Սլովակիայում Բելառուսի դեսպանը գործող բելառուս դեսպաններից առաջինն է դարձել՝ աջակցություն հայտնելով իր հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին |tert.am|
10:22 - 17 օգոստոսի, 2020

Սլովակիայում Բելառուսի դեսպանը գործող բելառուս դեսպաններից առաջինն է դարձել՝ աջակցություն հայտնելով իր հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին |tert.am|

tert.am: Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան տեսաուղերձ է հղել, որում աջակցություն է հայտնել հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին: Լեշչենյան առաջին գործող բելառուս դեսպանն է, որն իր աջակցությունն է հայտնել բողոքի ակցիաների մասնակիցներին, գրում է tvrain.ru-ն։

Հայրենակիցներին հղած տեսաուղերձում Լեշչենյան հայտարարել է, որ ցնցված է իր համաքաղաքացիների «կտտանքների և ծեծի մասին պատմություններից»:

«Իմ հարյուրավոր հայրենակիցներն իրենց վրա են զգացել, որ իրավապահ մարմինների մի շարք ներկայացուցիչներ 21-րդ դարի հանդուրժող եվրոպական Բելառուսում լիովին վերականգնել են ՆԳԺԿ (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) ավանդույթները»,- ասել է Լեշչենյան:

Նրա խոսքով՝ ուժայինները «փորձում են կանխել դրսից երկրի ներքին գործերին միջամտությունը», սակայն «համախմբված, ուժեղ և արտաքին ազդեցություններին չենթարկվող պետության առանցքային բաղկացուցիչները ժողովրդի կամքի, լեզվի, պատմության և մշակույթի հանդեպ հարգանքն են»։

«Սլովակիայում ես ներկայացնում եմ Բելառուսը և բելառուս ժողովրդին, որը, Սահմանադրության համաձայն, մեր երկրում իշխանության միակ աղբյուրն է։ Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել բելառուսական քաղաքների փողոցներ խաղաղ երթերով, որպեսզի լսելի դարձնեն իրենց ձայնը»,- նշել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ «իր երկրի ապագան հիմնված կլինի հասարակության բոլոր շերտերի և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների դիրքորոշումները հաշվի առնելու վրա»:

Լեշչենյան նաև նշել է, որ ձերբակալված ցուցարարների լուսանկարներից մեկում ճանաչել է իր դստեր համադասարանցուն, որը «հաստատ խռովարարի համբավ չի ունեցել»:

Իգոր Լեշչենյան Սլովակիայում Բելառուսի դեսպանն է 2016 թվականից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել