Վերջին մեկ ամսվա գործընթացները ցույց տվեցին, որ վերակազմավորման արդյունքում նոր ֆինանսական միջոցներ ձեռք բերած «Լիդիան» ընկերությունը, ամենայն հավանականությամբ, այդ միջոցների որոշակի մաս էլ տրամադրել է ինչ-որ գործողություններ անելու եւ ինչ-որ նպատակներ հետապնդելու համար։ Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, առցանց քննարկման ժամանակ ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը։
Գալստյանի խոսքով՝ վերոգրյալը սկսվել է հունիսի 30-ին, երբ ընկերությունը նոր պահնորդական ծառայության հետ պայմանագիր էր կնքել, նրանք էլ, Գալստյանի խոսքով, վայրենի ձեւով ներխուժել էին տարածք, երեք շան ձագ սպանել իրենց մեքենաների անիվների տակ, զենքերով ու մահակներով ուժի ցուցադրություն արել․
«Որոշակի կոնֆլիկտներ ստեղծելու, դրա հետեւանքով պահապաններին ինչ-ինչ խնդիրների առաջ կանգնեցնելու համար պահնորդները անընդհատ գալիս էին, ճանապարհի եզրին կանգնում, անընդհատ կոնֆլիկտների մեջ էին մտնում։ Վերջին գործողությունն այն էր, որ գիշերով Ամուլսարի պահապանների տնակները ճանապարհի մյուս եզրին տեղափոխեցին, դրանց տեղերում էլ դրեցին իրենց տնակները։ Դա մարդկանց հունից հանեց, եւ երեկ, շատ մեծ քանակությամբ մոբիլիզացիա անելով, մարդիկ գնացին եւ 6-7 ժամ փակեցին այդ ճանապարհը։ Ըստ էության, պահապանները պահանջ դրեցին՝ կարճ ժամկետում տնակները հեռացնել, դրանք 20-30 մետր տանել հեռու․ սա կարճաժամկետ պահանջն էր։ Երկարաժամկետ պահանջն այն է, որ կառավարությունը դուրս գա այս թմրած, ոչ մի արձագանք չտալու վիճակից եւ արտահայտի իր կարծիքը։ Բնականաբար, ժողովրդի կարծիքը արդեն ակնհայտ է՝ ե՛ւ տեղացիների, ե՛ւ Հայաստանի քաղաքացիների, որ այս հանքը չպետք է շահագործվի»,- ընդգծեց բնապահպանը՝ շարունակելով, որ, կամ էլ կառավարությունը պետք է հայտարարի, որ գնում է հակառակ ճանապարհով, որպեսզի հասկանալի լինի, թե ժողովուրդը ինչ է անում։
Գալստյանի խոսքով՝ այս ամենի խորքային պատճառները գալիս են դեռեւս 2008-2009 թվականից, երբ Ջերմուկի բնակիչների իրավունքները խախտվել են, եւ նրանք չեն մասնակցել որոշումների կայացմանը, չեն տվել իրենց համաձայնությունը՝ իրենց քաղաքի՝ տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, բնապահպանական վիճակը փոխելու։ Նրա պնդմամբ՝ չտված համաձայնության պայմաններում այդ գործողությունների իրականացումը բերել է այս հանգրվանին։ Աշխարագրագետը հավելեց, որ այս իրավիճակը լուծում է պահանջում, պահանջում է ժողովրդավարական եւ քաղաքացիների իրավունքների պահպանությամբ լուծում։
Գնդեվազ համայնքի բնակիչ, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ներկայացրեց, թե երեկ ինչպիսի տրամադրություններ են եղել Գնդեվազում․
«Պետք է արձանագրենք, որ այսօր «մենք մերոնցով» ենք քննարկում խնդիրը, եւ պատասխանատու մարմիններից որեւէ մեկը չկա։ Երեկ տրամադրությունները Գնդեվազում բավականին բուռն էին, տեղացի կանայք եւ երեխաները, բոլորը հավքվել էին Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ եւ արժանապատվորեն դիմացան բոլոր վիրավորանքներին ու սադրանքներին։ Պահ կար, որ պահնորդական խմբի ներկայացուցիչները հայհոյանքներ ուղղեցին այդ հատվածում կանգնած բնակիչներին, սադրեցին, բայց բնակիչները սադրանքի չգնացին»,- ասաց Ենոքյանը։ Վերջինս պատմեց, որ դրանից հետո ոստիկանության ներկայացուցիչները մոտեցել են պահնորդական խմբի աշխատակիցներին եւ նրանց միջեւ հրմշտոց է տեղի ունեցել, հարվածներ են եղել՝ անգամ մարզի ոստիկանապետի եւ մի քանի այլ ոստիկանների նկատմամբ։
«Վայոց Ձորի նորանշանակ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որը այդ տարածքում է, ճիշտ է հերքում է, որ իրեն հարվածել են, բայց տեսնողներ են եղել, որ ոստիկանության աշխատակիցներին հարվածել են պահնորդական խմբի աշխատակիցները։ Մենք նկատել ենք, որ իրենք զինված են, երկաթյա շղթաներ ունեն․ իրենք այս սադրանքները մեկ ամիս է՝ իրականացվում են։ Պահնորդական խմբից երկու հոգու բերման են ենթարկել, կարգավիճակի մասին տեղեկություններ չունենք»,- մանրամասնեց բնապահպանը։
Խոսելով գնդեվազցիների տրամադրությունների մասին՝ նա նշեց, որ դրանք հստակ են․ բնակիչները ցանկություն չունեն այդտեղ հանք հանդուրժելու․
«Պետք է ասել, որ պահանջները մի քանիսն են, բայց ամենագլխավոր պահանջը, որը ես երեկ հնչեցրել եմ Շրջակա միջավայրի նախարարության առջեւ, ՇՄԱԳ փաստաթուղթն ուժը կորցրած ճանաչելն է։ Դրան եւ քաղաքացիների պահանջին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ անելիք չունի այդ գործում։ Մինչդեռ, մենք հասկանում ենք, որ այդ խնդրի լուծման բանալին գտնվում է նախարարության իրավասության ներքո։ Իրենք պարզապես շրջանցում են եւ ոստիկանության վրա են դնում ամբողջ բեռը, բայց այստեղ ոստիկանության դերը հասարակական կարգի պահպանումն է, իսկ գլոբալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ՇՄԱԳ փաստաթուղթը ուժը կորցրած ճանաչել»,- շեշտեց Ենոքյանը։
Վերջինս նաեւ նշեց, որ պատասխանատու մարմինների լռությունը կասկածներ է առաջացնում, որ նրանք համաձայն են հանքի շահագործմանը։ Բանախոսն այն կարծիքին է, որ կառավարությունից կամ գոնե Ազգային ժողովից պետք է լիներ մեկը, որը կցրեր այդ կասկածները․
«Իրավական բոլոր հիմնավորումները ներակայացված են ե՛ւ ԱԺ, ե՛ւ կառավարություն, ե՛ւ Շրջակա միջավայրի նախարարություն, այս առումով ամենաթողություն եւ անպատասխանատվություն է։ Տպավորություն է, որ կողք են քաշվել եւ դիտորդի կարգավիճակում հետեւում են, թե ով է հաղթելու այս մարաթոնում, մինչդեռ, մենք գործ ունենք զինված խմբի հետ, իսկ քաղաքացիները խաղաղ եղել են, խաղաղ են եւ չեն տրվելու սադրանքներին»,- եզրափակեց բնապահպանը։
Ասպրամ Փարսադանյան
comment.count (0)