէ ձևով դեղերի գրանցման միջազգային կարգավորիչ մարմինները բացասական չեն ներկայացնում «Աստրազենեկայի» մասին որևէ տեղեկություն:

Այսօրվանից Հայաստանում սկսվել է չինական պատվաստանյութի բաշխումը պոլիկլինիկաներին: Երկու-երեք օրից կսկսվեն նաև կորոնավակի ներարկումները: Ցանկության դեպքում չինական պատվաստանյութով կարող են պատվաստվել ռիսկի որևէ խումբ չներկայացնող, 18 տարին լրացած անձինք: Սա վերաբերում է նաև «Աստրազենեկային»: Ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութով այս պահին կարող են պատվաստվել միայն ռիսկի խմբերի՝ 18-54 տարեկան քաղաքացիները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել