Ինչպես է դպրոցներում կազմակերպվելու երկարօրյա ուսուցումը. նոր նախագիծ |hetq.am|
12:12 - 14 օգոստոսի, 2020

Ինչպես է դպրոցներում կազմակերպվելու երկարօրյա ուսուցումը. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգ է մշակել։

Կարգը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունը հայտնել է, որ նպատակ ունի տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացները կազմակերպել, արտադասարանական աշխատանքների միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունները զարգացնել, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել:

Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած կարգի՝ դպրոցում երկարօրյա խմբերը կազմակերպվելու են սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա:

Երկարօրյա խմբերը համալրվելու են ըստ կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) կամ զուգահեռ դասարանների: Իսկ ծրագրերը (այդ թվում՝ լրացուցիչ կրթական) հաստատվելու են կրթության պետական լիազոր մարմնի կողմից:

Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական հատկացվելու է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:

Խմբերում մանկավարժական աշխատողի մեկ դրույքի լրիվ ծանրաբեռնվածությունը (պարապմունքներ, միջոցառումներ, հանգիստ, սննդի կազմակերպում) չի գերազանցելու շաբաթական 30 ակադեմիական ժամը:

Երկարօրյա խմբերը ըստ դասարանների կամ կրթական աստիճանի կազմավորելիս մանկավարժի համար սահմանվելու է վճար տվյալ խմբի համար կարգացուցակով սահմանված աշխատանքների դասաժամերի չափով: 

Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը լինելու է 25, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15:

Երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ երեխաների, ուսուցումը կազմակերպվելու է պետական միջոցներով: Խմբերում ընդգրկված մյուս սովորողներին երկարօրյա ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել դպրոցի ֆինանսական միջոցների կամ սովորողների ծնողների կողմից կատարվող մասնակի կամ ամբողջական վճարումների հաշվին:

Երկարօրյա խմբերը ձևավորվելու են մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը և համալրվելու են տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:

«Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, դասապատրաստումներին աջակցմանը, ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը»,- նախագծում նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել