armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ոչ ոքի մի հավատացեք, թե մենք ցանկանում ենք կռվել: Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին ասում եմ բացահայտորեն: «Խաղաղություն ես ուզում`պատրաստվիր պատերազմի»: Դա ես չեմ հնարել: Դա շատ ճիշտ է ասված», - ասել է Լուկաշենկոն ապրիլի 2-ին Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Բելառուսի նախագահի խոսքով՝ հանրապետությունում իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։
«Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, ապա իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», - ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը ոչ ոքի ոչնչով չի սպառնում։
«Մենք կարիք չունենք որևէ մեկին սպառնալու: Մենք ուրիշի հողը չենք ցանկանում, Աստված տա, որ սա մշակենք», - ասել է նա։
comment.count (0)