Երուսաղեմում հայկական համայնքը շարունակում է կարանտինի մեջ մնալ |azatutyun.am|
19:29 - 02 օգոստոսի, 2020

Երուսաղեմում հայկական համայնքը շարունակում է կարանտինի մեջ մնալ |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելում կորոնավիրուսի պատճառով մահացել է 531 մարդ վարակված 72 հազար 315 քաղաքացուց: Ծայրահեղ ծանր վիճակում է 340 պացիենտ, որոնցից 96-ը միացված են արհեստական շնչառության սարքավորումներին: 26 հազար 153 ակտիվ վարակակիր կա երկրում, որոնցից 771-ը գտնվում են հիվանդանոցներում, իսկ մնացածը` տանը կամ հյուրանոցներում:

Կարանտինի սահմանափակումների թուլացումից անմիջապես հետո երկրում կտրուկ աճեց նոր գրանցված դեպքերի թիվը՝ հուլիսի վերջին օրական կտրվածքով հասնելով գրեթե 2 հազարի, այս վերջին օրերին, սակայն, մի փոքր նվազման միտում է նկատվում: Կառավարությունում նոր մարդիկ են նշանակվել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որոնք դեմ են տնտեսության համատարած փակմանը, սակայն հազարավոր մարդիկ արդեն Իսրայելի անվտանգության ուժերից բջջային հեռախոսներով հաղորդագրություն են ստացել, որ շփվել են վարակակիրների հետ ու պետք է 14-օրյա կարանտին անցնեն: Արդյունքում հսկայական ֆինանսական կորուստներ ունեցան առանց այն էլ 30-40 տոկոսով աշխատող խոշոր տնտեսությունները, որը կրկին միլիոնավոր դոլարների հասնող վնասներ պատճառեց Իսրայելի տնտեսությանը:

Երկրի կենտրոնում հայերի շրջանում, ովքեր հիվանդացել ու կարանտինի մեջ էին, այժմ առողջացել են ու վերադարձել են աշխատանքի: Մահացության դեպքեր մեր համայնքում չեն գրանցվել:

Երուսաղեմում հայկական համայնքը շարունակում է կարանտինի մեջ մնալ. Իսրայելի կառավարության որոշումից մեկ շաբաթ առաջ` մարտի սկզբին, համայնքում կարանտին հայտարարվեց: Պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը պատմում է. 

«Վանք այլևս չէին կարող մտնել ուխտավորներ, զբոսաշրջիկներ, վանքում չբնակվող հայերը կամ առհասարակ որևէ այցելու: Եվ նույնն է այսօր, և այդ մեկուսացումը երբեք չվերցնել, վանքի հենց դարպասը փակ է, ընդամենը փոքր դարպասն է բաց, և ամբողջ ելումուտն այդ փոքր դռնով է իրականացվում»:

Թե՛ առաջին և թե՛ երկրորդ ալիքի ժամանակ պատրիարքարանը խստորեն հետևում է պետության բոլոր հրահանգներին, ու երկու շաբաթ առաջ կառավարությունը կրկին որոշում էր կայացրել 20 հոգուց ավելի հավաքները փակ տարածքներում արգելելու վերաբերյալ:

«Հարգում ենք այդ որոշումը և արարողությունները շատ սահմանափակ թվով մասնակիցներով ենք անցկացնում, իսկ երեկոյան ժամերգություններն ընդհանրապես չենք անում, միայն առավոտյան ժամերգություններն ենք անում, և շաբաթ, կիրակի պատարագներն էլ` ըստ որոշման և ըստ սահմանված մասնակիցների թվաքանակի», - ասաց Պատրիարքարանի դիվանապետը:

Համավարակի և զբոսաշրջության բացակայության հետևանքով Իսրայելի մյուս քաղաքացիների նման էլ հայերը տուժեցին հին քաղաքում, և ովքեր պետական ու մասնավոր սեկտորում էին աշխատում ու հաշվառված էին Ազգային ապահովագրության կենտրոնում, որպես գործազուրկներ նպաստներ ստացան կամ ստանում են, իսկ ովքեր չունեին նման աջակցություն, օգնություն ստացան պատրիարքարանից: Պաղեստինի սահմանների փակ լինելու պատճառով շատ պաղեստինցիներ չեն կարողանում Երուսաղեմ գալ ու մասնակցել հայկական թանգարանի վերանորոգման աշխատանքներին ու աշխատել համայնքում, որի փոխարեն շատ մեր հայրենակիցներ աշխատանքի տեղավորվեցին պատրիարքարանում. 

«Իսկ նրանք, ովքեր սննդի և այլ պարագաների կարիքներ ունեին, պարտիրարքարանը ևս հոգաց նրանց բոլոր կարիքները, նույնն էլ այս շրջանում պետք է լինի, այսինքն` եթե պատրիարքարանը միշտ մեր համայնքին, մեր բնակիչների հոգսերը, կարիքները հոգում է և պիտի այս անգամ ևս հոգա թեթևացնելու համար նրանց բեռը»:

 

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել