tert.am: Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Բելառուսում ծավալվող ներքաղաքական բուռն իրադարձությունների կիզակետում հայտնված, նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային՝ մի կնոջ, որը «Եվրոպայի վերջին բռնապետին» իշխանությունից հեռացնելու համար իրեն նետել է քաղաքական թոհուբոհի մեջ:
Պարբերականը նշում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին մարտահրավեր նետած Տիխանովսկայան այսպես կոչված «Չեռնոբիլի երեխաներից» մեկն էր, որի առողջական վիճակը տուժել էր 1986թ. Չեռնոբիլում տեղի ունեցած միջուկային աղետից և որը 12 տարեկանում առաջին անգամ Իռլանդիա է մեկնել գյուղական վայրում առողջությունը վերականգնելու նպատակով:
Պարբերականը զրուցել է այն ընտանիքի հետ, որը տասնամյակներ առաջ իր տանը հյուրընկալել է Բելառուսից եկած փոքրիկ Սվետային: Աղջիկը բնակվում էր Միկաշևիչի գյուղում, որն Ուկրաինայի հետ սահմանին մոտ է ու խիստ տուժել է Չեռնոբիլի պայթյունից:
«Որպես երեխա՝ նա շատ խելացի էր և ի տարբերություն հասակակից բրիտանացի երեխաների՝ ավելի շատ գիտելիք ուներ»,-նշել է Տիխանովսկայային հյուրընկալած Հենրի Դինը:
Նա պատմել է, որ, ի տարբերություն ԽՍՀՄ-ից եկած այլ երեխաների, Տիխանովսկայան շատ է մտերմացել իր ընտանիքի հետ ու մի քանի անգամ վերադարձել է Իռլանդիա:
«Նա շատ համեստ ու խոնարհ աղջիկ էր: Ցանկացած տեսակի գործ անում էր, որպեսզի վերադառնա Բրեստ ու ուսում ստանա այնտեղ»,-պատմել է տղամարդը՝ հավելելով, որ Տիխանովսկայան շարունակել է Իռլանդիա վերադառնալ նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն քսանն անց աղջիկ էր:
«Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ երեխա էր, Սվետան բաց էր շփման հարցում ու պատմում էր Բելառուսում տիրող քաղաքական խառը իրադրության մասին: Նա երկարաժամկետ քաղաքական հավակնություններ չունի, սակայն առաջ է նետվել հանուն Բելառուսի ժողովրդի համար ունեցած մտահոգությունների»,- ասել է Դինը։
Առավել մանրամասն՝ tert.am-ում
comment.count (0)