«Այս տարի Սևանա լճի ծաղկման պրոցեսը ուշ սկսեց, շուտ էլ վերջանալու է». ՇՄՆ պաշտոնյաները ներկայացրին լճի կանաչումը սահմանափակելու համար կատարված աշխատանքները |tert.am|
13:40 - 29 հուլիսի, 2020

«Այս տարի Սևանա լճի ծաղկման պրոցեսը ուշ սկսեց, շուտ էլ վերջանալու է». ՇՄՆ պաշտոնյաները ներկայացրին լճի կանաչումը սահմանափակելու համար կատարված աշխատանքները |tert.am|

tert.am: Կախված եղանակային պայմաններից՝ այս տարի Սևանա լճի ծաղկման պրոցեսը մի քիչ ավելի ուշ սկսեց և շուտ էլ վերջանալու է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

«Սևանա լճում ունենք վատ էկոլոգիական վիճակ, հատակամերձ շերտում թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակությունը բավարար է, որ ծաղկման պրոցեսները շարունակական լինեն, թափանցիկությունը մինչև 4 մետր է, և այս բոլոր բնութագրական ցուցանիշները վկայում են, որ Սևանա լճում ունենք կենսածին նյութերի բավարար քանակություն: Սա նշանակում է, որ այս պահին լճում վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ»,-ասաց նա:

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը հայտարարեց, թե այսօր Կառավարության կողմից շատ խիստ և հրատապ հանձնարարականներ են տրված՝ ձեռնարկել բոլոր միջոցառումները, ներկայացնել բոլոր ծրագրերը, թե ինչ պետք է անել, որ եկող տարի Սևանում կա՛մ չլինեն կանաչած հատվածներ, կա՛մ շատ քիչ լինեն:

Ինչ վերաբերում է Սևանում լողալու անվտանգությանը, Ջիլավյանը նշեց, թե այն տարածքներում, որտեղ կանաչում առկա չէ, կարելի է լողալ, սահմանափակում չկա: «Փոքր Սևանում, որտեղ հիմնական լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու խնդիր չունենք»,-հավելեց նա:

Անդրադառնալով Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերացման վերաբերյալ խոսակցություններին՝ ՇՄ նախարարի պաշտոնակատարը ասաց, թե պաշարների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: «Մայրական կազմի հետ կապված արդեն ծրագրեր ունենք: Հենց հիմա գործընթացների մեջ ենք, և հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց կողակի մանրաձուկ բաց կթողնենք լիճ»,-նշեց նա՝ հավելելով, թե սիգ ձկնատեսակի պաշարների հետ կապված խնդիրներ չկան:

«Կառավարության որոշմամբ արդեն իսկ նախաձեռնել ենք այս տարվա առաջին արդյունագործական որսը՝ թույլատրելով 200 տոննա սիգի որս իրականացնել: Շուրջ 150 դիմում ունենք, մոտակա 10 օրվա ընթացքում պայմանագրերը կկնքվեն: Որևէ այլ ձկնատեսակի համար օրինական որս չի թույլատրվել»,-ասաց Ջիլավյանը:

Նա նաև հայտնեց, թե այս պահին Սևանա լճում մոտավորապես 50 հա տարածք արդեն իսկ մաքրվել է:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել